ՍՈՒՏՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂՆԵՐԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Սուտը դանդաղ գործող ական է. այն կարող է քանդել պետություններ ու թագավորություններ: Ամենայն հայոց բանաստեղծն իր "Սուտասանը” հեքիաթում անպաճույճ, սակայն համոզիչ նկարագրում է նման մի դեպք, որը կարելի է զետեղել դիվանագիտական դասագրքերում` "Ստելը վտանգավոր է” վերտառությամբ:

Հեքիաթում պատմվում է, թե ինչպես թագավորը պատրաստ է թագավորության կեսը տալ նրան, ով իրեն կխաբի: Պալատ են գալիս զանազան ստախոսներ և ձեռնունայն հեռանում: Հետո ներս է մտնում մի աղքատ գյուղացի և հայտարարում.
–Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:
–Մի կոտ ոսկի՞,– զարմանում է թագավորը:– Սուտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:
–Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:
–Չէ, չէ, ճշմարիտ ես ասում,– խոսքը փոխում է թագավորը:
–Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկի տուր:


Հեքիաթը` հեքիաթ, սակայն երբ ստում են ժամանակակից պետությունների ղեկավարները, ստում են ցինիկաբար՝ փորձելով մոլորեցնել և ապատեղեկացնել միջազգային հանրությանն ու նրա ինստիտուտներին և հետն էլ ձեռք բերել քաղաքական շահաբաժիններ, սա արդեն մի կոտ ոսկի չէ, ոչ էլ թագավոր-գյուղացի "երկխոսություն”:

Դիվանագիտական էթիկայի, բանակցային ազնվության և շիտակության մասին ապշեցուցիչ ցինիկությամբ ու սպանիչ դաժանությամբ է խոսել Ստալինը: "Դիվանագետի խոսքերը չպետք է ոչ մի ընդհանուր բան ունենան նրա գործերի հետ, թե չէ` ի՞նչ դիվանագիտություն…

Գեղեցիկ խոսքերի հետևում թաքնված են այլանդակ գործեր: Անկեղծ դիվանագիտություն գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն չոր ջուր և փայտյա երկաթ”,– նշել է ժողովուրդների "հայրը”:

Միջազգային սուտը` զուգորդված դիվանագիտական բազմաքայլ խաղերով, կարող է ունենալ տարբեր գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներ: 1967 թվականին Իսրայելի քարոզչական մեքենան "Վեցօրյա պատերազմի” նախօրեին լայն կամպանիա ծավալեց տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, թե իբր Թել Ավիվն ամենևին էլ մտադրություն չունի սկսել ռազմական գործողություններ, ինչպես նաև գործի դրեց զանազան հնարներ ապատեղեկացնելու համար իր զինված ուժերի իրական վիճակի մասին: Հրեաներին լիովին հաջողվեց իրագործել ծրագրած պլանը: Անսպասելի լայնաճակատ ռազմական գործողություններ սկսելով արաբների դեմ` հրեաները հաշված օրերի ընթացքում գլխովին ջախջախեցին նրանց՝ բարոյական և նյութական մեծ կորուստներ հասցնելով արաբական աշխարհի ռազմավարական գործընկեր Խորհրդային Միությանը:

Գրեթե նույն բանը կատարվեց 1941 թվականին ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի միջև, երբ Հիտլերը դարձավ Կրեմլի դաշնակիցը, հետո ուխտադրուժ հարձակվեց: Միայն թե արաբա-իսրայելական պատերազմից այն տարբերվում էր նրանով, որ Ստալինը, քաջ գիտակցելով Հիտլերի խաբեությունը և ստախոսությունը, ուժեղ շարժառիթներ ուներ հավատալու նրան: Ստալինը մեծ հույսեր էր կապում 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրված Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնագրի հետ, որը միմյանց վրա չհարձակվելու երաշխիք էր տալիս: Մինչդեռ այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրած անձինք հեռու չէին ստելու և խաբելու հատկությունից: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո, երբ հյուրերը գնացին, Ստալինը` ժեստերի մեջ այդ զուսպ և ժլատ անձնավորությունը, Ն. Խրուշչովի պատմելով, սկսեց պարել և բացականչել. "Խաբեցի Հիտլերին, խաբեցի Հիտլերին”:

Անցյալ դարի կեսերից տեղափոխվենք մեր օրերը և տեսնենք, թե սուտը և քաղաքական խաբեությունը ինչպես են խաղարկվում որոշ պետությունների առաջնորդների կողմից:

"Ադրբեջանում ազգայնական և կրոնական հողի վրա երբեք չի եղել և, համոզված եմ, երբեք էլ չի լինի որևէ կոնֆլիկտի կամ հակադրության պատճառ: Ադրբեջանում բոլոր ժողովուրդները, բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են ինչպես մեկ ընտանիք”:

Սա հայկական կողմի պրոպագանդիստական տրյուկը չէ: Խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2009 թվականի նոյեմբերի 6-ի "Միջկրոնական երկխոսություն: Փոխըմռնումից մինչև համագործակցություն” կոնֆերանսում:

Ի՛նչ Սումգայիթ, ի՛նչ Նախիջևան, ի՛նչ Բաքու: Պարզվում է՝ ժողովուրդների բարեկամության դրախտը երկնքից իջել է մեր հարևան հանրապետություն, որտեղ երբեք վարձու լանդսկնեխտների օրինակով մարդկանց` մեծից փոքր, չեն մորթել, կանանց և աղջիկներին չեն բռնաբարել: Տարածաշրջանային Շվեյցարիա, հեքիաթ-Էլդորադո...

Մեր հարևան պետության մարտնչող ղեկավարների դիվանագիտական սուտը վերաբերում է մեր երկու հանրապետություններին և կարող է շատ թե քիչ պղտորել քաղաքական կլիման տարածաշրջանում: Սակայն լինում են խաբեության գլուխգործոցներ, որոնք միտված են փոխելու պատմության ընթացքը, շուռ տալու մարդկանց ճակատագրերը, այլափոխելու նրանց կացութաձևը, հոգեկան աշխարհն ու մտածելակերպը:

Լենինը լավ հիշողություն ուներ, լավ գիտեր միջազգային հարաբերությունների պատմությունը, հավանաբար ծանոթ էր Հին Հունաստանի և Հին Հռոմի դիվանագիտության ինչպես դեմոկրատական սկզբունքներին, այնպես էլ ստորջրյա հոսանքներին, քաղաքական խաղերին ու խաբեություններին: Եվ այդ ամենից օգտվելով` 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջման երկրորդ իսկ օրը հրապարակեց բոլշևիկյան Ռուսաստանի առաջին դիվանագիտական փաստաթուղթը` "Խաղաղության դեկրետը”, թե իբր հրաժարվում է գաղտնի դիվանագիտությունից, գաղտնազերծում ու հրապարակում է ցարական Ռուսաստանի բոլոր պայմանագրերը: Սա արտաքնապես դեմոկրատական, գրավիչ փաստաթուղթ էր, իսկ խորքում` դիվանագիտական բլեֆ: Դեկրետում շեշտվում էր, որ խորհրդային կառավարությունը Ռուսական կայսրության իրավահաջորդը չէ և հրաժարվում է նրա ստորագրած բոլոր համաձայնագրերից ու ստանձնած պարտավորություններից:

Եթե չկան համաձայնագրեր, ուրեմն չկան օտար պետությունների՝ Ռուսաստանում արված միլիարդների արժողությամբ ներդրումներ, սեփականություն, անշարժ գույք: Բացարձակապես ոչինչ: Զրո:
Խաղաղության դեկրետը թաքցնում էր մեկ այլ՝ ավելի վտանգավոր որոգայթ: Լենինը դիմում էր բոլոր պատերազմող "ժողովուրդներին և պետություններին” (Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին–Ա.Ն.)՝ պահանջելով անմիջապես բանակցություններ սկսել` "արդարացի և դեմոկրատական խաղաղության” հասնելու, "իմպերիալիստական պատերազմը դադարեցնելու” համար: Կոչն ուղղված էր ոչ միայն կառավարություններին, այլև պատերազմող կողմերի ժողովուրդներին և Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի գիտակից պրոլետարիատին: Դա դիվանագիտական բոլոր նորմերի խախտում էր, փաստորեն հեղափոխության ազդանշան՝ այդ երկրների ժողովրդական զանգվածներին: Լենինը հիանալի հասկանում էր, որ Գերմանիայի դեմ պատերազմը շարունակելը կարող է կործանել իր սկսած հեղափոխությունը, Ռուսաստանն էլ հետը՝ չնայած պատերազմում նրա տարած հաղթանակին:

Գրեթե միաժամանակ "բաց դիվանագիտության” կոչով հանդես եկավ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը` 1918 թվականի հունվարին առաջ քաշած իր հայտնի "14-կետանոց” խաղաղություն ծրագրում, որն այդպես էլ մնաց թղթի վրա, քանի որ ուտոպիա էր, քաղաքական իրականությունից կտրված վարդագույն երազ: Լենինի դեկրետն էլ կյանքի չկոչվեց, քանզի այն իռացիոնալ էր: Նրանց միջև տարբերությունն այն եղավ, որ Վիլսոնը դարձավ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ խեղճ Իլյիչը չարժանացավ մայր հողին, այդպես էլ մնաց անթաղ` կախված երկրի և երկնքի միջև:

Միջազգային գետնի վրա պետությունների ղեկավարներն Արևմուտքում և Արևելքում բացառություն չէին, որոնք կեղծիքը, սուտն ու խաբեությունը բարձրացրին դիվանագիտական կատեգորիայի մակարդակին: Այնպես որ, այդ մեղքն ամբողջովին մեր կնքահայր Հերմեսի վզից կախելն արդարացի և ճիշտ չէ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
4415 reads | 24.12.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com