ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՈՎ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Պարտությունը Սալամիսում շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի և, ամենասարսափելին, իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ամբողջովին ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ամուր խառնվածքին, ի վիճակի չէր տանել: Հեռանա՞լ և կիսա՞տ թողնել այն մեծ գործը, որն իր կյանքի գլխավոր նպատակն էր: Նրա ուժերից վեր էր: Մնալ ևս չէր կարող: Եվ նա ընդունեց սողոմոնյան որոշում. մեկնել՝ հետո վերադառնալու պայմանով: Բանակի հիմնական մասն ու փրկված ռազմանավերը թողնելով իր ամենավստահելի և ուժեղ զորավար Դարեհի փեսա Մարդոնիոսի հրամանատարության ներքո` արքան զորքի մնացորդի հետ ճանապարհվեց դեպի Հելլեսպոնտոս: Մարդոնիոսը ծնրադիր երդվեց արքային "կոտրել հունական ողնաշարը”:

Հետդարձի ճանապարհին Քսերքսեսի բանակը հանդիպեց անասելի դժվարությունների, ինչպես որ լինում է փախչող զավթիչների հետ. անհաց, անջուր, մահացու հիվանդություններ: Ժանտախտը և արնալուծը հնձեցին երեկվա ամբարտավան ու ինքնավստահ նվաճողներին:

Ես նորից ստիպված եմ պարսկական բանակը համեմատել Նապոլեոնի բանակի հետ: Այս անգամ՝ արդեն Ռուսաստանից նահանջելիս: Սակայն ասել, թե Հելլադային սպառնացող վտանգն անցել էր, մոլորություն կլիներ: Ճիշտ է, ծովի վրա հույները հաստատեցին իրենց գերակայությունը, սակայն Մարդոնիոսի գնդերն ասպատակում էին երկիրը` ահաբեկելով խաղաղ բնակչությանը: Բռնակալի դեմ ապստամբեցին Պոտիդեայի հույները: Եռամսյա պաշարումից հետո բարբարոսները գրավեցին Օլինթոս քաղաքը, բոլորին քշեցին ճահիճները և սրի քաշեցին:

Պարտվելով ռազմի դաշտում՝ պարսիկները լարում են դիվանագիտական որոգայթներ` գժտեցնելու համար աթենացիներին և սպարտացիներին: Մնացած պոլիսների դաշնությունը` լինի Սպարտայի թե Աթենքի հետ, նրանց չէր վախեցնում: Միայն թե այդ երկուսը միասին չլինեին: Առաջինը` ծովում, երկրորդը ցամաքում սարսափ էին պատճառում զավթիչներին: Պարսից դեսպաններն արքայի անունից աթենացիներին առաջարկում են անկախություն: Նրանք անգամ պատրաստ են Հելլադայի հետ կազմել միություն, վճարել նրան ռազմատուգանք: Հույները մերժում են: Այնժամ գազազած բարբարոսները նորից են մտնում Աթենք և հրի մատնում, ինչ որ դեռ մնացել էր:

Իսկ ի՞նչ է, աթենացիները հրաժարվե՞լ էին իրենց դիվանագիտությունից: Ամենևին: Հույն դիվանագետների կարևորագույն խնդիրը Սպարտայի հետ հարաբերությունների սերտացումն էր, ամուր միություն կազմելը, որն իր շուրջը կհամախմբեր ողջ հելլենական աշխարհը՝ ընդդեմ արտաքին թշնամու: Անկախությունը, ազատությունը, քաղաքական ինքնուրույնությունը և օտարից որևէ կախում չունենալու հրամայականը անտիկ հույների համար գոյության բարձրագույն կատեգորիաներ էին: Եվ ամեն ինչ ստորադասված էր դրան, այդ թվում և դիվանագիտությունը:

Այսպես՝ պարսիկները հատուկ հանձնարարություններով դեսպան են ուղարկում Աթենք: Այդ առաքելությունն իր վրա է վերցնում Ալեքսանդրը Մակեդոնիայից: (Չշփոթել մեծ զորավարի հետ): Սպարտացիները, իմանալով այդ մասին, իրենց հերթին դեսպաններ են գործուղում Աթենք` վախենալով, որ աթենացիները կարող են համաձայնության գալ պարսիկների հետ, ինչը կործանարար կլիներ Սպարտայի համար: Աթենքյան դիվանագիտությունն անում է ոչ ստանդարտ և խիստ ինքնատիպ քայլ. Նա երկու իրար թշնամի երկրների (Պարսկաստան և Սպարտա) դեսպաններին ընդունում է միաժամանակ և բանակցություններ վարում մեկի հետ` մյուսի ներկայությամբ՝ բաց խաղաքարտերով: Լավ պատկերացնելու համար, թե ինչ տեղի ունեցավ դիվանագիտական նախադեպը չունեցող այդ բանակցությունների ընթացքում, կրճատումներով մեջ բերենք մեզ հասած արձանագրությունը:

Պարսից դեսպանի խոսքը. "…Ինչու՞ այդպես կատաղությամբ պատերազմում եք արքայի դեմ: Հաշտվեք նրա հետ: Քանզի ձեզ համար պատիվ է, որ մեծ արքան, մոռանալով ձեր պատճառած վիրավորանքները, հելլեններից միայն ձեզ հետ է ուզում բարեկամ դառնալ”:

Սպարտայի դեսպանի խոսքը. "Մեզ ուղարկել են լակեդեմոնացիները՝ խնդրելու ձեզ (աթենացիներին–Ա.Ն.), որ վնասաբեր ոչինչ չանեք Հելլադայի դեմ և չընդունեք բարբարոսի պայմանները: Անհանդուրժելի է, որ դուք` աթենացիներդ, նպաստեք հելլենների ստրկությանը: Դուք, որ դեռևս հնուց հայտնի եք եղել որպես ազատարարներ: Դուք, եթե իրոք ողջամիտ եք, չպետք է այդ անեք (նկատի ունի հաշտվելու առաջարկը – Ա.Ն.), քանզի գիտեք, որ բարբարոսները երբեք հավատարիմ չեն, ոչ էլ անկեղծ”:

Աթենքի առաջնորդ Արիստիդեսի պատասխանը պարսից դեսպանին.
"Մենք ինքներս էլ գիտենք, որ մեդացու (նկատի ունի Պարսկաստանից ներխուժած նվաճողներին – Ա.Ն.) ուժը մեր ուժից բազմապատիկ է: Այդուհանդերձ, կառչելով ազատությունից, մենք այն կպաշտպանենք մեր ուժերի ներածին չափ: Իսկ այժմ հաղորդիր Մարդոնիոսին աթենացիների պատասխանը. քանի արևն ընթանում է իր նախկին ուղիով, մենք չենք հաշտվի Քսերքսեսի հետ: Մենք կկռվենք նրա դեմ` ապավինելով աստվածներին և հերոսներին, որոնց տաճարներն ու արձանները նա անողորմաբար հրկիզեց”:

Արիստիդեսի պատասխանը Սպարտայի դեսպաններին. "Լակեդեմոնացիների տագնապը, թե մենք կարող ենք հաշտություն կնքել բարբարոսի հետ, խիստ մարդկային է: Բայց դուք պետք է իմանաք, որ աշխարհում չկա այնքան ոսկի և այնպիսի գեղեցիկ ու բարեբեր երկիր, հանուն որի մենք հարեինք պարսիկներին և Հելլադան մատնեինք ստրկության: Այժմ, նման պայմաններում, շտապ զորք ուղարկեք: Մենք գիտենք, որ բարբարոսը երբ իմանա, որ մենք մերժել ենք իր բոլոր պահանջները, անհապաղ կահարձակվի մեր երկրի վրա”:

Ես այսքան մանրամասն կանգ առա երկու տարբեր պետությունների դեսպանների և աթենացիների միաժամանակյա բանակցությունների վրա այն պատճառով, որ դրանք ձևաչափով անսովոր էին և դուրս են գալիս դասական դիվանագիտության կանոնների շրջանակներից: Աթենացիներն այն աստիճան տարված էին իրենց ազատատենչության և հայրենասիրական գաղափարներով, որ մի կողմ դրեցին դիվանագիտական խաղերը և բաց ճակատով հայտարարեցին աշխարհով մեկ` ծնկի չենք գա ոչ ոքի առաջ, հայրենիքը վեր է ամեն ինչից: Սա միայն հարգանքի է արժանի, և սա ավելին է, քան այն դեմոկրատիան, որը, հույների կարծիքով, իրենց արտաքին քաղաքականության անկյունաքարն էր:

Իսկ հույն-պարսկական դիվանագիտական շփումները վերոհիշյալ բանակցություններից հետո զարգացան հետևյալ կերպ: Պարսիկները կրկին փորձեցին հաշտության եզրեր գտնել հույների հետ և դեսպան Մուրյուքիդեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեցին Սալամիս, որտեղ Աթենքի անկումից հետո ապաստան էին գտել հասարակ ժողովուրդը և Ժողովրդական ժողովն իր ողջ աշխատակազմով: Դեսպանի, ժողովականների առաջ ելույթ ունենալուց հետո խոսք է վերցնում պատգամավոր Լյուկիդեսը և կարծիք հայտնում, որ ավելի լավ է ընդունել պարսիկների առաջարկը: Նրա ելույթն առաջացնում է իշխանավորների և դեմոսի խիստ զայրույթը: Լուրեր են տարածվում, թե նա կաշառված է պարսիկների կողմից: Դա արդեն բավական էր պոռթկման համար: Ամբոխը նրան քարկոծելով սպանում է: Հետո հանդես են գալիս կանայք: Նրանք հարձակվում են խորհրդականի տան վրա և նույն ձևով սպանում նրա կնոջն ու երեխաներին:

Եթե հայ պատգամավորները տեղյակ լինեին Լյուկիդեսի ճակատագրին, հավանաբար առանցքային հարցերի քննարկումների ժամանակ շատ զգույշ կլինեին իրենց արտահայտություններում…
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1150 reads | 13.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com