ՀԵԼԼԱԴԱ, ՔՈ ՈՒԺԸ ՔՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Աթենքի դիվանագիտությունը հիմնականում աշխատում էր երկու ուղղությամբ՝ պարսկական և սպարտական: Եթե ոխերիմ թշնամի Պարսկաստանի հետ ամեն ինչ պարզ էր, և խաղաղ գոյակցության մասին խոսելն իսկ ավելորդ էր, ապա արյունակից Սպարտայի հետ հարկ էր չգժտվել և ամեն գնով լեզու գտնել՝ հանուն համահունական կենսական շահերի: Այս վերջին հարցը բավական խնդրահարույց էր՝ սպարտացիների կոշտ դիրքորոշման, Հելլադայում գերակայություն ձեռք բերելու նրանց հավակնության պատճառով: Իրենց նպատակին հասնելու համար լակեդեմոնացիներն օգտագործում էին յուրաքանչյուր առիթ և հնարավորություն, անգամ ի վնաս ազգային շահերի:

Սպարտացիները, օրինակ, լուրջ հակամարտության մեջ մտան աթենացիների հետ` պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության պաշտպանական կառույցների շինարարությունը՝ պատճառաբանելով, որ եթե պարսիկները դրանք գրավեն, ապա կամրանան այդ կառույցներում և կօգտագործեն իրենց վրա հարձակվելու համար:

Անհիմն հայտարարություն: Բոլոր դեպքերում աթենացիների հայրենասիրական ազնիվ մղումները, նրանց համահունական դաշինք կազմելու վեհ գաղափարը, ինչպես նաև բանակցային դիվանագիտության բարձր մակարդակը տվեցին իրենց պտուղները: Սպարտացիները վերջապես Ատտիկա ուղարկեցին իրենց փառապանծ կռվողներին:

Աթենքի դիվանագետները մաքոքային այցելությունների շնորհիվ 24 պոլիս-պետությունների համոզեցին իրենց զորքերը դնել Համահունական դաշնության տրամադրության տակ: Ցամաքային զորքերի թիվը կազմեց մոտ 100.000: Աթենացիները դիվանագիտական նպատակներով շոյեցին լակեդեմոնացիների փառասիրությունը. զինված ուժերի գերագույն հրամանատար նշանակվեց սպարտացի Պավսանիասը:

Նավատորմի ծովակալներ դարձան աթենացի Քսանթիպոսը և սպարտացի Լևտիքիդեսը: 479 թվականին հույները սկսեցին ռազմական գործողություններ երկու ուղղությամբ: Ցամաքային զորքերը շարժվեցին Մարդոնիոսի դեմ, իսկ ռազմանավերն ուղղություն վերցրին դեպի կայսրության փոքրասիական ափերը:

Բեովտիայում՝ Պլատեայի մոտ, ընդհանուր գծերով կրկնվեց Մարաթոնի ճակատամարտը: Միայն այն տարբերությամբ, որ ճակատամարտի ավարտին պարսկական բանակը դադարեց ֆիզիկապես գոյություն ունենալուց: Մարդոնիոսը սպանվեց: Գերիների թիվն այնքան շատ էր, որ Պավսանիասը հրամայեց բոլորին թրատել: Առանձին դաժանությամբ հաշվեհարդար տեսան պարսիկների կողմից կռվող բեովտիական և թեսալական հունական ստորաբաժանումների հետ:

Հունաստանին սպառնացող պարսկական ռազմական սպառնալիքն ընկրկեց: Հելլենները որոշեցին բոլոր հույների համագործակցությամբ դատաստան տեսնել բարբարոսի հետ: Նրանք արշավեցին Թեբե և պահանջեցին հանձնել սեպարատիզմի կողմնակիցներին, այսինքն` դավաճան հայրենակիցներին: Նրանց սկզբում մերժեցին, բայց ընդհանուր դատաստանի սպառնալիքի տակ դավաճաններին փոխանցեցին Պավսանիասին, որը հրամայեց բոլորին կախել: Հաջողությունը հաջողություն է բերում, հաղթանակը` հաղթանակ:
 
Պլատեայի ճակատամարտի օրը՝ 479 թվականի սեպտեմբերին (կոնկրետ օրը չի նշվում), հույները նշանակալի հաղթանակ ձեռք բերեցին Փոքր Ասիայի առափնյա ջրերում` հոնիական Մյուկալեում:

Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանում հունական նավատորմի` տնից այսքան հեռու նավարկելու նպատակը: Ոմանց կարծիքով՝ հույները ձգտում էին ոտքի կանգնեցնել այդ տարածաշրջանում պարսիկների զավթած հունական գաղութները: Մյուսները պնդում են, թե հելլենները հետապնդում էին ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական նպատակ՝ ջախջախել պարսկական նավատորմը Էգեյան ծովում` զրկելով Քսերքսեսին Հունաստանում մնացած իր զորքերին օգնության հասնելու և հետագայում Աթենքի դեմ մի նոր լայնածավալ արշավանք ձեռնարկելու հնարավորությունից: Այս վերջին շարժառիթն ավելի հավանական է: Իսկ երբ ռազմանավերը խարիսխ գցեցին Դելոս կղզու մոտ, սատրապությունների հելլենները ոգևորվեցին պարսից լուծը թոթափելու հնարավորությունից: Հոնիացիները պատվիրակություն ուղարկեցին հայրենակիցների մոտ` խնդրելով ազատագրել իրենց երկիրը: Հետո հայտնվեցին երեք դեսպաններ Սամոս կղզուց, որոնք հավաստիացրին, որ բավական է հոնիացիները հորիզոնում տեսնեն հելլենական նավատորմը, իսկույն կապստամբեն պարսիկների դեմ: Դեսպանները խնդրում էին փրկել հույներին, պաշտպանել պարսիկներից: Նրանք հավաստիացնում էին, որ հեշտ է դա անել, քանի որ բարբարոսների նավերը վատ են լողում և չեն կարող հելլեններին դիմադրել: Իսկ եթե նրանք կասկածում են, որ հոնիացիները դավ կնյութեն, ապա իրենք պատրաստ են նրանց նավերի վրա պատանդ մնալ: Այնուհետև կատարվեց ծովամարտերի պատմության մեջ հազվագյուտ միջադեպ. Պարսիկները որոշեցին չկռվել ծովում: Նրանք ափ դուրս եկան Մյուկալե լեռան մոտ, նավերը դուրս քաշեցին ջրից և նրանց շուրջը պարիսպ կանգնեցրին, իսկ հետևակը տեղադրեցին պարիսպների և ծովի միջև:
100.000 մարդ` նավատորմի անձնակազմը և ծովային հետևակը:

Լևտիքիդեսի փորձերը՝ ծովամարտ պարտադրել հակառակորդին, անցան անարդյունք: Այնժամ հնարավորինս մոտենալով ափին` նա բարձրաձայն դիմեց հոնիացիներին. «Հոնիացի այրեր, ձեզանից ովքեր լսում են իմ խոսքերը, թող իմանան, քանզի պարսիկները ոչինչ չեն հասկանա իմ առաջարկից: Արդ, երբ մենք սկսենք մարտը, ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի իր ազատության մասին, իսկ հետո իմանա մեր ռազմական նշանաբանը` «Հեբե»»:

Իհարկե, ծովակալը մտածում էր հելլեններին միայն ոտքի հանելու մասին: Նա քաջ գիտակցում էր, որ իր կոչից հետո պարսիկները չեն վստահելու իրենց ծառայող օտարին և կմեկուսացնեն նրանց, ինչը կպակասեցնի նրանց մարտական ներուժը: Այդ հնարքը ժամանակին օգտագործել էր Թեմիստոկլեսը Արտեմիսիոնի ճակատամարտում: Այդպես էլ եղավ: Մարտի ամենաթեժ պահին պարսից զորքերում կռվող հելլեններն ապստամբեցին բարբարոսների դեմ:

Պլատեայի և Մյուկալեի ճակատամարտերը կրկին ապացուցեցին, որ սպարտական հոպլիտների մարտական ոգին և կռվելու տեխնիկան իրենց հավասարը չունեն աշխարհում, և որ աթենական նավատորմը մնում է անգերազանցելի: Այդ ճակատամարտերի նշանակությունը պատմական է: Մարտի ժամանակ դրսևորվեցին հելլենների աննախադեպ միասնականությունն ու միաբանությունը, առանց որոնց զավթիչին դիմակայելը և հաղթելը պատրանք է: Իսկ միաբանության հասնելու համար մեծ է դիվանագիտության դերը: Եվ հելլենները հարգեցին իրենց երդումը. "Ես կմարտնչեմ մինչև մահ, ես ազատությունը կյանքից բարձր կդասեմ, ես չեմ լքի իմ զորավարներին ո՜չ կենդանի, ո՜չ մեռած, ես կկատարեմ իմ հրամանատարների հրամանները և ես անպայման կթաղեմ իմ զենքի ընկերներին, որտեղ որ նրանք ընկնեն”:

Այսպիսով վերջացավ պարսկական պատերազմների առաջին շրջանը: Բայց խաղաղության մասին խոսելը դեռ վաղ էր: Պետք էր մաքրել Թրակիան, ամրանալ փոքրասիական ավազանում, փշրել փյունիկեցիների մեծ ու վտանգավոր ծովային ուժը: Մյուկալեից հետո Լևտիքիդեսը դաշնակցային նավատորմը տարավ դեպի Աբյուդոս` քանդելու Հելլեսպոնտոսի կամուրջը: Բայց այն արդեն չկար:

Այնժամ Քսանթիպոսը ձեռնարկեց առանձին աթենական արշավանք` միայն հոնիացիների և հելլեսպոնտոսյան հելլենների օգնությամբ: Դա հանդուգն գործողություն էր, որի ընթացքում նրանք պաշարեցին Սեստոսը` պարսիկների գլխավոր բազան Քերսենեսոսում:

Պաշարումը տևեց մինչև ձմեռ. պարսիկներին մի կերպ հաջողվեց դուրս գալ շրջափակումից, սակայն կայազորի գլխավոր հրամանատարը և բոլոր բարձրաստիճան սպաները գերի ընկան: Հրամանատարին կախեցին, մյուսներին ազատեցին մեծ փրկագնի դիմաց:

Քսերքսեսը զրկվեց նոր արշավանքի հնարավորությունից: Սակայն պատերազմը Պարսկաստանի դեմ 478 թվականին չավարտվեց: Պարսկական ռազմական ստորաբաժանումները Հելլադայի եվրոպական մասում մնացին մինչև 465 թվականը: Այնպես որ, հարձակման վտանգը կախված էր Հունաստանի վրա, մինչև որ 448 թվականին Աթենքը վերջապես խաղաղության պայմանագիր կնքեց Պարսկաստանի հետ:

Ի՞նչ կարելի է ասել անտիկ աշխարհի ամենամեծ հույն-պարսկական պատերազմի մասին:

Ըստ էության՝ և՜ Հունաստանը, և՜ Պարսկաստանը, լինելով ստրկատիրական համակարգի երկրներ, պայքարում էին իրենց կայսրությունների ծավալապաշտության ու հզորության համար: Սակայն Հունաստանը տարածքներ էր նվաճում համեմատաբար խաղաղ ճանապարհով` տարածելով հելլենիստական մշակույթ, բարձր քաղաքակրթություն և դեմոկրատիա: Իսկ պարսիկները նվաճումը կիրառում էին բարբարոսական մեթոդներով` հրով ու սրով:

Պատերազմը զուտ ռազմական գործողություն չէր երկու կայսրությունների միջև: Այն երկու աշխարհների, երկու քաղաքակրթությունների՝ Արևելքի և Արևմուտքի բախում էր: Եվ եթե Հունաստանն իրենով չպատնեշեր Եվրոպան, դժվար է ասել, թե ինչ կերպ կընթանար պատմությունը:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1725 reads | 19.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com