ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՈՒՅՆԵՐԸ ՍՊԱՆԵՑԻՆ ՊԱՐՍԻԿ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Պարսից արքաներ Կյուրոսը, Կամբյուսեսը և Դարեհը ստեղծեցին ահռելի չափերի հասնող կայսրություն, որը ձգվում էր Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկաստան, Կովկասից մինչև Պարսից ծոց:

Պարսկաստանի քաղաքական և վարչական կենտրոնը Սուսան (Շոշ) էր: Այստեղ էր արքունիքը: Այստեղ էր նստում "բոլոր ժողովուրդների և բոլոր տարածքների արքան”: Այդ հսկայածավալ կայսրության գլխին կանգնած էր ինքը` մեծն արքան՝ Պարսկաստանի բոլոր տարածքների ժառանգական միապետը` օժտված երկնային իշխանությամբ: Աստվածների կամոք նա բազմել էր Պարսկաստանի և Բաբելոնի գահերին, իշխում էր Եգիպտոսին: Իսկ հույների համար արքայից արքան բացարձակ բռնապետ էր առօրյա կյանքում, կրոնում և քաղաքականության մեջ: Մի խոսքով, նա հունական լիբերալիզմի և դեմոկրատիայի հակադրությունն էր (անտիթեզ), պատուհաս՝ նրանց կրոնական սրբությունների և զգացմունքների համար:

Պարսկական էքսպանսիան հիմնականում տարածված էր Հունաստանի ասիական մասի վրա, սակայն այն սպառնում էր սողոսկել Արևմուտք՝ իր տակն առնելով մայրցամաքային Հելլադան: Այդ ամենի հենքին պարսկական դիվանագիտությունը ցուցաբերում էր "բլիթի և մտրակի” քաղաքականության դասական օրինակներ: Իրենց իշխանության տակ ընկած երկրների նկատմամբ նրանք մի կողմից իսկապես ցուցաբերում էին կրոնական հանդուրժողականություն, չէին խառնվում տեղական սովորույթներին և առևտրին: Սակայն պարսիկների լոյալությունը հասկանալիորեն կրում էր դասակարգային բնույթ. իրենց ենթակա պոլիսներում նրանք ամեն կերպ նպաստում էին բռնապետության (տիրանիա) իշխանության գալուն և փակում էին դեմոկրատիայի ճանապարհը: Այնպես որ հույները պարսիկների հետ իրենց հարաբերություններում ավելի շատ նեղվում էին քաղաքական անկախության կորստից, քան այլ սահմանափակումներից: Մեկ էլ՝ անկախ պոլիսներն ապրում էին մշտական վախի պայմաններում՝ երբեք չմոռանալով, որ պարսիկները սպառնալից հայացքներ են գցում դեպի Եվրոպա՝ իրենց գլխի վրայով: Հետո, հելլենները քաջատեղյակ էին պարսկական լոյալության բուն էությանը և այդ առումով ոչ մի պատրանք չունեին:

Իրոք, պարսկական հանդուրժողականությունն ու բարի կամքը խիստ առաձգական էին և ունեին իրենց հստակ սահմանները: Եվ վայ նրան, ով քայլ կաներ գծից այն կողմ:

…Երբ սկյութների դեմ Դարեհի արշավանքը ձախողվեց, հունական մի քանի պետություններ Բոսֆորում և Հելլեսպոնտոսում գլուխ բարձրացրին: Պարսիկների հաշվեհարդարը եղավ արագ ու դաժան:

Ավելի ողբերգական վախճան ունեցան մյուս ապստամբությունները: Այսպես՝ 499 թվականին Փոքր Ասիայի արևմտյան ափին ոտքի կանգնեց Իոնիա նահանգի կարևորագույն քաղաքներից մեկը` Միլետը: Նրան միացան մյուս պոլիսները: Մայր հայրենիքը` Աթենքը, նրանց օգնելու նպատակով գրավեց Սարդեսը և այրեց այն: Սա Հունաստանի ամենամեծ սխալներից էր, որը հետո նրա "քթից էր գալու”: Բանն այն է, որ պարսիկ սատրապների այդ նստավայրի բնիկները` լյուդիացիները, որոնք տրամադրված էին պայքարելու զավթիչների դեմ, իրենց մայրաքաղաքի կործանումից հետո ատելության թիրախ դարձրին Աթենքը: Իսկ Դարեհը, ուշքի գալով, անցավ հակահարձակման: Հույներն ի վիճակի չեղան գործել միասնաբար, և նրանց ռազմական մեքենան փուլ եկավ խավաքարտե տնակի պես: Վճռական ճակատամարտում առաջինը փախուստ տվեցին սամոսցիները, նրանց հետևեցին Աթենքի մյուս դաշնակից զորքերը: Պարսիկների վրեժն ահավոր էր: Միլետը հրո ճարակ դարձավ. Տղամարդկանց ցցահան արեցին, պատանիներին ամորձատեցին, կանանց բռնաբարեցին ու մորթեցին երեխաների աչքերի առաջ: Դարեհը չսահմանափակվեց ապստամբած պոլիսները վերանվաճելով: Առիթից օգտվելով՝ նա ընդարձակեց կայսրության տարածքները, ապա նվաճեց ողջ Բալկանյան թերակղզին: Նշված դեպքերից հետո, ատելության կրակը սրտում անթեղ պահելու համար, արքան արբանյակներից մեկին կարգադրեց` ամեն անգամ ճաշի նստելուց առաջ արտասանել. "Տեր, հիշի՜ր աթենացիներին”:

Արդ Դարեհը ձեռնարկում է նոր արշավանք: Դեպի Աթենք: Դեպի Արևմուտք: Նա լրիվ տիրապետում էր իրադրությանը և լավ իրազեկված էր, օժտված էր վերլուծական ունակություններով և գիտեր, որ հույների թույլ կողմը միասնականության պակասն է: Սակայն գիտեր նաև, որ Աթենքի ու Սպարտայի դեմ դիվանագիտական դեմարշը որևէ արդյունք չի տալու: Մյուս բոլոր պոլիսների վրա ազդելու միջոցներն անպակաս էին: Ե՜վ ոսկի կար, և՜ ռազմական ուժ: Այնպես որ այդ պոլիսները ուշ թե շուտ ծնկի էին գալու իր առաջ: Ուրիշ էին աթենացիներն ու սպարտացիները. սրանք հունցված էին այլ խմորից:

Սակայն որոշեց, բոլոր դեպքերում, փորձել: Նա դեսպաններ ուղարկեց Աթենք և Սպարտա` պահանջելով "հող ու ջուր”, այսինքն` տարածքներ: Հույները, "մոռանալով” իրենց իսկ ստեղծած դիվանագիտական անձեռնմխելիության օրենքը, սպանեցին դեսպաններին:
 
Զգացմունքների նման պոռթկումը, որն արդյունք էր հույն-պարսկական հավանական պատերազմի պատճառով երկրում բարձրացող խորը դժգոհության, ամենևին չէր նշանակում որ հելլենները հրաժարվել էին քաղաքակիրթ դիվանագիտական մեթոդներից: Մանավանդ` աթենացիները: Նրանք ակտիվացնում էին 478 թվականին ստեղծված Աթենական միությունը, վարում էին բանակցություններ մյուս պոլիսների հետ, պատմության մեջ առաջին անգամ կազմակերպում գագաթնաժողովներ, մաքոքային այցեր և այլն: Սպարտացիները որոշեցին հետ չմնալ աթենացիներից: Համահունական ճակատ կազմելու ուղղությամբ կարևոր իրադարձություն եղավ նրանց նախաձեռնությամբ կազմակերպված արտակարգ համաժողովը Էլեոն քաղաքում: Ճիշտ է, մայրցամաքային Հունաստանի յոթ հարյուր քաղաքներից համաժողովին մասնակցեց հազիվ երեսուն տոկոսը, սակայն արվեց կարևորագույն առաջարկություն. հետ այսու դադարեցնել միջպոլիսային թշնամական գործողությունները: Ի զարմանս շատերի՝ պատվիրակները համաձայնվեցին առաջարկությանը, իսկ Էգինան, որը փաստորեն կռվում էր Աթենքի դեմ, ստորագրեց խաղաղության համաձայնագիր:

Մյուս կողմից՝ պոլիսներում ակտիվ գործող աթենական լրտեսական ցանցը հաղորդում էր, որ պատերազմի դեպքում որոշ քաղաքներ կանցնեն պարսիկների կողմը: Չէին ուրախացնում ռազմական հետախուզության տվյալները հակառակորդի զինված ուժերի մասին: Լրտեսները հայտնում էին, որ Հելլադայի դեմ շարժվում է ահռելի չափերի ու հզորության ռազմական հրեշավոր մեքենան:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1349 reads | 19.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com