ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Հին Հունաստանի հարյուրների հասնող պոլիս-քաղաքների մեջ եղել են երկուսը, որոնք առանձնահատուկ տեղ են գրավել ոչ միայն Հելլադայի, այլև ողջ անտիկ աշխարհի պատմության մեջ: Դրանք են Աթենքը և Սպարտան: Չլինեին այդ երկու պետությունները, կամ եթե նրանք չլինեին այնպիսին, ինչպիսին որ կային, Հելլադայի պատմությունը թերևս այլ կերպ դասավորվեր, Հին աշխարհն ուրիշ ճանապարհ ընտրեր, և ուրիշ կերպ զարգանար քաղաքակիրթ Եվրոպան:

Աթենքի ու Սպարտայի համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը եղել են բացարձակ արժեքներ, հանուն որոնց նրանք պայքարել են դարեր շարունակ, ընկել են, բարձրացել, սակայն երբեք չեն ընկրկել: Հետաքրքիրն այն է, որ այս համատեքստում նրանց հարաբերությունները միմյանց հետ զարգացել են զիգզագաձև: Նրանք մերթ պայքարել են Հելլադայում գերակայելու համար, երեսուն տարի եղբայրասպան պատերազմում իրար արյուն են թափել, ինչը, բնականաբար, մասնատել է երկիրը և բացել դարպասներն օտար նվաճողների առաջ: Մերթ միացել, դիմակայել և միասին հաղթել են ահեղ թշնամուն, մերթ էլ նույն բանն արել են զատ-զատ` ասես մրցելով, թե ով ավելին կանի հայրենիքի համար, քանզի այն հավասարապես թանկ է եղել և՜ մեկի, և՜ մյուսի համար: Ի դեպ, այս սիրո եռանկյունին` ԱթենքՍպարտա-Հելլադա, մշտական մտորումների և ուսումնասիրությունների առարկա է մասնագետների համար՝ ոչ միայն անտիկ աշխարհի գաղտնիքներին հասու լինելու առումով:

Այդ հեռավոր ժամանակների քաղաքական և դիվանագիտական շատ երևույթներ ուշադիր զննելիս տեսնում ենք, որ իրենց մեջ պարունակում են արդի միջազգային հարաբերությունների վերլուծության կոդը…

Իսկ երբ արքայից արքա Քսերքսեսը 481 թվականին ձեռնարկեց մեծ արշավանքը Հելլադայի դեմ, Սպարտան և Աթենքը բարեբախտաբար իրար կողքի էին, չնայած պարսից տիրակալն ամեն ինչ արեց նրանց մեջ սեպ խրելու համար: Ապարդյուն: Այդ հետո էր, որ հույն-պարսկական պատերազմին անմիջապես հաջորդելու էր Պելոպոնեսյան պատերազմը, երբ հույնը թափելու էր հույնի արյունը: Իսկ այժմ Հունաստանի գլխին կախվել էր մահացու` լինել-չլինելու վտանգը: Այդ վտանգը միաձուլել էր Աթենքն ու Սպարտան:

Նվաճումը մեծ ծավալի ուժ է պահանջում: Քսերքսեսը, լինելով լավ զորավար, հասկանում էր դա և ըստ այդմ էլ պատրաստվել էր: Նա կարողացել էր ստեղծել ժամանակի ամենամեծ, ի դեպ՝ ինտերնացիոնալ, ցամաքային և ծովային ռազմական մեքենան: Հերոդոտոսը գրում է, որ դրանց մեջ կային նաև արմեններ, նկարագրում է նրանց հանդերձանքն ու զենքերը: Նրա վկայությամբ, երբ պարսկական բանակը դադար էր առնում որևէ ոչ շատ մեծ գետի մոտ, այն ցամաքում էր: Նա գրում է, որ այդ բանակում հաշվվում էր 1.700.000 մարդ, իսկ ռազմական նավատորմում կար 3000 միավոր: Ուսումնասիրողները կարծում են, որ Հերոդոտոսի բերած թվերը չափազանցված են: Կան տարբեր վարկածներ: Ինչևէ:

Եվ ահա, պարսկական նավատորմը հասնում է Մագնեսիայի ծովափ ու խարիսխ նետում Կասթանեա քաղաքի և Սեպիաս հրվանդանի միջև: Առավոտյան ծովային հետևակը դուրս էր գալու ցամաք՝ ամեն ինչ հողին հավասարեցնելու մտադրությամբ: Իսկ գիշերն այնպիսի մի փոթորիկ պայթեց, որը կործանեց ավելի քան 400 նավ: Արդ աթենացիները հաստատ համոզված էին, որ կատարվածը Բորեասի` հյուսիսային քամիների աստծո սարքած գործն է, որին նրանք նախօրեին օգնության էին կոչել աստծո պատգամով և զոհ մատուցել` խնդրելով խորտակել թշնամու նավերը: Բորեասն էլ, անսալով խնդրանքին, ուժեղ փոթորիկ սարքեց պարսիկների գլխին: Պատերազմից հետո աթենացիներն Իլիսոս գետի ափին տաճար կառուցեցին նրա պատվին…

Պարսկական նավատորմին փոթորկի պատճառած վնասը նույնն էր, ինչ մոծակի խայթոցը փղին: Ռազմական հրեշը շարժվում էր առաջ: Զորքն այնքան բազմաքանակ էր, այնքան ահարկու, որ երբ Ասիայից Եվրոպա էր անցնում Հելլեսպոնտոսի վրա կառուցած նավակամուրջներով, ականատեսներից մեկը բացկանչեց. "Ո՛վ, Զևս, ինչո՞ւ դու, պարսիկի կերպարանք ընդունելով և Քսերքսես անունը ստանալով, ամբողջ աշխարհը բերել ես քեզ հետ և ուզում ես ամայացնել Հելլադան: Չէ՞ որ կարող էիր այդ ամենն անել առանց դրա”:

Արքայից արքան, չնայած նավատորմին փոթորկի հասցրած որոշ վնասին, բարձր տրամադրության մեջ էր և դույզն ինչ չէր կասկածում, որ առանց դժվարության մտնելու է Եվրոպա: Եվ հանկարծ նրա ճանապահին հայտնվեց ինչ-որ մի կիրճ՝ տարօրինակ՝ Թերմոպիլե անունով, որը թարգմանվում է "Տաք դարպասներ”: Այդ այսօր է, որ աշխարհը ճանաչում է այն որպես արիության, խիզախության, անձնազոհության և հայրենասիրության խորհրդանիշ: Կիրճին հարող բլրի վրա կա մի հասարակ և անշուք գերեզմանաքար, որի տապանագիրը (էպիտաֆիա) խնդրում է. Անցորդ, ավետիր Լակեդեմիոնի մարդկանց, թե այստեղ Պառկել ենք հավերժ մենք՝ հավատարիմ նրանց պատվերին:

Իսկ այդ հեռավոր 481 թվականի (չմոռանաք, մեր թվականությունից առաջ) ամռանը սպարտացի երեք հարյուր գվարդիականներ (խնդրում եմ ուշադրություն, ընդամենը՝ 300) փակել էին արքայից արքա Քսերքսեսի զորքերի ճանապարհը դեպի Թեսալիա, այնտեղից՝ միջին Հունաստան: Այլ անցում գոյություն չուներ: Պարսկական հետախուզությունը զեկուցում է, որ իրոք ճանապարհն արգելափակել է հելլենների մի խումբ, որոնք հանգիստ մաքրում են իրենց զենքերն ու սանրում երկար մազերը: Քսերքսեսը լիաթոք ծիծաղում է նման անհոգության վրա և նրանց անվանում խելապակասներ: Նա, թերևս, զգույշ լիներ իր գնահատականի մեջ, եթե ծանոթ լիներ պատմիչի վկայությանը. "Նրանք (սպարտացիները–Ա.Ն.) մարտում ամենաարիներն են: Նրանք թեև ազատ են, բայց ոչ ամեն ինչում: Նրանց տերը օրենքն է, որից նրանք երկյուղում են: Նրանք կատարում են այն, ինչ օրենքը հրամայում է. իսկ օրենքի հրամանը միշտ մեկն է. այն արգելում է փախչել մարտի դաշտից՝ անկախ թշնամու թվաքանակից, այն պատվիրում է մնալ շարքում և հաղթել կամ սպանվել”: Եթե նա չէր կարող իմանալ այս կարծիքը, ապա կարող էր լսել իրեն ծառայող Սպարտայի նախկին թագավոր-դավաճան Թեմարատոսի կարծիքը, որը նա համարձակվեց հայտնել Քսերքսեսին . "Այդ մարդիկ եկել են այստեղ մեր դեմ կռվելու այս անցավայրի համար, և նրանք պատրաստվում են կռվի: Նրանց բարքերն այսպիսիք են. մահու և կենաց կռվի պատրաստվելիս նրանք հարդարում են իրենց գլուխները: Այժմ իմացիր, ով արքա, եթե դու հաղթես այդ մարդկանց և նրանց, ովքեր մնացել են Սպարտայում, ապա աշխարհում ոչ մի ժողովուրդ արդեն չի համարձակվի քեզ դիմադրել: Այժմ դու դեմ հանդիման կանգնած ես Հելլադայի ամենաարքայական տոհմի և ամենաքաջ մարդկանց առաջ”:

Այս խորհրդի ազդեցության տակ Քսերքսեսը դեսպաններ է ուղարկում սպարտացիների մոտ և պահանջում զենքերը հանձնել: Սպարտացիները մերժում են, հետ էլ ծաղրում պարսիկներին: Կատաղած սպարտացիների "անամոթ հիմարությունից”՝ արքայից արքան նրանց դեմ է ուղարկում մեդիացիների զորախմբերին՝ կարգադրելով գերի վերցնել սպարտացիներին և բերել իր մոտ: Մեդիացիները, բազմաթիվ զոհեր տալով, նահանջում են: Այնժամ մարտի է նետվում "Անմահների գվարդիան”, որի մարտիկները մեռնում են, բայց չեն նահանջում: Լակեդեմոնացիները ցուցաբերում են մենամարտելու բարձրագույն վարպետություն և աներևակայելի հմտություն, օգտվում են զենք բանեցնելու այնպիսի ձևերից, որոնց մասին պարսիկները գաղափար անգամ չունեին: Կռվելով նեղ վայրում, պարսիկները, որքան էլ շատ էին, չէին կարողանում առավելության հասնել:
Նրանց խեղճացնում էր իրենց նիզակների կարճությունը սպարտացիների նիզակների համեմատությամբ: Սպարտացիները հարձակվում էին, հետո փախուստ ձևացնում: Պարսիկները ոգևորված, գոռում-գոչյունով ընկնում էին սպարտացիների հետևից և այն պահին, երբ հասնում էին նրանց, վերջիններս դեմքով շրջվում էին դեպի բարբարոսներն ու թրատում: Սպարտացիները մշակել էին մարտավարելու իրենց տեխնիկան, որի դեմ պարսիկներն անզոր էին: Գտնվելով թշնամուն դեմ առ դեմ՝ նրանք գալարաձև շարժումով, ասես օղակ (hulla hupa) էին պտտեցնում գոտկատեղին, դուրս էին գալիս հարվածի տակից և հասցնում անկասելի պատասխան հարված վզին կամ ուսին` ճեղքելով պարսիկների մարմինը մինչև ազդրամեջ: Ընդ որում, սպարտացիները հավասարապես աշխատում էին և՜ աջով, և՜ ձախով՝ ակնթարթային արագությամբ զենքը մի ձեռքից փոխելով մյուսը: Այս դեպքում հակառակորդը դառնում էր միանգամայն անպաշտպան:

Հարվածից փրկություն չկար: Սպարտացիները փակել էին կիրճի մուտքը և որքան պարսիկ թողնում էին մտնել այնտեղ, այնքան էլ կոտորում էին՝ հազարներով: Պարսից "Անմահները” լրիվ արդարացրին իրենց կոչումը` չնահանջեցին, բայց զանգվածաբար կոտորվեցին: Քսերքսեսը ահաբեկված էր: Իսկ երբ ընկան նրա երկու խորթ եղբայրները, ինքն էլ ընկավ կատարյալ հուսալքության (պրոստրացիա) մեջ: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Մի՞թե հնարավոր բան է. երեք հարյուր հոգի քայքայում են իր բազմահազարանոց բանակը:
 
Ամեն ինչ վերջացավ այնպես, ինչպես վերջանում են բոլոր հերոսապատումները: Գտնվեց կամավոր մատնիչ` Եպիալտես անունով: Մեծ պարգև ստանալու ակնկալությամբ նա ներկայացավ Քսերքսեսին և հայտնեց այն կածանի մասին, որը լեռան վրայով տանում էր Թերմոպիլե, և դրանով իսկ կործանեց հելլեններին` ինքը լինելով հելլեն: Նա պարսիկների համար կանաչ լույս վառեց դեպի Աթենք…

Սպարտացիները պատվի և խղճի խնդիր համարեցին վրիժառությունը և իսկական որս սկսեցին փախած մատնիչին գտնելու համար: Երկար փնտրտուքներից և հետապնդումներից հետո Եպիալտեսին բռնեցին ու տանջամահ արեցին: Ամփիկտիոնները նրան նզովեցին, և սերունդները անեծքով են հիշում նրա անունը:

Թերմոպիլեի կռիվներում զոհվածների թիվը բոլոր աղբյուրներում նույնն է. սպարտացիներ՝ 300, պարսիկներ՝ 20.000, այդ թվում՝ երկու հոգի, ինչպես նշեցինք, արքայական ընտանիքից: Փրկվեց ընդամենը երկու սպարտացի: Մեկին աչքերի հիվանդության պատճառով Լեոնի դասը հեռացրել էր մարտի դաշտից: Նա վերադարձավ Սպարտա, բայց հայրենակիցները չընդունեցին նրան և հորջորջեցին "վախկոտ”, որը հավասար էր մահվան դատավճռի: Երկրորդին թագավորը դիվանագիտական առաքելությամբ ուղարկել էր Թեսալիա, և երբ դեսպանն իմացավ ընկերների հետ կատարվածը, կախվեց:
Արքայից արքան, որը գնում էր Եվրոպա նոր աշխարհակարգ ստեղծելու համար, նա, ով իրեն հռչակում էր Արդարության և Օրենքի ջերմ պաշտպան, Ստի ու Խաբեության երդվյալ թշնամի, որը քարոզում էր վեհ և ազնիվ գաղափարներ, վրեժ լուծեց սպանվածներից: Նա Լեոնիդասի գլուխը կտրեց և ցցահան արեց, իսկ մարմինը խաչեց: Հետո հրամայեց հազար պարսիկի դիակ պատվավոր թաղել, իսկ մնացած զոհվածներին լցնել մի ընդհանուր փոսի մեջ և հողը հավասարեցնել, որպեսզի կեղծի կորստի քանակը: Ապա հրավիրեց իր զորքին և մատնացույց անելով մի տեղում իրար վրա թափված հելլենների դիակները՝ ծաղրանքով ասաց. "Խելացնոր մարդիկ, որոնք երազում էին հաղթել արքայի հզորությանը”: Մի խոսքով, սրբապղծեց դիակները:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2307 reads | 22.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com