ԿԱՆԱՅՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՆՐԱՆՔ ԻՆՔՆԱԿԱ՞Մ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Ցավալի է, երբ միջազգային արհավիրքների պատճառ կամա թե ակամա դառնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք բնությունից կոչված են սեր և բերկրանք պարգևելու տղամարդկանց: Ֆրանսիացիները, լավ ճանաչելով կանանց, խորհուրդ են տալիս քաղաքական բոլոր խառն իրադրություններում փնտրել կնոջ հետքը:

Հին աշխարհում հենց որ կին էին փախցնում, մեծ կռիվներ էին սկսվում: Դեռևս Տրոյական պատերազմից շատ առաջ փյունիկեցի վաճառականները եգիպտական և ասորեստանյան ապրանքներ էին բերում Հելլադայի Արգոս քաղաք և ծախում հենց ծովափին, ուր մի անգամ իր ընկերուհիների հետ այցելում է Ինաքոս արքայի դուստր Իոն: Փյունիկեցիներն առևանգում են Իոյին ընկերուհիների հետ ու տանում Եգիպտոս: "Ոնց թե, դուք մեր Իոյին առևանգե՞ք, դե առևանգելը հիմա տեսեք”,– ասում են արգոսցիներն ու հարձակվում փյունիկյան Տյուրոս քաղաքի վրա, հավասարեցնում հողին և առևանգում արքայի սիրասուն դստերը, որն ուներ հնչեղ անուն` Եվրոպե: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Հելլեններին դուր է գալիս այդ արարքը, և հիմա էլ նրանք առևանգում են կոլխերի արքայադուստր Մեդեային: Գործին խառնվում են դիվանագետները: Հելլենները բանի տեղ չեն դնում բանակցելու եկած դեսպաններին և նրանց կախում են: Վատ օրինակը վարակիչ է: Տրոյայի արքայազն Պարիսը, տեսնելով, թե քանի-քանի արքայադուստրերի առևանգումներն անպատիժ են մնացել, ինքն էլ որոշում է փախցնել Սպարտայի գեղեցկուհի Հեղինեին: Թե ինչի հանգեցրեց այդ արկածախնդրությունը, մենք արդեն գիտենք: Տեղի ունեցավ անտիկ աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկը:

Տասը տարի Արևելքի և Արևմուտքի լավագուն բանակները մարտնչեցին Տրոյայի պատերի տակ: Բյուրավոր զոհեր եղան: Վերջիվերջո ասիական խոշորագույն քաղաքներից մեկն ընկավ, որի փլատակների տակ ոչնչացավ նրա ողջ բնակչությունը: Կործանվեց Պրիամոսի տերությունը:

Եվ այս ամենը՝ մի կնոջ երեսից: Անարգված և կրքից խելահեղված Մենելավոսը որոշել էր մորթել կնոջը, որը Պարիսի սպանվելուց հետո ամուսնացել էր նրա եղբայր Դեիֆոբոսի հետ, որին Տրոյայի անկման գիշերը Հեղինեն մատնեց, և նա սպանվեց Մենելավոսի ձեռքով: Հերթը կարծես թե հասել էր Հեղինեին: Բայց երբ խորամանկ Հեղինեն ստրիպտիզի նման մի բան սարքեց, ամուսինը քար կտրեց նրա մերկացած ստինքների տեսքից և մի կողմ նետեց սուրը: Հեղինեն գիտեր՝ ինչը ցույց տար: Նաֆսից թույլ, կասեինք մենք Մենելավոսի հասցեին:

Լինելով այդպիսին՝ նա ներում է կնոջը և ավելի մեծ սիրով լցված` տուն բերում: Այստեղ բախվում ենք ուղեղում դժվար տեղավորվող մի պարադոքսի. երկաթյա կարգապահություն, խստագույն բարքեր ունեցող, թշնամիներին ահ ու սարսափ պատճառող Սպարտան նրանց ընդունում է գրկաբաց, իսկ Հեղինեն դառնում է ազգային հերոս, որին մահից հետո աստվածացնում են: Բոլոր ժողովուրդների պատմություններն էլ ծնել են հերոսուհիներ, որոնց պաշտում են:
Ֆրանսիացիները` Ժաննա դ’Արկին, վրացիները` Թամարա թագուհուն, հայերը` սիրո դիցուհի Աստղիկին և կամ Անի քաղաքի պաշտպանության հերոսուհի Այծեմիկին: Նրանք ամենքն էլ արժանի են դրան: Սակայն հանուն ինչի՞ աստվածացվեց Հեղինեն: Որ մարդու գլխին եղջյուրնե՞ր տնկեց: Եվ դեռ մեծ հարցական է՝ նրան փախցրե՞լ են, թե՞ ինքն է փախել:

Հայտնի փիլիսոփա սիրակուզացի Դիոնը` Ոսկեբերան մականունով, օրինակ, քարը քարի վրա չի թողնում Հոմերոսի աշխարհահռչակ գործի այս մասը: Ըստ նրա` Հեղինեն շատ փեսացուներ է ունեցել, որոնցից մեկն էլ Տրոյայի արքայազն Պարիսն էր: Մի՞թե սպարտացիները կարող էին համեմատվել նրանց հետ, որոնք, մի թիզ հողից բացի, ոչինչ չունեին, մի խոսքով՝ Սիոնի աղքատներ էին: Մինչդեռ Տրոյան տիրում էր գրեթե ողջ Ասիային, և Պարիսի գանձարանը տրաքում էր հարստությունից: Պարզ է, որ Հեղինեի ծնողները նախընտրելու էին տրոյացուն: Այնպես որ, նա կամ օրինական կերպով հարս է գնացել, կամ էլ, եթե փախել է, փախել է ինքնակամ: Սակայն այս բոլորը, անշուշտ, քնարերգություն է: Հույների արշավանքի նպատակը ոչ թե Հեղինեն էր, այլ Տրոյան՝ իր աշխարհագրական դիրքով, որը Հելլեսպոնտոսի (Դարդանել) նեղուցի դարպասն էր դեպի Սև ծով:

Թեպետ այսօր էլ կան տեսաբաններ, որոնք Տրոյական պատերազմը պայմանավորում են Հեղինեով, իսկ ամերիկացի հումորիստ Վիլյամ Լայոն Ֆելպսն ավելացնում է. "Միակ պատերազմը, որը ես ողջունում եմ, Տրոյականն է: Այնտեղ կռվել են հանուն կնոջ, և տղամարդիկ իմացել են, թե ինչի համար են պատերազմում”: Իսկ ինչ վերաբերում է հռետորական հարցին` հույն կանանց փախուստի կապակցությամբ, Հերոդոտոսն այն միտքն է հայտնում, որ կանայք եթե "չցանկանային, չէին առևանգվի”: Ավելին, նա, հղում անելով փյունիկեցիներին, նշում է, որ "նրանք ասում են, թե Իոյին իրենք բռնի չեն առևանգել ու տարել Եգիպտոս, քանի որ նա դեռևս Արգոսում սեռական կապեր է ունեցել նավապետի հետ: Եվ երբ զգացել է, որ հղի է, ամաչել է ծնողներից ու կամովին փախել սիրածի հետ, որպեսզի իր արարքը չբացահայտվի”: Ժողովրդի ասած` ամոթը պարտակի: Այնպես որ դժվար է միանշանակ ասել, թե որ առևանգվածն է անմեղ, իսկ որը` մեղավոր: Բոլոր դեպքերում, պատմության հայր Հերոդոտոսին չհավատալը հղի է մեծ համարձակությամբ, իսկ նա հայտարարում է, թե ոչ մի կնոջ էլ չեն առևանգում, նրանք իրենք են առևանգվում: Սկսում ես կասկածել. միգուցե "կոմերիտուհի-գեղեցկուհի” Նինան նույնպես իր ոտքով եկավ Սաախովի ամառանոց…
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2002 reads | 20.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com