ԹԵՐՄՈՊԻԼԵՆ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Այս հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. "Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել և հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադեսում”: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության՝ 300 սպարտացիներն առանց այլևայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտական դաստիարակության և հոգեկերտվածքի (մենտալիտետ) համաձայն: Նրանք պատրաստ են մեռնելու, որն ամբողջովին տեղավորվում է սպարտացու աշխարհայացքի և փիլիսոփայության շրջանակներում, քանզի փոքր տարիքից երեխային ներարկում են անսպասելի և վաղաժամ մեռնելու սևեռուն գաղափարը, անշուշտ, ռազմի դաշտում, սուրը ձեռքին` հանուն հայրենիքի: Լեոնիդասն ու իր զինվորները գնում էին հաղթելու, բայց հաղթելու` զոհվելու գնով:

Նրանք քաջ գիտակցում էին, որ փակել պարսկական անհամար հորդայի ճանապարհը իրենք, ի վերջո, ֆիզիկապես անկարող են, գիտեին նաև գաղտնի արահետի տեղը և կարող էին հեռանալ: Ոչ, նրանք ուզում էին մեռնել, որը ծրագրված էր ի սկզբանե` դառնալով նրանց գործելու և կռվելու ալգորիթմը: Սա վերածվում էր զուտ մարտիրոսվելու տենչանքի: Եվ նրանք ընդառաջ էին գնում մահվան այնքան հանգիստ, այնքան սիրահոժար, ասես սպասում էին մի բանի, ինչը փնտրել էին ողջ կյանքում, ինչին ձգտել էին: Թերևս այդ հոգեվիճակն է նկատի ունեցել նշանավոր անտիկ պոետ Հորացիոսը, երբ գրել է. "Dulce et decorum est pro patria mori” ("Մահը հանուն հայրենիքի հաճելի է և պատվաբեր”):

Թերմոպիլեն առանձնահատուկ, հոգեբանական բարդ երևույթ է, որը կրկնվելու էր պատմության մեջ՝ անկախ այն վիճահարույց վարկածից՝ պատմությունը կրկնվում է, թե ոչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրա նմանակը ճապոնական կամիկաձեն է, որը թարգմանվում է "աստվածային քամի” կամ "ոգու քամի”: Այդ երևույթը, ըստ վերջերս եղած որոշ հրապարակումների, ունեցել է իր խորհրդային տարբերակը ևս, երբ ինքնաթիռներն ուղարկում էին գերմանական խորը թիկունք՝ նրանց տալով այնքան վառելանյութ, որքան բավարար էր մեկ կողմի թռիչքի համար:

Ե՛վ Հունաստանում, և՛ ծագող արևի երկրում մենք գործ ունենք գաղափարապես պատճառաբանված, թույլատրված և վավերացված ինքնասպանության հետ: Ինքնասպանության բարդո՞ւյթ: Ե՛վ սպարտացիների, և՛ կենդանի դինամիտի վերածված օդաչուների համար շարժառիթը նույնն է. անմնացորդ նվիրվածություն և հավատարմություն պետության դիկտատին: Երկու դեպքում էլ անձնազոհության գնացողները համոզված են, որ գործ ունեն թշնամու հետ, որը չարի կատարյալ մարմնացումն է, որի դեմ հարկ է կիրառել ծայրահեղ միջոցներ՝ անգամ կյանքի գնով: Նրանց համար հայրենի տունը պաշտպանելը և նրա համար զոհվելը նույն բացարձակ արժեքներն են: Միայն թե այդ զոհաբերությունը վերաբերում է ամենաթանկ բանին, որի անունն է կյանք:

Իսկ ի՞նչ ընդհանրություն կարելի է գտել թերմոպիլեցիների, կամիկաձե-օդաչուների և այսօրվա ահաբեկիչ-մահապարտների միջև, որոնք մահ են սփռում Նյու Յորքում, Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում և քաղաքակրթության այլ կենտրոններում: Բացարձակապես ոչ մի: Մի կողմ թողնելով տնտեսական, քաղաքական, կրոնական, էթնիկական և մյուս շարժառիթները՝ իմ կարծիքով՝ ժամանակակից մահապարտներին, բոլորին անխտիր, հատուկ է վառ արտահայտված հոգեկան պաթոլոգիան: Իսկ ամենամեծ տարբերությունը հին և նոր մահապարտների միջև այն է, որ առաջինները զոհվում էին՝ կործանելով դիմացինի ռազմական ուժը` հայրենիքի թշնամուն, իսկ ժամանակակից մահապարտը դասական հանցագործ է, որը, հեռանալով, իր կարճ խելքով, երկնային երանություն, իր հետ տանում է բոլորովին անմեղ մարդկանց` կանանց, ծերերի և երեխաների:

Սպարտան իր ամբողջության մեջ հմայել է բռնապետական ռեժիմներին, մասնավորապես Հիտլերին և նրան շրջապատող նացիոնալ-սոցիալիստներին: Ֆաշիստերին գրավել է սպարտական երկաթյա կարգապահությունը, զինվորական հիերարխիան, պետության և պետականության գերակայության գաղափարը անհատի և անհատականության նկատմամբ: Եվ, իհարկե, նացիստներին հիացրել է Թերմոպիլեն: Ստալինգրադի ճակատամարտի օրերին ռայխսմարշալ Գերման Գյորինգը, շրջափոխելով 300 հերոսների դամբանագրի հայտնի խոսքերը, որոնց հեղինակը նշանավոր պոետ Սիմոնիդեսն է, դիմել է վերմախտի զինվորներին. "Եթե լինեք Գերմանիայում, պատմեք նրանց (գերմանացիներին–Ա.Ն.), թե ինչ եք դուք տեսել, թե ինչպես ենք մենք կռվել Ստալինգրադում` խոնարհվելով պատվի և պատերազմի օրենքի առաջ”:

Իսկ Մարտին Բորմանը (Հիտլերի մերձավորագույն խորհրդական, նրա կուսակցական ապարատի ղեկավար) պնդում է, որ Հիտլերը բունկերում, վերջին անգամ նշելով իր ծննդյան տարեդարձը, կոչ է արել զինակիցներին. "Պարզապես հիշել Լեոնիդասին և նրա երեք հարյուր սպարտացիներին”: Ալֆրեդ Ռոզենբերգի և նացիստական մյուս գաղափարախոսների ջանքերը` գտնելու ընդհանրություններ ու նմանության եզրեր սպարտացու և ֆաշիստի կենսահայեցողության ու կենսափիլիսոփայության միջև, հիմքում սխալ է: Մոլորություն է նաև Ստալինգրադի և Թերմոպիլեի կործանման պատճառահետևանքային գործոնները նմանեցնելը:

Թեկուզ այն պարզ պատճառով, որ Սպարտան, կարևոր մաս կազմելով դեմոկրատական Աթենքի (չնայած Սպարտայում այդ պահին իշխանության գլուխ էին կանգնած օլիգարխները), կյանքի և մահու կռիվ էր մղում ամբողջատիրական ռեժիմի, նվաճողական Պարսկաստանի դեմ: Դա անողոք պայքար էր բարու և չարի, տարբեր քաղաքակրթությունների, տարբեր կուլտուրաների միջև: Այստեղ վճռվում էին Եվրոպայի հետագա ճակատագիրը և զարգացման ուղին: Մինչդեռ ֆաշիստական Գերմանիան փորձում էր զավթել ողջ Եվրոպան, Ասիան էլ հետը: Ի՞նչ ընդհանրության մասին կարող է խոսք լինել նրա և Հելլադայի միջև: Ոչ մի:

Գանք Հայաստան: Ունեցել ենք արդյո՞ք Թերմոպիլեին հավասարազոր հերոսապատումներ: Ունեցել ենք, այն էլ ոչ մեկը: Դրանցից մեզ ամենամոտը (ժամանակի առումով) և զգայացունցը հայ-ադրբեջանական պատերազմի հերոսապատումն է: 1992 թվականի օգոստոսի 16-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ինչպես ժողովուրդն է անվանում՝ Սպարապետի զորակոչով ու նախաձեռնությամբ կազմակերպվեց հատուկ նշանակության գումարտակ՝ "Արծիվ-մահապարտներ” անունով: Գումարտակ մտնել ցանկացողներն ավելի շատ էին, քան 500-ը: Սակայն մահապարտների խմբում րնդգրկվեցին ամենափորձառու և կռվի բովով անցած հայորդիները: Այդ 500-ից շատերն ընկան: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին: Դժվար է առանց հուզվելու կարդալ մահապարտների երդումը: "Մահապարտի երդում: Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը: Պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվում եմ”:

Հավանաբար կան համամարդկային արժեքներ, որոնք վերազգային են, անանց և անժամկետ: Այդ արժեքներն ամփոփված են հելլեն ռազմիկի՝ հոպլիտի և հայ մահապարտի երդումներում, որոնց բաժանում է գրեթե երեք հազար տարի:

Ես պատմաբան չեմ և չգիտեմ՝ այլ ժողովուրդների պատմության մեջ շա՞տ են եղել կին մահապարտներ: Իսկ հայերն ունեցել են այդպիսիք: Ղարաբաղյան հերոսամարտի օրերին հայ կանայք նույնպես մեկնեցին ռազմաճակատ: Նրանք չէին մտնում "Մահապարտների” գումարտակի մեջ, որը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում նրանց հերոսականությունը: Հովիկ Վարդումյանն իր "Աստվածների կանչը” արժեքավոր գրքում հավաքել է փաստագրական հարուստ նյութ Արցախյան ազատամարտին մասնակցած 62 հայուհիների (բոլորը չեն) մասին, որոնցից 16-ը չվերադարձան իրենց ամուսինների և երեխաների մոտ կամ զրկվեցին ապագա ընտանիք կազմելու երջանկությունից:

Թող նրանք հավերժանան լույսերի մեջ, իսկ նրանց կանացի կերպարն անջնջելի մնա մեր հիշողություններում: Թե ինչ կռվողներ են եղել մեր քույրերն ու մայրերը, պատկերավոր ներկայացնում է իր գրքի անվանաթերթում Հովիկ Վարդումյանը. "Մոլլաները շրջում էին գյուղերում և ասում, թե ձեռքը զենք վերցրած հայ կին տեսնեք, ուրեմն վերջ, հարկավոր է ամեն ինչ թողնել ու փախչել”:

Հետ պտտենք ժամանակի անիվը: 481 թվական, ամառ: (Խոսքը նոր թվականության մասին է): Պարսից 7-հազարանոց բազմավարժ, արյունարբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ատրվշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանևրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանքը՝ Մասիսի լանջին: Կենտրոնի հեծյալներն սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թևերից աքցանի մեջ առան նրանց: Այնժամ հայոց այրուձին՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց և հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գադիշո Խորխոռունին հարյուր հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայոց այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները (այն բանակ էլ չես անվանի) հիմնովին ջախջախեցին պարսկական 7-հազարանոց բանակը՝ կրկնելով հույների քաջագործությունը: Սակայն հայերի և հույների միջև մի մեծ տարբերություն կար: Ինչպես նշում է Համլետ Դավթյանն իր "Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը” հրաշալի գրքում, նրանք զոհվելու համար չմտան մարտի մեջ, այլ հաղթելու:

Սա բոլոր ժամանակների հայերին մեծապես տարբերում է և՛ սպարտացիներից, և՛ կամիկաձեներից: Բացահայտում է մեր ազգի բարձր բարոյական հատկանիշները, կենսունակությունը և հոգեկերտվածքի առավելությունները: Պատմահայր Եղիշեն հենց այնպես չի ասել, թե իմացյալ մահն անմահություն է:

Մեկ տարի անց հայերը ևս մի փառապանծ հաղթանակ են տանում Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրից ոչ հեռու՝ 30-հազարանոց զորքով գլխովին ջախջախելով մի քանի անգամ իրենց գերազանցող պարսկական զորքերին:

Թող ազգային սնապարծություն չհամարվի (հեղինակը հեռու է այդ հիվանդությունից, որի անունն է էթնոցենտրիզմ), եթե զուտ թվարկենք հայկական հերոսապատումի մի քանի օրինակներ ևս:

852 թվական, "Արյան լճի” ճակատամարտ: Գուրգեն իշխանի 900-հոգանոց ջոկատը պարտության է մատնում արաբ Բուղայի 15.000-անոց զորքը: 921 թվական Սևանա կղզի: Աշոտ Երկաթ թագավորը 70 ռազմիկներով ճեղքում է արաբների բազահազարանոց բանակի օղակը: Նրան հաջողվում է դա անել հիմնականում իր նետահարների շնորհիվ, որոնք ալիքների կատարներին պարող մակույկներից դիպուկ նետահարում էին թշնամու զինվորների աչքերը:

Իրեն անմահությամբ պսակեց Գևորգ Մարզպետունին, որը 20 հոգով պարտության մատնեց Բեշիր զորավարին: Հայերը շատ են պաշարվել: Միգուցե սա է պատճառը, որ պաշարման օղակը ճեղքելու մեծ փորձ են ձեռք բերել: Այդպիսի նշանավոր մի ճեղքում եղել է 1727 թվականին, երբ 300 հոգի (այս թիվը երևի հերոսների սիրած թիվն է) ավերեցին Հալիձորի շուրջ թուրքերի կանգնեցրած պատնեշները, դուրս եկան բաց դաշտ և ջարդեցին նրանց:
Անշուշտ, ամեն ժողովորդ ունի իր Թերմոպիլեն այս կամ այն ձևով: Ռուսական զորքերի հաղթանակը՝ Պլևնայի և Շիպկայի լեռնանցքներում 1877 թվականի ձմռանը: Բրեստի պաշտպանությունը՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին… Թվարկումը կարելի է շարունակել:

Շատ հերոսապատումներ են հայտնի մարդկությանը: Ինչ վերաբերում է 300 սպարտացիներին, նրանք մտել են համաշխարհային պատմության գանձարանը: Մի քանի դար շարունակ նրանց անդրադարձել են նշանավոր գրողներ, երաժիշտներ, նկարիչներ ու քանդակագործներ` անմահացնելով իրենց գլուխգործոցներում: Սպարտացիները ներկա են անգամ մարդկանց կենցաղում. Բելգիական "Leonidas” հայտնի ֆիրման արտադրում է Սպարտայի հերոսի պատկերով շոկոլադ: Իսկ ո՞վ է տեղյակ Ակոռիի կամ մյուս հերոսապատումների մասին: Երևի միայն հայ պատմաբանները: Իհարկե, կարելի է բելգիականի փոխարեն ուտել "Գրանդ Քենդիի” շոկոլադ: Շատ էլ համեղ է: Իսկ որ աշխարհն անտեղյակ է, որ մենք էլ ենք ուն եցել մեր թերմոպիլեները, տխուր է: Իսկ ու՞մ մեղքն է դա…
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
4961 reads | 30.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com