ՆԱԽ ՈՒՂԵՂՆԵՐԻ, ԱՊԱ ՄԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ ՍԱԼԱՄԻՍՈՒՄ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 




Երբ Քսերքսեսի զորքը մտավ Ատտիկա, երկիրն արդեն դատարկվել էր: Աթենքի Ժողովրդական ժողովի որոշմամբ նավատորմը խաղաղ բնակչությանը տեղափոխել էր ապահով վայր` Սալամիս կղզի, որտեղ և խարիսխ էր գցել հունական ռազմական նավատորմը: Միայն Ակրոպոլիսի տաճարի ծառայողները և նվիրյալների մի փոքր խումբ որոշել էին մինչև վերջ դիմակայել բարբարոսներին: Պարսիկներն առաջարկեցին հանձնվել:



Հույները մերժեցին: Բարիկադներն ընկան: Հույները պատսպարվեցին տաճարում` հուսալով, որ իրենց այդտեղ կխնայեն: Բայց զինվորները լցվեցին ներս, նրանց սպանեցին, տաճարը թալանեցին և ամրոցն այրեցին: Արքայից արքան շտապեց լուր ուղարկել Սուսա, թե էսպես ու էսպես` կատարյալ հաղթանակ եմ տարել, որն այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Աթենքը դեռ ողջ Հելլադան չէր: Բացի այդ՝ նա գրավել էր ոչ թե ծաղկուն, Հին աշխարհի մարգարիտ-քաղաքը, այլ նրանից մնացած ավերակներն ու մոխրակույտերը` առանց մարդկանց: 1812 թվականին նույն բանը կրկնվեց Նապոլեոն Բոնապարտի հետ՝ Մոսկվայում:

Սակայն արշավանքի ելքը դեռ առջևում էր: Այն վճռվելու էր ոչ թե ցամաքում, այլ ծովի վրա: Այդպես էին ցանկանում հույները, և նրանք կարողացան ուզածը պարտադրել արքային: Կռվել ոչ թե բաց ծովում, այլ նեղուցում, որից պարսիկները վախենում էին, ինչպես սատանան՝ կրակից: Հույներին կարելի էր հասկանալ. արքայի 1200 միավորի դիմաց նրանք ունեին ընդամենը 380-ը: Այս հարաբերակցությունն ինքնին նրանց հուշում էր մարտական գործողությունները ծավալել սահմանափակ տարածքում: Կար մեկ ուրիշ կարևոր հանգամանք ևս. Հունական նավերի ռազմական և տեխնիկական ցուցանիշները գերազանցում էին պարսկական նավերինը, իսկ որ հույն, մասնավորապես աթենացի նավազների պրոֆեսիանալ մակարդակն անհամեմատ բարձր էր, քան բարբարոսներինը, կասկած չէր հարուցում: Աթենացիների հետ կարող էին համեմատվել միայն փյունիկեցիները, որոնք առաջատարն էին (ֆլագման) պարսից նավատորմում:

Արքան ցանկանում էր ձեռք գցել Հունաստանի ռազմական ներուժը, իսկ հույները կռվում էին այն չկորցնելու, իրենց անկախությունը պահելու, տվյալ պարագայում՝ գոյատևելու համար: Սակայն մահացու վտանգի դեմ հանդիման գլուխ բարձրացրեց հույների ազգային ամենամեծ թերությունը՝ անհամաձայնության ոգին: Իսկ բացի միասնության և միաբանության միանշանակ անհրաժեշտությունից՝ կային այլ կարևոր հանգամանքներ նույնպես: Ուժերի անհամաչափությունը (ասիմետրիա) և ընդհանուր հոգեբանական մթնոլորտը հուշում էին, որ սպասվող ճակատամարտի բախտը որոշվելու էր ոչ թե զենքով, ոչ թե ստանդարտ, դասական մեթոդների ճանապարհով, այլ խորամանկության և հնարամտության շնորհիվ:



Այսպես էր դատում հունական միացյալ նավատորմի ամենախորաթափանց և տաղանդավոր ծովակալ Թեմիստոկլեսը: Սակայն նրա բոլոր ջանքերը` հռետորական արվեստը, համոզեցուցիչ փաստարկները, սպառնալիքները, կարծես թե մնում էին ձայն բարբառո հանապատի Սալամիսում հավաքված դաշնակիցների համար: Նրանց մի մասը պարզապես վախեցած էր ահռելի ուժի դեմ հանդիման և ուզում էր հեռանալ իր պոլիսը և այնտեղ դիմակայել թշնամուն, մյուսները վհատված էին Աթենքի անկումից և մտածում էին հանձնվել արքային՝ հուսալով արժանանալ նրա ողորմածությանը, անգամ շահութաբաժին ունենալ. նա գիտեր դաժան պատժել, բայց գիտեր նաև արքայավայել նվիրաբերել: Հույների ռազմական խորհուրդն աշխատում էր օր ու գիշեր՝ առանց որևէ արդյունքի: Պարսիկներն իրենց հերթին ՙմուկն ու կատու՚ էին խաղում նրանց հետ: Քսերքսեսի հարյուրավոր նավեր պտտվում էին կղզու շուրջը, մեկ մոտենում էին, մեկ էլ հետ քաշվում, ասես առաջարկում էին թուլակամներին. ՙԲաժանվեք դաշնակցային նավատորմից, հեռացեք, քանի ուշ չէ: Իսկ եթե որոշել եք նավամարտ սկսել, խնդրեմ, դուրս եկեք բաց ծով՚: Պարսիկները վստահ էին, որ այդ դեպքում իրենք հեշտությամբ կջախջախեն հույներին: Իսկ լավագույն տարբերակն արքայի համար այն կլիներ, որ հունական դաշինքը հենց Սալամիսում փլուզվեր, և աթենացիները մնային մենակ, լավագույն դեպքում՝ էգինացիների հետ, որից հետո նրանց երգը կարելի կլիներ երգված համարել:

Պարսկական հետախուզությունը Սալամիսում աշխատում էր երկու ուղղությամբ. հասնել հունական միացյալ նավատորմի փլուզմանը և զորքին ենթարկել հոգեբանական ուժեղ ճնշման: Այդ նպատակի համար, փառք աստվածներին, կային արքայի ՙբաց հաշիվը՚ և առատ խոստումները:
Իսկ Թեմիստոկլեսն իր խաղն էր խաղում յուրայինների հետ և որոգայթներ լարում թշնամու դեմ: Նա, իհարկե, մեծ ռիսկի էր գնում, և ծրագրածը տապալվելու դեպքում հելլեններն ու պարսիկները մրցելու էին նրա գլխի համար: Իսկ ի՞նչ էր ուզում ծովակալը: Նա ձգտում էր ընդամենը մի բանի՝ նավամարտ պարսիկների հետ: Եվ քանի որ յուրայինները չէին ուզում կռվել, նա պետք է պարտադրեր նրանց: Ինչի՞ վրա էին հիմնված նրա հաշվարկները, որքանո՞վ էին դրանք ռեալ և ի՞նչ հետևանքներ կարող էին ունենալ: Մենք հիմա կտեսնենք:

…Գիշերվա թանաքե խավար քողի տակ հունական տրիերեսից աննկատ պոկվեց և նույնքան էլ աննկատ անցնելով պարսկական ռազմանավերի արանքով՝ մայրցամաք հասավ մի մակույկ, որը թիավարում էր Սիկինոս անունով մեկը: Նա Թեմիստոկլեսի երեխաների դաստիարակն էր եղել, նրա նախկին ստրուկը, որին ծովակալն ազատություն և քաղաքացիություն էր շնորհել: Պե՞տք է նշել, որ Սիկինոսը կուրորեն նվիրված էր նախկին տիրոջը և շան պես հավատարիմ էր:

Երբ նա ափ դուրս եկավ, անմիջապես տարան բարձրաստիճան հրամանատարության մոտ, որին նա հայտնեց հետևյալը: «Ինձ ուղարկել է աթենացիների զորավարը (Թեմիստոկլեսը–Ա.Ն.) մյուս հելլեններից գաղտնի, քանի որ նա արքայի կողմնակիցն է և կամենում է, որ առավելապես ձեր գործերը հաջողվեն, քան հելլենների գործերը: Հելլենները ահաբեկված են և մտադիր են փախչել: Այժմ դուք լավագույն հնարավորությունն ունեք մեծագույն սխրանք կատարելու, եթե թույլ չտաք, որ նրանք փախչեն: Նրանք համերաշխ չեն և չեն դիմադրի ձեզ»:

Թեմիստոկլեսը, բացի տաղանդավոր ռազմագետ լինելուց, ըստ երևույթին լավ հոգեբան էր. նա արքայից արքային հրամցրեց այն, ինչը որ պարսիկը կուզեր լսել և ընդունել որպես ճշմարտություն:

Ցանկալին ներկայացվեց իրականության սկուտեղի վրա: Տարօրինակ է թվում, սակայն պարսիկները հավատացին և խայծը կուլ տվեցին: Հենց նույն գիշեր պարսկական ռազմական մեքենան գործի դրվեց: Առաջին հերթին նրանք 400 առաջնակարգ դեսանտայիններ իջեցրին Պսիտալիա կղզյակ` Սալամիսի և մայրցամաքի միջև՝ խստիվ պատվիրելով առանց բացառության սպանել բոլոր հույներին, որոնք, ռազմանավերից թափվելով ջուրը, փրկություն կփնտրեն: Արքայից արքան կարգադրեց իր ոսկե բազկաթոռը տեղադրել կղզյակի ուղիղ դիմաց` ատտիկյան ափի բարձրակետում, որտեղից հոյակապ տեսարան էր բացվում ռազմական թատերաբեմի վրա: Նա պատրաստվում էր ըմբոշխնել իր զենքի հաղթանակը: Արևմտյան թևում գտնվող ռազմանավերը շարժվեցին դեպի Սալամիս: Ծով դուրս եկան Կինոսուրա հրվանդանի և Քիոսի մոտ խարիսխ գցած նավերը: Նավատորմիղը (արմադա) այնքան մեծ էր, որ տարածվել էր մինչև Մունիքիոն` աթենական նավահանգստի այդ կարևոր ռազմավարական կետը: Պարսիկներին ենթակա եգիպտական նավախումբը (200 միավոր) օղակեց Սալամիսի հարավային ափն այն նկատառումով, որ եթե հույները նահանջեն այդ ճանապարհով, փակեն արևմտյան նեղուցի նեղ բերանը: Մյուս ռազմանավերը` կազմած երեք խումբ, պետք է հսկեին արևելյան նեղուցը: (Եգիպտացիները, ի դեպ, այդպես էլ չմասնակցեցին ճակատամարտին և դավաճանեցին Քսերքսեսին):

Արքան որոշել էր կիրառել հետևյալ բավական պարզունակ մարտավարությունը: Եթե հույները նահանջեն Էլիսի ծովածոց, պարսիկները փակում են երկու ելքը դեպի ծով, զորքն իջեցնում են Սալամիս, գրավում են այնտեղ տեղադրված ռազմածովային բազան և ստիպում թշնամուն անձնատուր լինել: Իսկ եթե հելլենները որոշեն ծովամարտի մեջ մտնել (ինչին կասկածում էր արքան, բայց չէր կասկածում, որ դաշնակիցնրը լքելու են աթենացիներին), ապա նրանց նավատորմից կմնան բեկորներ, մեկ էլ դիակներ:

Այդպես էր մտածում արքայից արքան: Սակայն ուրիշ բան էին մտածում և ծրագրում հելլենները: Նախ` հունական դաշինքի անդամները, որոնք գրեթե պատրաստ էին ստորագրելու ՙամուսնալուծության՚ արձանագրությունը, երբ տեղեկացան, որ պարսիկները երեքշաբաթյա սպասումներից հետո որոշել են հարձակվել և փաստորեն շրջապատել են իրենց, կտրուկ փոխեցին դիրքորոշումը և պատրաստվեցին կռվի: Սա շատ հետաքրքիր և խորհրդավոր պահ է:

Եվ ահա, արևը չծագած` հունական ողջ նավատորմն անցավ նեղուցի հյուսիսային մասը և թաքնվեց թշնամու աչքից: Այդտեղ հույները մի քանի զուգահեռ շարք կազմեցին՝ ամենաարագընթաց նավերի քթերն ուղղելով դեպի հարավ: Դիրքավորվելիս նրանք հաշվի առան պարսիկների նավերի դասավորվածությունը, որի մասին ստույգ տեղեկություն էին ստացել ռազմական հետախուզությունից:

…Արևի առաջին ճառագայթները բարձրանալուն պես սկսվեց անտիկ աշխարհի ամենամեծ և բախտորոշ ծովային ճակատամարտը: Պարսկական նավատորմիղը շարժվեց առաջ: Նեղուցի կեռմանը թույլ չէր տալիս տեսնել հելլեններին: Եվ հանկարծ Սալամիսի վրա կախված կիրճերից հնչեց փողի ձայնը, որին հաջորդեց հունական Սալամիսի ծովամարտը մարտական կոչը: Պարսիկների ավանգարդում ինքնավստահ ընթացող փյունիկեցիները հանկարծակիի եկան, երբ նրանց դեմ ասես ջրի տակից դուրս լողացին հունական ռազմանավերի շարքերը, առջևում` էգեացիները, հետևում` աթենացիները: Պարսիկները նետվեցին առաջ: Էգեացիները, արագություն զարգացնելով, մոտեցան Տրիոպեի հրվանդանին: Հետո ձախ շրջվելով՝ ընդունեցին մարտական դիրք: Իսկ փյունիկեցիներն արքայի աչքի առաջ, ասես կախարդված, թափով շարունակեցին մղվել առաջ:

Հույները նահանջեցին: Որքան նրանք մոտեցան, հույներն այնքան հետ թիավարեցին՝ սպունգի նման նրանց ներքաշելով Պսիտալիա կղզյակի և մայրցամաքի միջև ընկած նեղուցը, որտեղ կողք կողքի հազիվ կարող են տեղավորվել երկու ռազմանավ: Հույների մանևրը հանդուգն էր, անսպասելի և վտանգավոր: Սակայն նրանք հաջողությամբ դուրս պրծան բնական ջրանցքի մյուս ծայրից և այն ամուր փակեցին` պարտադրելով թշնամուն իրենց մարտավարության կանոնները: Պարսկական նավերը շարան-շարան լցվեցին նեղուց: Այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմում առնետները Նիլսի սրնգի նվագի տակ իրար հետևից սուզվում էին ջրի մեջ: Զրկվելով կենտրոնի և աջ թևի օգնությունից պարսիկները զրկվեցին մանևրելու, հետ գնալու և մարտնչելու հնարավորությունից, սեղմվեցին` ինչպես տառեխները տակառի մեջ: Դա ծուղակ էր, պատրաստի գերեզման ավելի քան հազար ռազմանավի համար:

Իսկ հունական նավատորմը կազմեց չորսշարքանի կիսալուսին. աթենացիները` հյուսիսային թևում (ֆլանգ), էգեացիները հարավայինում` պահելով մաևրելու և նախահարձակ լինելու հնարավորությունները: Հույները կարծես թե ծաղրում էին պարսիկներին` ձգձգելով նրանց հոգեվարքը: Թեմիստոկլեսն իրոք ծովային գայլ էր: Նա սպասեց այնքան, մինչև սկսվեց թեթև ծփանքը, որն այդ ջրերում լինում է ամեն երեկո: Բարձր կառուցվածք ունեցող պարսկական նավերը ճոճվեցին և աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական ռազմանավերի ճակատային հարվածի և նավաճանկման հնարավորությունները: Այդ երկու մարտաձևում էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեներին տարավ հարձակման: Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի:

Պարսիկները սարսափած էին: Նրանց աչքի առաջ փյունիկեցիների ֆլագմանը, որի հրամանատարն արքայի եղբայրներից մեկն էր, ենթարկվեց հարձակման` Պալենես գյուղից փորձված նավազ Ամինասի կողմից: Գազազած պարսից ծովակալը գնաց նավաճանկման և պատրաստվում էր ցատկել աթենացիների նավի վրա, երբ Ամինասն օդում նիզակով որսաց նրան և նետեց ծովը: Այդ տեսարանից սարսափահար պարսիկները խուճապի մատնվեցին: Իսկ Հալիկառնասի թագուհի Արտեմիսիան՝ միակ կին ծովակալը, որը հույն լինելով հանդերձ ծառայում էր արքային, հետապնդումից խուսափելիս ճանապարհ բանալու համար խորտակեց մեկ ուրիշ հույն դավաճանի՝ կալինդոսցիների թագավոր Դամասիթիմոսի նավը և ճողոպրեց: Գահին նստած արքան, դիտելով այդ տեսարանը և կարծելով, թե Արտեմիսիան կործանել է հունական, այլ ոչ թե պարսկական ռազմանավը, դառնությամբ ասաց. «Այրերն ինձ մոտ դարձել են կանայք, իսկ կանայք` այրեր»:

Սրանք առանձին տեսարաններ են ծովամարտից, իսկ ընդհանուր առմամբ պարսկական նավատորմն իր գերագույն հրամանատարի ներկայությամբ բառիս իսկական իմաստով սկսեց անցնել ծովի հատակը: Կեսօրին հույները դուրս մղեցին պարսիկներին բաց ծով և այնտեղ շարունակեցին ծովամարտը` հաջողությամբ ավարտելով նեղուցներում սկսած կոտորածը: Արքան ծրագրում էր կռվել բաց ծովում, բայց ո՜չ այս կերպ և ո՜չ այս վախճանով: Պարսկական նավերի մեծ մասը խորտակվեց Սալամիսում, մի մասը ոչնչացրին աթենացիները, մյուս մասը` էգինացիները: Հելլեններից քչերը սպանվեցին, քանի որ նրանք լողալ գիտեին. երբ նավը խորտակվում էր, ողջ մնացածները լողալով հասնում էին Սալամիս:

Մինչդեռ պարսիկներից շատերը լողալ չիմանալու պատճառով խեղդվում էին ծովում: Զոհվեցին պարսիկ ծովակալները, այդ թվում Դարեհ արքայի որդին և Քսերքսեսի եղբայրը: Հույները խիստ դատաստան տեսան այն չորս հարյուր հոգու հետ, որոնց արքան դեսանտ էր իջեցրել Պսիտալիա կղզի՝ պատվիրելով գլխատել հելլեններին, եթե նրանք խորտակված նավերից փրկություն փնտրեին կղզում: Դերերը փոխվեցին: Հոպլիտները մտան կղզի և դաժանորեն սպանեցին պարսիկներին: Արյունից ծովափի ողորկ քարերը դարձան լպրծուն, ավազը վերածվեց թանձր մածուցիկ շաղախի: Իրոք, բռնությունը բռնություն է ծնում: Արքան իր հերթին գլխատել տվեց մարտերում իրենց չարդարացրած փյունիկեցի ծովայիններին: Բոլորին:
Այսպես ավարտվեց անտիկ աշխարհի ամենամեծ և ամենադրամատիկական ծովամարտերից մեկը: Թերևս ամենակարևորը, քանզի Սալամիսում որոշվում էր ոչ թե մեկ առանձին վերցրած երկրի ճակատագիրը: Այստեղ բախվեցին Արևելքն ու Արևմուտքը, և Հելլադան, վերջին հաշվով, փրկեց Եվրոպան ու արևմտյան քաղաքակրթությունը:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1330 reads | 06.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com