ԱՅՆ, ԻՆՉԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք և ոչ միակերպ մտածողների մեջ իր հատուկ տեղն ու դերն ունի Թեմիստոկլեսը (524–459 թթ.): Նա քաղաքական մեծ գործիչ էր, ռազմական արվեստի լավագույն գիտակ, խորամանկ ու խորաթափանց ռազմավար, որը կարողանում էր ճիշտ հաշվարկել հակառակորդի քայլերը և կանխագուշակել դեպքերի զարգացման ընթացքը: 

Նա, ի տարբերություն մյուս զորավարների, կարծում էր, որ երկրի փրկությունը գալու է ծովից: Թեմիստոկլեսը համարձակորեն դեմ էր արտահայտվում գուշակների զանազան մեկնաբանություններին, թե այս կամ այն անբարենպաստ նախանշանների դեպքում հարկ է խուսափել ծովամարտից, լքել Ատտիկան ու բնակություն հաստատել մեկ այլ վայրում: 

Նա պնդում էր, որ Հելլադան կարող է դիմակայել թշնամուն այն դեպքում, եթե ունենա հզոր ռազմածովային նավատորմ: Ապացուցում էր, որ հնարավորինս պետք է խուսափել քանակապես գերազանցող պարսկական զորքերի հետ ցամաքային բախումից և թշնամուն պարտադրել ծովամարտ` հատկապես նեղուցներում: Ուժեղ նավատորմը, ասում էր նա, Հունաստանը կդարձնի հզոր ծովային տերություն, կնպաստի բավարարելու նրա կայսերական ձգտումները: Հետագայում այս սկզբունքով առաջնորդվեցին անգլիացիները և դարձան ծովային գերտերություն: 

Թեմիստոկլեսը նավագնացության և նավաշինության երկրպագու էր: Երբ դեռ արքոնտ էր` ամեն տարի ընտրվող 9 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Աթենքի Պիրեոս նավահանգստում կառուցեց խոշոր համալիր, որը շուտով դարձավ երկրի ամենահուսալի և լավ պաշտպանված ամրությունը: 

Սակայն ռազմական նավատորմ ստեղծելու ճանապարհին կային լուրջ դժվարություններ՝ ավելի քաղաքական, քան ֆինանսական: Աթենքի բյուջեն խիստ հարուստ էր` շնորհիվ արծաթի և կապարի հանքերի և Աթենքյան միության անդամների հարկերի: Մի խոսքով ՝ փող կար, և Թեմիստոկլեսը պնդում էր, որ այն հատկացվի ռազմական նավատորմի ստեղծմանը: Իսկ նրա հակառակորդ, հայտնի քաղաքական գործիչ Արիստիդեսն առաջարկում էր դրամը բաժանել քաղաքացիներին` յուրաքանչյուրին տասը դրաքմե: Այս երկուսի միջև գնում էր կյանքի ու մահու կռիվ, որի ընթացքում հակառակորդ կողմերը և նրանց համախոհները չէին խորշում ոչ մի միջոցից` դիմացինին անվանարկելու և նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար: 

Սադրանքը, բանսարկությունն ու խորամանկ խաղերը լայն կիրառում գտան այդ գոտեմարտում, որտեղ բախվում էին դեմոկրատ Թեմիստոկլեսի և օլիգարխ Արիստիդիսի շահերը: Վերջիվերջո Թեմիստոկլեսը հաղթեց, և աթենացիները 482 թվականին Արիստիդեսին ենթարկեցին օստրակիզմի ու արտաքսեցին երկրից: 

Թեմիստոկլեսը կարողացավ համոզել Ժողովրդական ժողովին` ֆինանսավորելու ռազմական նավաշինությունը: Հույները սկզբում կառուցեցին ընդամենը 200 նավ: Հետո ստեղծեցին բազմաթիվ ռազմանավեր` 30-թիականի՝ տրիակոնտներ, և 50-թիականի՝ պենտեկոնտներ: 

Այնուհետև անցան ամենաժամանակակից եռահարկ թիակներ ունեցող ռազմանավեր (տրիերես) ստեղծելուն, որոնք նոր որակ հաղորդեցին նավաշինությանը, հեղաշրջում մտցրին ծովային մարտերում: Բոլորովին այլ սկզբունքով կառուցված բարակ ու սուր քթով այդ նավերը զարգացնում էին այն ժամանակների համար աներևակայելի մեծ արագություն և աչքի էին ընկնում արտակարգ մանևրողականությամբ: Նրանք նավաճանկումը (աբորդաժ) փոխարինեցին խոյահարմամբ (տարան), որը տառացիորեն կիսում էր հակառակորդի նավը: Շինարարության տեմպերն անհավատալի էին. ամեն շաբաթ` երկու նավ: Յուրաքանչյուր տրիերեսի ջուրն իջնելը "Սարսափ էր թշնամու և ուրախության աղբյուր՝ բարեկամների համար”,– գրում է Քսենոֆոնը: 

Հույներն այստեղ էլ հարազատ մնացին իրենց էթնիկական հատկանիշներին: Քանի դեռ պայքար էր ընթանում նավաշինության կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև, աթենացիների դիրքորոշումը սպասողական էր ու նկատելիորեն պասսիվ: Իսկ երբ համոզվեցին, որ պարսիկների հարձակումն անխուսափելի է (հունական ռազմական հետախուզությունն աշխատում էր ակտիվորեն), նրանք 180 աստիճանով փոխեցին իրենց կեցվածքը և ընկան հակառակ ծայրահեղության մեջ: Մեծից փոքր, կին և տղամարդ իրենց պարտքը համարեցին նպաստել նավատորմի ստեղծմանը: Ով ինչով կարող էր: Նավաշինությունը վերածվեց ազգային շարժման, դարձավ յուրաքանչյուրի պատվի խնդիրը: 

Այս ամենն ինչ-որ տեղ հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմը, երբ խորհրդային ողջ տնտեսությունն ու ժողովուրդը կանգնեցին ռազմական ռելսերի վրա՝ անսալով "Հայրենիքը վտանգի մեջ է” կոչին: Սակայն մի բան է ռազմանավ կառուցելը, այլ բան՝ այն ջրարկելը, մանավանդ երբ գործ ունես թիանավի հետ, որն ամենից առաջ պահանջում է ֆիզիկական մեծ ուժ, մարզվածություն և հմտություն: Անգամ հոպլիտները` հույն ծանրազեն հետևակայինները, որոնք արտակարգ մարզված ռազմիկներ էին, սարսափ էին պատճառում թշնամու զորքերին և խուճապի մատնում, դժվարությամբ էին վարժվում թիավարման արվեստին: Սակայն, անկախ ամեն ինչից, հելլենները ոգևորված սկսեցին սովորել նավազների ծանր և վտանգաշատ գործը: 

Ողջ Ատտիկան "նստեց թիակների վրա”: Եվ դա իզուր չանցավ: Ռազմական նավատորմը վճռական դեր էր խաղալու Հին Հունաստանը կործանումից փրկելու գործում, նրան դարձնելու էր անտիկ աշխարհում համար մեկ ծովային տերությունը:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1135 reads | 14.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com