ՀՈՒՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Բոլոր նշանավոր դիվանագետները, այդ թվում Հարոլդ Նիկոլսոնը, այս հարցում միակարծիք են: Այդ իսկ պատճառով, գոնե ինձ համար անակնկալ էր, երբ կարդացի նրա հետևյալ սպանիչ հայտարարությունը. "Չնայած այդ հոյակապ սկզբունքներին (դեմոկրատիային)՝ հույները պիտանի չէին որպես դիվանագետներ”: Նիկոլսոնն իր ոչնչացնող դատավճիռը բացատրում է երեք հիմնական պատճառներով, որոնք մեջբերում եմ ամբողջությամբ: "Առաջին. նրանց հատուկ է այն, ինչը հույն հայտնի պոետ Հեսիոդեսը (մոտ ավորապես 700 թ.) անվանել է "հույների հին հայտնի հիվանդություն` սերը դեպի անհամաձայնությունը”: Նրանց մրցակցությունն այնքան սուր էր, որ ջլատում ու սպանում էր ինքնապահպանման բնազդը: Երկրորդ. իրենց խառնվածքով հույները լավ դիվանագետներ չէին, նրանք վատ դիվանագետներ էին: Լինելով բացառիկ խելոք մարդիկ՝ հույները, միևնույն ժամանակ, ամեն ինչից բարձր էին դասում բանսարկությունը և խորամանկությունը՝ դրանով իսկ սպանելով ամեն տեսակի լուրջ բանակցությունների հիմքերի հիմքը` վստահությունը: Բացի այդ՝ նրանք անտակտ էին և շաղակրատ, չունեին գործողությունների հարմար պահը որսալու զգացողություն և աչքի էին ընկնում ծայր աստիճանի պարծենկոտությամբ: Երրորդ. Հույները չկարողացան ճիշտ սահմանազատել օրենսդրական և գործադիր իշխանությունների գործառույթներն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ կերպ դեմոկրատական հասարակության դիվանագիտական աշխատանքի մեթոդները դարձնել նույնքան արդյունավետ, որքան ամբողջատիրական հասարակության դիվանագիտական մեթոդներն են”: Թերությունների այս շարքը, Նիկոլսոնի կարծիքով, կործանեց հույներին: Ըստ իս՝ ամենամեծ վնասը հույների ազգային-պետական շահերին, բոլոր դեպքերում, հասցրել է առաջին պատճառը` անհամաձայնությունն ու երկպառակությունը: Մենք` հայերս, մեր պատմության շատ արհավիրքներ և դժբախտություններ կապում ենք հենց այդ հատկության հետ` համարելով այն մեր էթնիկական ամենամեծ թերություններից մեկը: Սակայն այլ ժողովուրդների պատմությանը թռուցիկ ծանոթությունն անգամ վկայում է, որ բոլոր ազգերն են տառապել նման կորստաբեր արատով: Այդ թվում` հույները: ![]() …Իսկ Պարսկաստանը, դարից դար լավ ուսումնասիրելով հույների նշված ազգավնաս հատկանիշները, կործանարար որոգայթներ էր հյուսում Հելլադայի շուրջը: Պարսիկների արտաքին քաղաքականության հունական վեկտորը հիմնված էր փիլիսոփայական ծանրակշիռ և մշակված հայեցակարգի վրա, կրում էր ծագումնաբանական բնույթ` փոխանցվելով մի տիրակալից մյուսին: Նախ` կար հարցի աշխարհաքաղաքական և գլոբալ ռազմավարական կողմը: Գրեթե ողջ Ասիան ծնկի բերած Պարսկաստանը ձգտում էր դեպի Եվրոպա, որի ուղին անցնում էր Հելլադայի տարածքով: Ուրեմն հարկ էր այն ճզմել և ճամփա բանալ: Նույն պատկերն է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև պանթյուրքիզմի ենթատեքստում: Իսկ գաղափարախոսական, հոգեբանական և կրոնական տեսանկյուններից հարևանների մեջ առկա էր անհամատեղելիության և անհանդուժողականության ողջ մի համակարգ: ![]() Այնուհետ արքան շարունակել է. "Եթե մենք հաղթենք, ապա աշխարհում չի մնա ոչ մի քաղաք, ոչ մի ժողովուրդ, որ համարձակվի ելնել մեր դեմ: Այդպիսով, մենք ստրկության լուծը կդնենք և մեղավորների, և անմեղների վրա”: Քաղաքակիրթ Հելլադայի դեմ ահագնանում էր մահաբեր վտանգը: Դարեր անց անգլիացի գաղութարարները կյանքի են կոչել պարսիկների երազանքը. արևը մայր չի մտել Բրիտանական կայսրության երկնակամարում: Նույն նկրտումներն է ունեցել Հիտլերը, իսկ նրանից երկու տասնամյակ առաջ՝ Լենինը: Պրոլետարիատի առաջնորդն այնքան էր վստահել համաշխարհային հեղափոխության հաղթանակին, որ իշխանությունը զավթելուց հետո շատ էլ չի կարևորել պետության դիվանագիտական գործունեությունը: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
2271 reads | 06.02.2014
| |