ՀՈՒՅՆ-ՏՐՈՅԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Հին հույները, ամպերում աստվածների հետ բանակցելուց զատ, զբաղվում էին նաև իրական ու լուրջ գործերով. դնում էին միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմքերը: Այն վաղ ժամանակներում պատերազմի, խաղաղության, բանակցային գործընթացների մասին առաջին ինֆորմացիա հաղորդողներից մեկը Հոմերոսն էր: Մենք արդեն նշել ենք, թե ինչպես Տրոյայի արքայազն Պարիսը գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի օգնությամբ հափշտակեց սպարտացի Մենելավոսի կնոջը` Հեղինեին: Եվ թե ինչպես կնոջը հետ բերելու համար Մենելավոսը եղբոր՝ Արգոսի և Միկենայի արքա Ագամեմնոնի հետ զորք հավաքեց ու գնաց պատերազմելու Տրոյայի դեմ:
 
Սակայն պատերազմելուց առաջ հույները, այսինքն՝ նույն սպարտացիները փորձում են դիվանագիտական ճանապարհով հարթել հակամարտությունը և դեսպանություն են ուղարկում Տրոյա, որի կազմում էր, բացի Մենելավոսից, Հին Հունաստանի մեծագույն հերոսներից մեկը՝ Ոդիսևսը: Հիշենք, որ նա Իթակե կղզու առասպելական թագավորն էր, Պենելոպեի ամուսինը և Տելեմաքոսի հայրը:

Ոդիսևս-Մենելավոս դեսպանության բոլոր կանխարգելիչ քայլերը հաջողություն չեն բերում. բանակցությունները մտնում են փակուղի, որը հիշեցնում է սառը պատերազմի տարիների խորհրդա-ամերիկյան անպտուղ երկխոսությունը կամ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ դիվանագիտական քսանամյա անարդյունք ջանքերը: Տրոյացի Անտիմաքոս իշխանի, որն ըստ երևույթին հավաքագրված էր պարսկական հետախուզության կողմից և մեծ ազդեցություն ուներ Տրոյայում, դիրքորոշումն ապակառուցողական էր: Նա Տրոյայի Ժողովրդական ժողովում կազմակերպում է Հեղինեին վերադարձնելու դեմ կամպանիա: Հոմերոսը լռում է, բայց բացառված չէ, որ այդ Անտիմաքոսը նաև կաշառված է եղել Հեղինեին հափշտակած Պարիսի կողմից: Իշխանը հավանաբար ունեցել է մարդատյացության սինդրոմ, որը, ըստ Չեզարե Լոմբրոզոնի, սահմանակցում է բարոյականության խանգարման (follia morale իտալ.) հետ: Անտիմաքոսը՝ ատելությունից կուրացած, պահանջում է չեղյալ հայտարարել ժամանած դեսպանների անձեռնմխելիությունը և սպանել նրանց:

Նրա առաջարկը բարեբախտաբար մերժվում է, իսկ տարածաշրջանի հասարակայնությունը ցնցվում է նման դաժան, հակադիվանագիտական առաջարկից:

Մեր պատգամավորները, եթե կարդացած լինեին "Իլիականը”, թերևս ձեռնպահ մնային իրենց գործընկերներին 2008-ին անձեռնմխելիությունից զրկելու և բանտ ուղարկելու քայլից:

Եթե Անտիմաքոսի մտքով անգամ անցներ, թե գլխին ինչ փորձանք է գալու, նման առաջարկ հաստատ չէր անի և աստվածների զայրույթը չէր հրավիրի իր վրա: Հոմերոսը պատմում է, թե ինչպես հույն-տրոյական պատերազմի ժամանակ Անտիմաքոսի երկու որդիները վայր են գլորվում մարտակառքից և ընկնում Ագամեմնոնի ձեռքը: "Հիմա, վերջապես, դո՜ւք պատասխան կտաք ձեր հոր անամոթ քայլի համար”,– հայտարարում է արքան և հրամայում գլխատել խեղճ տղաներին: (Հետո էլ ասում են, թե որդիները պատասխանատու չեն ծնողների արարքների համար)…

Եվ այսպես, դիվանագիտական բանակցությունները ձախողվում են: Առջևում արյունալի պատերազմն է: "Իլիականի” իններորդ երգում նկարագրվում է մեկ այլ դեսպանական առաքելություն: Նրա կազմում են դեսպանի կարգավիճակ ունեցող Ոդիսևսը, Աքիլլեսի հռետորական ու ռազմական արվեստի ուսուցիչ Ֆենիքսը և հունական պատերազմի երկու անբաժան հերոսները՝ Այաքսները, որոնք ճանաչված դյուցազուններ էին: Ուշադրություն դարձրեք, մեկից ավելի դեսպան` մեկ պատվիրակությունում:

Նրանց թիվը կարող էր հասնել մինչև տասի: Ո՞րն է խնդիրը: Խորամանկ հույները, իրենց առաքելությանը կարևորություն և իրազեկություն, կոլեգիալ ոգի հաղորդելու ցանկությունից զատ, ամենայն հավանականությամբ, հետապնդել են պատվիրակության գործերին լրիվ տեղեկացված լինելու, մի դեսպանի՝ մյուսին հսկելու և Ժողովրդական ժողովում նրանց գործուղման լրիվ պատկերն ունենալու նպատակ: Այս բոլորը՝ դեռ ոչինչ. պարզվում է, որ պատվիրակությունների բազմադեսպան լինելու գլխավոր պատճառը երկրում տարբեր քաղաքական կուսակցությունների առկայությունն էր, որոնց միջև մշտապես կատաղի պայքար ու թշնամանք կար: Նշանավոր քաղաքական գործիչ Դեմոսթենեսը, լինելով մակեդոնյան արքունիք գործուղված խիստ կարևոր դեսպանության կազմում, օրինակ, այն աստիճան լարված հարաբերությունների մեջ է լինում խմբի այլ կուսակցական դեսպանների հետ, որ հրաժարվում է նստել նրանց հետ նույն սեղանի շուրջ և գիշերել նույն պանդոկում:

Մի՞թե երեք հազար տարին ոչինչ չի փոխում մարդկանց ուղեղներում և հոգիներում:

Այս պատմությունը ճիշտ և ճիշտ հիշեցնում է տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող հայկական խորհրդարանական պատվիրակության վերջերս Ստրասբուրգ կատարած այցելությունը…

Ուրեմն, վերոհիշյալ դեսպանությունն ուներ հստակ հանձնարարություն` համոզել Աքիլլեսին՝ մասնակցելու հույների կողմից Տրոյայի դեմ պատերազմին: Բանն այն է, որ Աքիլլեսը տասը տարի անձնվիրաբար և քաջությամբ հույների համար տրոյացիների դեմ կռվելուց հետո ծանր վիրավորանք էր կրել Ագամեմնոնից: Վերջինս գողացել էր նրա հոմանուհի Բրիսիեսին, որն առաջնակարգ գեղեցկուհի էր:

Ըստ երևույթին, Անտիկ ժամանակներում կանանց փախցնելն արքաների հոբբին է եղել: Դրան դեռ կանդրադառնանք: Ոդիսևսի պատվիրակությունը գտնում է Աքիլլեսին իր ցեղակից միրմիդոնների վրաններում և փորձում է հերոսի զայրույթը մեղմել: Ոդիսևսը հորդորում է նրան` խաղալով նրա հայրենասիրական լարերի վրա, քաղցր լեզու է թափում: Հիշեցնում է նրա հոր` Պելևսի խոսքերը, որը պատվիրում է որդուն հաշտվել իր ցեղակիցների հետ: Սակայն Աքիլլեսն անդրդվելի է և անզիջում: Այնժամ Ոդիսևսը գործի է դնում իր վերջին միջոցը` կաշառքը: Նա թվարկում է ընծաները` մեծաքանակ ոսկի, զտարյուն նժույգներ, լեսբուհիներ, որոնք իրենց սեքսուալ հնարքներով, "իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց”, այդ թվում՝ առևանգված Բրիսիեսին:

Ուրեմն, 21-րդ դարում որոշ կասկածելի գործարքներ կանանց օգնությամբ "ամրագրելու” պրակտիկան գալիս է անցյալ թվականության VIII դարից:

Սակայն Աքիլլեսն անդրդվելի է, անաղարտ և անկաշառ: Եվ երբ տրոյացիներն արդեն շրջապատում են հույների ճամբարը և պատրաստվում են այրել նրանց ռազմանավերը, Աքիլլեսն իր սիրելի ընկերոջը` Պատրոկլոսին, օգնության է ուղարկում հույներին: Վերջինս սպանվում է: Այստեղ արդեն Աքիլլեսը մոռանում է քենը և մարտի է նետվում: Նա վրեժ է լուծում ընկերոջ համար` սպանելով տրոյացիների գլխավոր հերոսին` Հեկտորին: Հետո Պարիսի թունավոր նետը խոցում է Աքիլլեսի թույլ տեղը` գարշապարը, և նա զոհվում է: Աքիլլեսը քաջության, վեհանձնության և անձնազոհության կատարելատիպ է` զերծ խորամանկությունից, կեղծավորությունից և երկերեսանիությունից:

Նա արհամարհում է շահը և ընկերոջ համար կյանքը չի խնայում: Հոմերոսն Աքիլլեսին օժտել է մարդկային լավագույն հատկանիշներով, իսկ ռուս քննադատ Վիսարիոն Բելինսկին նրան անվանել է "հերոսական Հունաստանի բանաստեղծական ապոթեոզ”:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2983 reads | 09.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com