ՈԴԻՍԵՎՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Աքիլլեսը, իհարկե, սիրելի և հմայիչ է: Սակայն մեզ ավելի հետաքրքրում է Ոդիսևսը` որպես դիվանագետ: Համեմատենք Ոդիսևսին Մենելավոսի հետ: Հոմերոսը վերջինիս ներկայացնում է որպես հմուտ և ճարտասան հռետորի, որի ելույթը տպավորում և դուր է գալիս ներկաներին: Նրանից հետո ոտքի է կանգնում Ոդիսևսը, որին մարդիկ, Հոմերոսի խոսքերով, գիտեն որպես "հանճարեղ”, "ծանրակշիռ” և "անչափ խելացի” գործչի: Եվ այստեղ անհասկանալի մի բան է կատարվում: Ոդիսևսն իրեն իրադրությանը համապատասխան չի դրսևորում և շրջապատի վրա թողնում է "ինքնանփոփ” ու "անգաղափար” մարդու տպավորություն: Մի՞թե սա գովերգված "աստվածային” Ոդիսևսն է: Բայց եկեք չշտապենք: Ամբիոնին է մոտենում Ոդիսևսը: Նա կքված է, գլուխը` ներքև, ձեռքերը` անկյանք կախված:

Մի պահ նա կանգնում, լռում է, հետո սկսում է խոսել: Սկզբում՝ ցածր, հազիվ լսելի ձայնով և ձգվող ընդհատումներով: Եվ այն պահին, երբ տրոյացի զայրացած պատգամավորները մատները տանում են բերանները սուլելու և դիվանագետին վայր իջեցնելու համար, կատարվում է հրաշք: Ոդիսևսը ձգվում է իր ողջ պարթև հասակով մեկ, ուղղում է թիկնեղ մարմինը, առաջ է մղում հզոր կուրծքը, բարձրացնում առյուծաբաշ գլուխը և արծվային հայացք նետում ներկաների վրա: Եվ տրոյացիները տեսնում են Ոդիսևսի երկնային դեմքը, "որի հետ ոչ մի մահկանացու չէր մրցակցի”: Նրա "կուրծքն արձակում է հուժկու առնական ձայն”, "և հորդում են” "ճոխ ու խորիմաստ խոսքերը”: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ոդիսևսը պարզապես հմտորեն գործի է դնում դիվանագիտական խաղի փորձված մեխանիզմներից մեկը, որը կոչվում է "ինքնանվաստացման” կամ "գերհամեստության” բանաձև:

Սա խաբուսիկ հնարք է, որից օգտվում են փորձառու դիվանագետները բանակցային գործընթացի ժամանակ. սկզբից թողնել շփոթված, երկչոտ, անգամ անճար բանակցողի տպավորություն, թմրեցնել դիմացինի զգոնությունը, հետո կտրուկ հարվածով նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և դառնալ իրադրության տերը: Այսպես մանևրում էին Մարկոս Ցիցերոնը՝ իր անկրկնելի ելույթներում, Նիկոլո Մաքիավելին, Շառլ Թալեյրանը, Օտտո Բիսմարկը և ուրիշ փորձառու բանակցող դիվանագետներ:

Հոմերոսագետները հաշվել են, որ նա իր հերոսին բնորոշում է 45 հրաշալի մակդիրներով, անվանում "աստվածային”: Հարց է ծագում ՝ հնարավո՞ր է արդյոք այս ամենը համատեղել խարդավանքի, կեղծիքի ու նենգության հետ: Պարզվում է, որ հնարավոր է: Շնորհիվ իր հատկանիշների՝ Ոդիսևսը կարողանում է բարեհաջող դուրս գալ վտանգաշատ արկածներից: Մենք մեր կողմից, Հոմերոսին զուգընթաց, Ոդիսևսի դիվանագիտական դիմանկարին կավելացնեինք հետևյալը: Նա խելացի է, խորամանկ, զգուշավոր, հնարագետ, սառնասիրտ, վտանգի ժամանակ՝ իրեն չկորցնող: Եթե անհրաժեշտ է խաբել, խաբում է: Նա ստում է ոչ միայն այն ժամանակ, երբ դա պահանջում են հանգամանքները, այլ երբ չկա անհրաժեշտություն ստելու: Բնածին, հոգեբանների լեզվով՝ պրոֆեսիոնալ ստախոս: Նա երբեք հարցին ուղիղ չի պատասխանում, չի հայտնում իր անունը և ճանապարհորդության նպատակը: Կերպարանափոխվելու և խորամանկելու վարպետ: Հիշենք նրա հնարովի պատմությունների շարանը, որոնք նա Գյուլնազ տատի հեքիաթների նման հրամցնում է Պոլիֆեմոսին, Էվմեոսին և Պենելոպեին (հավանաբար հելլենները նույնպես ունեցել են իրենց Գյուլնազ տատը¤: Այս հանգամանքը գուցե կվշտացնի Ոդիսևս-բանակցողի անաղարտ կերպարի երկրպագուներին: Սակայն այստեղ, Հակոբ Պարոնյանի արտահայտությամբ, "նրբացուցիչ դեպք հանցանաց գոյություն ունի եղեր”: Ոդիսևսի մեջ ակնհայտ է ցայտուն արտահայտված "էության երկվությունը”:

Բանն այն է, որ իր բոլոր արատների ու թերությունների կողքին նա, վերջին հաշվով, պայքարում է հանուն հայրենիքի, այն էլ ինչպե՛ս է պայքարում: Իզուր չէ, որ Հոմերոսն իր սիրած հերոսին համարում է վեհանձն ու հայրենասեր: Եվ Ոդիսևսն իրոք այդպիսին է, քանզի հայրենիքը չի փոխում անգամ անմահության հետ, որով նրան փորձում էր գայթակղել հավերժահարս Կալիպսոն: Մենք ևս շատ խիստ չդատենք Ոդիսևսին: Հիշենք, որ նա ապրում էր պատմական այնպիսի ժամանակներում, որտեղ անհնար էր գոյատևել և գործել առանց դավի, հնարագիտության ու ճկունության: "Այդպիսի պայմաններում նա դրական և առաջադեմ կերպար է”,– գրում է անվանի հոմերոսագետ Ս. Ռադցիգը:

Այս բոլորով հանդերձ, Ոդիսևսը մտավ պատմության մեջ, հասավ մեր օրերը և դեռ երկար կապրի գլխավորապես շնորհիվ իր փայտե ձիու, որով հույները գրավեցին Տրոյան: Իսկ գործն արվեց այսպես:

Ինը տարվա պաշարումից հետո Տրոյան խաղաղություն է խնդրում: Հույները ծովափին կանգնեցնում են հսկայական փայտե մի ձի` իբր նվեր Աթենքի աստվածուհուն, իրենք էլ նավերը նստելով հեռանում են: Տրոյացիները դուրս են պրծնում դարպասներից և հորթային երջանկությամբ քանդում են քաղաքի պարսպի մի մասը ու ձին ներս տանում: Իզուր է Ապոլլոնի տրոյական գուշակ Լաոկոոնը նախազգուշացնում չանել նման բան: Վերգիլիոսը "Էնեական” պոեմում այսպես է եզրափակում է այդ տեսարանը՝ Timeo Danaos et dona ferentes (լատ., վախենում եմ անգամ ընծա բերող դանայացիներից):

Ուզում է ասել, որ թշնամու նվերը վտանգավոր է: Գուշակի խոսքը բերանից դուրս չեկած՝ ծովի հատակից երկու հսկա օձեր են հայտնվում և խեղճ քրմին խեղդում, երկու զավակներին էլ հետը: Տրոյացիներն ուրախ-ուրախ ձին ներս են տանում: Իսկ գիշերը խաղարկվում է Ոդիսևսի գծած սցենարի վերջին արարվածը: Ձիու որովայնից դուրս են թափվում հույները, բացում դարպասները, ներս թողնում վերադարձած իրենց զորքին, և քաղաքում սկսվում է կատարյալ բարդուղիմեոսյան գիշեր: Ոչ մի տրոյացի կենդանի չի մնում: Ահա թե ինչպիսի ձի էր մոգոնել դեսպան Ոդիսևսը...

Նա հմուտ է նաև կաշառակերության գործում: Երբ Աքիլլեսի մայրը՝ Թետիսը, ցանկանում է սպանված որդու զենքերը նվիրել Տրոյական պատերազմի քաջերից քաջ հույն հերոսներին, Ոդիսևսը խառնվում է իրար և կաշառում է գերի վերցված տրոյացիներին, որոնք էլ հայտարարում են, թե Ոդիսևսը սպանել է հակառակորդի ավելի մեծ թվով զինվորներ, քան որևէ մեկ ուրիշը, այդ թվում նաև ավագ Այաքսը: Այսպիսով, կաշառքի օգնությամբ Ոդիսևսը ձեռք է բերում հիշված զենքերը: Իսկ Այաքսն այն աստիճան է վիրավորվում այդ անարդարությունից, որ նախ թռցնում է խելքը, հետո հայտնվում է Հադեսի թագավորությունում: Եվ երբ Ոդիսևսը, իր հերթին կյանքից հեռանալով, հայտնվում է այնտեղ, Այաքսի ստվերը հրաժարվում է նրա հետ խոսել: Այստեղից է գալիս "Այաքսի վեճը Ոդիսևսի հետ զենքերի համար” թևավոր խոսքը: Այն իրենց ստեղծագործություններում օգտագործել են Սոֆոկլեսը և Էսքիլեսը, իսկ ավելի ուշ՝ Պուշկինը...

Մի փայտե ձի էլ մենք ունեինք երեխա ժամանակ, որի հեղինակը Գուրգեն Բորյանն էր: Այդ ձիուն մենք` հետպատերազմյան երեխաներս, "ներկում և կապում էինք մեր դռանը” և սպասում, թե երբ ենք մեծանալու, որ գնանք "Կարմիր բանակ ու կարմիր հերոս դառնանք”: Բորյանը խորհրդային գրող էր: Բնականաբար, նա Հոմերոսից ավելի մարդասեր ու մարդկային էր: Ուրեմն նրա ձին էլ ավելի լավը պետք է լիներ: Մենք մեր ձիուն շատ էինք սիրում:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2150 reads | 18.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com