ՆԱ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Երբ ժամանակը եկավ, պարսից արքայից արքա Դարեհը որոշեց թագավոր կարգել իր յոթ որդիներից մեկին: Նրա ընտրությունը կանգ առավ Քսերքսեսի վրա. հայրն անմիջապես ուղարկեց նրան՝ ճնշելու պարսիկներին ենթակա Եգիպտոսում ծագած ապստամբությունը: Քսերքսեսը շատ արագ և դաժանորեն "կարգի հրավիրեց” անհնազանդներին՝ ապացուցելով, որ հայրը չի սխալվել իր ընտրության մեջ:

Իսկ երբ Դարեհը հանկարծամահ եղավ, Քսերքսեսը դարձավ ընդարձակ, հարուստ ու հզոր կայսրության արքայից արքան: Նա արտակարգ գեղեցիկ երիտասարդ էր: Բայց արտակարգ էր ոչ միայն նրա արտաքինը: Գերազանց մտավոր և ֆիզիկական պատրաստվածություն, փայլուն հիշողություն, բնածին վերլուծական ունակություն, ինքնատիպ տրամաբանություն, պետական մտածողություն, մասշտաբային գործելակերպ, վճռականություն, մոլեգին նպատակասլացություն, սեր դեպի բնությունը և բուսական աշխարհը, հատկապես՝ ծաղկաբուծությունը:

Նա միշտ երազում էր գրավել Եվրոպան` տեսնելու համար, թե ինչպիսին է այդ կողմերի բուսականությունը: Սա իհարկե նրա էքսպանսիոնիզմի ընդամենը գեղագիտական կողմն էր: Նա պետության ծավալման և պետականության ամրապնդման երդվյալ զինվորն էր: Այսպիսիք էին արքայից արքային բնորոշող դրական հատկանիշները: Դրանց կողքին նրան հատուկ էին խորամանկությունը, նենգությունը, ուխտադրժությունը, խելացնորությանը (պարանոյա) սահմանակցող կասկածամտությունը, գոռոզամտությունը, խառնվածքի երկվությունը, բարոյական այլասերվածությունը: Քսերքսեսը բոլոր հիմքերն ուներ իրեն համարելու Կյուրոսի ժառանգորդը, Ահուրամազդայի ընտրյալը:

Նա պատրաստ էր և միանգամայն ունակ շարունակելու հոր` Դարեհի կիսատ թողած գործը: Սակայն Քսերքսեսը բոլորովին նոր ուղղություն հաղորդեց Պարսկաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտությանը. որդեգրեց փիլիսոփայական եթե ոչ ուսմունք, ապա, հաստատ, մի ամբողջ հայեցակարգ, որով առաջնորդվելու էր նա, իսկ նրանից հետո՝ պարսիկները: Իրեն հռչակելով Մեծ Արքա, Արքա Պարսկաստանի և Արքա Տարածքների՝ Քսերքսեսը հայտարարեց, օրինակ, որ Եգիպտոսում ինքը հաղթել է ոչ թե հասարակ մահկանացուներին, այլ տիեզերական չարիքին:

Զարգացնելով իր մտքերը՝ նա օրենքից դուրս հայտարարեց բոլոր մյուս ժողովուրդներին: Նրանց հարկ է ուժով հնազանդեցնել: Արքայից արքան պնդում էր, որ այն երկրները, որոնք ընկել են Ստի իշխանության տակ, պետք է նոր հավատ որդեգրեն ` հանուն Ճշմարտության: Եվ միակ ճանապարհը մոլորվածների համար Ահուրամազդայի սահմանած Օրենքին ենթարկվելն է: Այսպես խոսեց արքայից արքան` մոռանալով, որ իր նստած գահը երեսպատված է ողջ մարդկանցից քերթված մաշկով: Հետո, երբ բարձր ոլորտների մասին դատողությունից Քսերքսեսն իջավ իրական գետին, գծեց կոնկրետ գործողության պլան. Պարսկաստանը պետք է նվաճի Եվրոպան, որից հետո, քանի որ Ասիան արդեն նվաճված է, նա կսահմանի նոր աշխարհակարգ, և այնժամ հողագնդում կհաստատվի pax Persica, ասել կուզի՝ խաղաղություն պարսկական ձևով: Հետագայում մտածելակերպ դարձավ աշխարհը ձևել գերտերությունների չափանիշներով` pax Romana, pax Americana և այլն: Ուրեմն, առաջ՝ դեպի Եվրոպա: Բայց այստեղ առաջանում է մի փոքր արգելք. ոտքի տակ է ընկնում Հելլադան: Դե ինչ, արգելքը ենթակա է վերացման: Սկսած այդ պահից՝ Հունաստանը դառնում է Պարսկաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը, նրա գլխավոր թշնամին, նրա աշխարհառազմավարական պլանների հիմնական թիրախը:

Քսերքսեսի ձգտումները, ենթարկվելով սոցիալփիլիսոփայական և կրոնագաղափարախոսական վերլուծության, դառնում են ազգային հիմնադրույթ (դոկտրինա): Արդյունքում նա արտաքին քաղաքականությանը հաղորդեց հստակ զավթողական բնույթ` ուղղելով այն դեպի Արևմուտք: Եվ չարաչար սխալվեց: Պատմությունը գալիս է ասելու, որ կայսրությունների սահմաններն ունեն որոշակի չափեր, որոնց շարունակական ընդարձակումը կործանարար է հենց այդ կայսրության համար: Ճնշման և շահագործման մեխանիզմների չարաշահումը օտար երկրներում վերջիվերջո դրսից և ներսից քանդում է կայսրությունը: Հռոմ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ և այլն: Քսերքսեսի մտքով անգամ չէր անցնում, որ իր ճանապարհին ընկած Հունաստանը կարող է լուրջ խոչընդոտ լինել:

Սակայն հենց Հելլադան խափանեց արքայի պլանները, մահացու հարված հասցրեց նրա վարդագույն երազների իրականացմանը: Եվ, վերջին հաշվով, փրկեց քաղաքակրթությունն ասիական հորդաների ասպատակությունից:

Ի դեպ, աշխարհը նվաճելու խելացնոր ձգտումներն այս կամ այն տարբերակով հանդես են բերել հին և նոր պատմության մեծ ու փոքր բռնակալները` Ալեքսանդր Մակեդոնացի, Չինգիզ խան, Նապոլեոն, Լենին և ուրիշներ: Նրանք բոլորն էլ կրկնել են արքայից արքայի նվաճողական նկրտումները` ամեն մեկն իր ձևով, իր չափով, իր փիլիսոփայությամբ: Եվ ճիշտ չէ« որ պատմությունը չի կրկնվում: Օրինակ՝ բոլոր բռնակալները տառապել են մեծապետական հովերով: Դատեք ինքներդ: Ասիայից Եվրոպա անցնելու համար արքայից արքան Հելլեսպոնտոսում երկու կամրջանավ կառուցելու հրաման տվեց: Առաջին փորձն անհաջող անցավ` փոթորիկը քանդեց այն: Այնժամ արքան "պատժեց” ծովը, մտրակել տվեց այն և սպառնաց, որ, միևնույն է, կամուրջը գցվելու է: Գլխատել տվեց ինժեներական ողջ կազմը և նոր մասնագետներ կարգեց, որոնք ռեկորդային կարճ ժամկետներում կառուցեցին երկու կամուրջ` հրաշքի նման մի բան այն դարերի տեխնիկայի պայմաններում: Արքայից արքան շատ էր զայրանում, երբ բնությունը չէր ենթարկվում իրեն, քանի որ ինքը տիրակալն էր ոչ միայն մարդկանց, այլև ամեն ինչի` շնչավոր կամ անշունչ: Արշավանքի ժամանակ Թեսալիայում Քսերքսեսին դուր չեկավ Պենեոս գետի հունը և կարգադրեց փոխել այն:

Խորհրդային Միության վերջին տարիներին քաղբյուրոյի զառամախտով տառապող ղեկավարների գլխում ևս ֆանտաստիկ պլաններ էին ծագել Սիբիրի գետերի հունը փոխելու վերաբերյալ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա: Պենեսի հունը ևս հնարավոր չեղավ փոխել: Իսկ եթե ինչ-որ հրաշքով պլանն իրագործվեր, ողջ Թեսալիան մնալու էր ջրի տակ: Այդ հանգամանքն ամենից քիչ էր մտահոգում արքային. մարդը նրա համար ոչինչ չարժեր: Թեսալացիները՝ առավել ևս, քանզի նրանք առաջին հելլեններն էին, որ հպատակվել էին պարսիկներին: Այդպիսին են տիրակալները, և ոչ միայն նրանք: Ենթարկվողին պարզապես արհամարհում են:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1318 reads | 24.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com