ՔՍԵՐՔՍԵՍԸ՝ “ԴԱՇՈՒՅՆԻ ԵՎ ԹԻԿՆՈՑԻ” ՎԱՐՊԵՏ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր՝ ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Նրա համար կայսրության բոլոր ծագերից և արտասահմանից ինֆորմացիայի հոսքը արքունիքի ուղեղային կենտրոն ինքնանպատակ չէր: Ինֆորմացիան այստեղ ուսումնասիրվում, մշակվում և օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար: Այդ աշխատանքը հատկապես աշխուժացավ Հունաստանի դեմ Պարսկաստանի լայնածավալ ռազմական գործողությունների նախաշեմին:

60 տարուց ավելի Հելլադան Պարսկաստանի ախոյանն էր, այնպես որ պայքարի բոլոր ձևերն արդարացված էին: Սա հիշեցնում է ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերությունները սառը պատերազմի տարիներին: Քսերքսեսի օրոք հատուկ ծառայությունները մեծ հաջողություններ գրանցեցին հոգեբանական պատերազմի, քարոզչության, հակաքարոզչության, ապատեղեկատվության և ցուցադրական քարոզչության ասպարեզներում: Այս ամենը ղեկավարում էր արքայից արքան, որը համար մեկ դիվանագետը և համար մեկ լրտեսն էր: Նա քաղաքական խաղերի, սադրանքի, բանսարկության մեծ վարպետ էր, իսկական գրոսմայստեր, նուրբ մտածված քաղաքական և ռազմական հետախուզության կազմակերպիչն ու իրագործողը: Ահա դրանցից մի քանիսը:
 
Պատում առաջին: Սպարտացիները մի գեղեցիկ օր ստանում են տախտակի երկու կտոր, որոնց վրա նամակ էին գրում: Տախտակների վրա ոչինչ չկար գրված: Արքունիքում գլուխ են ջարդում, թե ինչ կնշանակի այդ անսովոր ուղերձը, մինչև որ Լեոնիդաս թագավորի կինը` Գորգոն, առաջարկում է քերել տախտակի վրայի մոմի շերտը, որի տակ հայտնաբերվում է վերը նշված Դեմարատոսի նամակը` ուղղված հայրենակիցներին: Վտարանդի արքան գրում էր, որ պարսկական զորքը շարժվում է Հելլադայի վրա: Սպարտայի արքունիքում նախ ենթադրում են, որ նախկին թագավոր Դեմարատոսի մեջ հետին թվով զարթնել են հայրենասիրական զգացմունքները, և նա այդ կերպ ցանկանում է քավել իր մեղքը` հայրենիքին դավաճանած լինելու համար: Սակայն հետո գալիս են այն եզրակացության, որ նամակը սարքված է արքայից արքայի ուղեղային կենտրոնում` ամենից առաջ Հելլադայում խուճապ առաջացնելու և ազգամիջյան կենտրոնախույս միտումներն ուժեղացնելու նպատակով: Արքան ձգտում էր բարոյապես ընկճել հելլեններին: Սակայն նա կարողացավ իր ծրագրած խաղով Սպարտայում ընդամենը ստեղծել լարված հոգեբանական մթնոլորտ:
 
Պատում երկրորդ: Սպարտայում գուշակները, կաշառված լինելով արքայի կողմից, զոհաբերությունների ժամանակ սկսեցին ստանալ "չարագուշակ ազդանշաններ”, ըստ որոնց՝ տասը տարի առաջ այստեղ սպանված պարսիկ դեսպանների ոգին իբր թևածում է երկնքում և փոխահատուցում պահանջում: Այն դեսպանների, որոնց նետել էին ջրհորը՝ "հող և ջուր” պահանջելու համար: Սպարտացիները կուլ տվեցին այս հիմարագույն խայծը, և երկրում խուճապ բարձրացավ:

Երկու դիվանագետներ` Սպերթիեսը և Բուլիսը, անտանելի խղճի խայթ զգալով «կամովին մեկնեցին Սուսա ու պատրաստակամություն հայտնեցին զոհաբերվել յուրայինների մեղքը քավելու համար: Հետաքրքիր է Քսերքսեսի պատասխանը: Թվում է՝ նա պետք է վրեժը լուծեր արյունով: Մինչդեռ արքան մեծահոգաբար մերժում է դիվանագետների մորթվելու պատրաստակամությունը և աշխարհով մեկ հայտարարում, որ "ինքը չի նմանվի նրանց, ովքեր «արհամարհելով բոլորի կողմից հարգված օրենքները, սպանեցին պարսից դիվանագետներին”: Նա դրանով ցանկացավ ապացուցել, որ բարբարոս են ոչ թե պարսիկները, այլ հելլենները: Սակայն արքայի հեռահար նպատակն այլ էր` պատերազմից առաջ շահել սպարտացիների համակրանքը կամ գոնե ապահովել նրանց չեզոքությունը. նա լավ գիտեր Սպարտայի ռազմական ուժը և չէր ցանկանում բախվել նրա հետ: Սակայն պլանը տապալվեց:

Պատում երրորդ: Երեք հելլեն լրտեսներ թափանցում են Պարսկաստանի ասիական տարածքները և Սարդեսում ռազմական տեղեկություններ հավաքելիս, ինչպես ընդունված է ասել պրոֆեսիոնալ լեզվով, "վառվում են”, այսինքն` տապալվում: Հակահետախուզության սպաները նրանց տանջելուց և հարցաքննելուց հետո տանում են կախելու: Արքան կասեցնում է մահապատիժը, հրավիրում է իր մոտ լրտեսներին և, մանրամասն տեղեկանալով նրանց ստացած առաջադրանքի մասին, հրամայում է ցուցադրել իր ողջ զորքը` հեծյալ և հետևակ, տալ գրավոր կեղծ տվյալներ բանակի մասին ու բաց թողնել: Քսերքսեսի հաշվարկները ճիշտ են դուրս գալիս: Լրտեսները, վերադառնալով Աթենք, ակամայից դառնում են պարսից բանակի հզորության քարոզիչներ` խուճապ և պարտվողական տրամադրություններ սերմանելով յուրայինների մեջ:

Լավ սարքած ապատեղեկատվությունը մեծ վնաս կարող է հասցնել: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Հիտլերի ուղեղային կենտրոնում պատրաստված կեղծ փաստաթղթին հավատալով` Ստալինը գլխատեց Կարմիր բանակի հրամանատարական կազմը, այդ թվում՝ տաղանդավոր զորավարներ Տուխաչևսկուն և Բլյուխերին:

Պատում չորրորդ: Ռազմածովային հետախուզությունը զեկուցում է, որ Հելլեսպոնտոսով անցնում են հացահատիկ փոխադրող հունական նավեր, և թույլտվություն է խնդրում խորտակել կամ գրավել դրանք: Արքան նկատում է. "Ինչի՞ համար, բայց չէ՞ որ մենք ևս նավարկում ենք նույն ուղղությամբ, ուր նրանք` տանելով նաև հաց: Նրանք ի՞նչ վնաս են տալիս՝ մեզ համար հաց տեղափոխելով”:

Սակայն դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ աշխարհի տիրակալները ևս կարող են սխալվել իրենց կանխատեսումներում, մանավանդ երբ նրանք ամբոխավար, այսինքն՝ դեմագոգ են: Այդպես էին կոչվում ժողովրդի առաջնորդները: Հետո է, որ այդ բառն ընդունեց բացասական նշանակություն:

Պատում հինգերորդ: Որտեղ հնարավոր չէր լինում գտնել զինակից, արքան գործում էր իրեն հատուկ դաժանությամբ և անողոքությամբ: Երբ պարսկական հատուկ ծառայություններն ապարդյուն փորձեցին Սպարտայի մեկ այլ թագավորի` Կլեոմենեսին, գցել ծուղակը, մշակեցին թագավորին անվանարկելու մի քանի տարբերակ:

Նրանց հաջողվեց "գործ սարքել” թագավորի գլխին` "բռնել կաշառքի վրա”: Հելլադայում կոռումպացված թագավորներին չէին ներում: (Ի տարբերություն ներկա Հայաստանի և ԱՊՀ-ի մյուս երկրների): Ժողովուրդը նրան արտաքսեց քաղաքից: Որոշ ժամանակ անց Կլեոմենեսը վերադարձավ: Կարծես թե ամեն ինչ հանդարտվեց: Բայց ոչ: Այս անգամ նրան հայտարարեցին խելազուրկ և հարբեցող: Գտնվեցին վկաներ: Կլեոմենեսի խորթ եղբայրները նրան նստեցրին բանտ, իսկ առավոտյան գտան մեռած` ոտքերը, ազդրերը և փորը կտրտած:

Մնում է ասել, որ հույն-պարսկական գաղտնի պատերազմները, հատուկ ծառայությունների առճակատումը, ուղեղների մենամարտը, դիվանագիտական և լրտեսական որոգայթներն իրենց տեսակի մեջ լավ համալսարաններ էին "թիկնոցի և դաշույնի” ասպետների հետագա սերունդների համար:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1167 reads | 08.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com