ՀԵԼԼԱԴԱՅԻ ԿԻՍԱԲԱՐԲԱՐՈՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐԴԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հին Հունաստանի դիվանագիտության մասին խոսելիս Փիլիպոս II-ի անունը չհիշելը բացթողում կլինի այդ կայսրության պատմության համար և անարդարություն` հելլենիզմի շրջանի խոշորագույն քաղաքական գործչի ու տաղանդավոր դիվանագետի նկատմամբ: Դրա կողքին՝ համարել նրան զուտ հունական ֆենոմեն նույնպես ճիշտ չի լինի, քանի որ իրենց` աթենացիների կարծիքով՝ մակեդոնացիները, որոնց թագավորներից մեկն էր այդ Փիլիպոսը, այնքան էլ հույներ չէին, բայց օտարներ էլ չէին: Մակեդոնացիները, նրանց բնորոշմամբ, "կիսաբարբարոսներ” էին: Եվ այդ "կիսաբարբարոսը” բախտորոշ նշանակություն էր ունենալու Հունաստանի համար: Նա ստեղծելու էր հուսալի բազիս, անհրաժեշտ նախապայմաններ, որոնք պայմանավորելու էին Ալեքսանդր Մեծի աշխարհակալ հաղթարշավները: Բոլոր ժամանակների այդ հանճարեղ զորավարը Փիլիպոս II-ի որդին էր:

Սակայն, կրկնում ենք, առանց նրա դիվանագիտական զարմանահրաշ նվաճումների՝ Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական հաջողությունները հազիվ թե հնարավոր լինեին: Սկզբում հույն-պարսկական, հետո Պելոպոնեսյան արյունահեղ պատերազմների թոհուբոհի մեջ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ հետամնաց Բալկաններում ձևավորվում և բարձրանում է բոլորովին նոր ռազմաքաղաքական ուժ` Մակեդոնիան: Այն իր երկաթյա ձեռքերում էր հավաքել գործունյա, նպատակասլաց, խիզախ ու դաժան Փիլիպոսը: Ամենից առաջ նա ստեղծեց մշտական գործող բանակ, որտեղ առաջին տեղը հատկացված էր հռչակավոր մակեդոնական փաղանգին:

Ունենալով ռազմական տարբեր ստորաբաժանումներ ու սպառազինության տարբեր տեսակներ՝ բանակը ղեկավարվում էր մեկ հրամանատարական կենտրոնից և գործում էր նախանձելի ներդաշնակությամբ՝ ինչպես հոյակապ մեխանիզմ: Որտեղ՝ հզոր բանակ, այնտեղ՝ նոր տարածքներ: Մակեդոնիան ընդարձակեց իր սահմանները` Հոնիական ծովից մինչև Պոնտոս: Գրաված երկրներն իրենից հարուստ էին: Հատկապես՝ Թրակիան: Նրա ոսկու հարուստ պաշարները հոսեցին Մակեդոնիա: Այնպես որ ունեցվածքը լիուլի բավարար էր ուրիշի ունեցվածքի վրա աչք չտնկելու համար: Սակայն թագավորին հանգիստ չէին տալիս հելլենական պոլիսների շքեղությունն ու փայլը: (Հայտնի բան է, երբ աղքատը հարստանում է, ցանկանում է նաև ազնվանալ, արյանը հաղորդել կապույտ երանգ: Այդպես են վարվում բոլոր նորելուկները` սկսած Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ հարստացածներից մինչև մեր օրերի կոռումպացված օլիգարխները): Իսկ այդ նախանձի հետևում թաքնված էին ավելի հեռուն գնացող քաղաքական պլաններ: Փիլիպոսը ձգտում էր տիրել Հելլադային, և այդ նպատակով գլխավոր պոլիսներում ստեղծեց այսպես կոչված "Մակեդոնիայի բարեկամների միություններ”:

Դրանք լավ կազմակերպված հինգերորդ շարասյուներն էին, որոնք սնվում էին մակեդոնյան ոսկով և մոտեցնում էին Փիլիպոսի գալստյան "X ժամը”: Արքան կաշառքի մեծ վարպետ էր և շարժվում էր "Ոսկով բեռնված ավանակը կգրավի ուզածդ ամրոցը” նշանաբանով: Հունաստանի վրա իր գերակայությունը (հեգեմոնիա) հաստատելու համար Փիլիպոսը համբերատար և հետևողականորեն համադրում էր ռազմական և դիվանագիտական միջոցները: Նա հունական դեսպաններին հրավիրում էր բանակցությունների, իսկ այդ արանքում մեկ առ մեկ գրավում նրանց քաղաքները: Հետո կարողանում էր նրանց հետ համաձայնագիր ստորագրել, որով փաստորեն Հունաստանը հաշտվում էր կատարվածի հետ:

Փիլիպոս II-ը խորամանկ, ճկուն և փորձառու քաղաքական գործիչ էր: Նա հոյակապ բանակցային դիվանագետ էր: Դրա հետ մեկտեղ՝ վերցրած պարտավորությունը և խոստումը դրժելը, իր ստորագրած միջպետական պայմանագրերն ու փաստաթղթերը չհարգելը նրա համար քիթ սրբել էր: Փիլիպոս II-ը վճռական, ոչ մի միջոցից չխորշող խաղացող էր: Լինելով պաուզայի մեծ վարպետ՝ կարողանում էր մաստակի պես ձգել բանակցային գործընթացը, որը տառացիորեն համբերությունից հանում էր դիմացինին և մղում նրան իրար հետևից սխալներ գործելու: Նա քաղաքական կոմբինացիաների մեծ վարպետ էր: Հմտորեն և ճարպկորեն հարմարվում էր իրադրությանը՝ մեկ լինելով պարզամիտ, մեկ էլ խորամանկ: Նա մերթ մարդասեր էր, մերթ դաժան, համեստ կամ գոռոզամիտ, զուսպ կամ անսանձ: Փիլիպոսը երբեմն ձևացնում էր, որ հետ է կանգնել իր որոշումից, բայց իրականում նա սպասում էր հարմար պահի: Նա միշտ ճշգրտությամբ հաշվում էր հակառակորդի գորործողությունները, մինչդեռ վերջինս երբեք չէր գուշակում նրա պլանները: Սակայն Փիլիպոսն իր դիվանագիտական որոգայթների և քաղաքական ինտրիգների կողքին ուներ մի շարք բարեմասնություններ և արտակարգ ունակություններ, որոնց կնախանձեր ամեն մի դիվանագետ: Նա փայլուն հռետոր էր, նրա սրամտությունը, խոսքը և վարվեցողությունը հիացմունք էին պատճառում: Փիլիպոսի հմայքը գրեթե խարիզմի էր հասնում:

Այդուհանդերձ, Փիլիպոսին չի հաջողվում խուսափել խոշոր ռազմական բախումից: 338 թվականին Հերոնեի մոտ նա ջախջախում է Հունական լիգայի միացյալ ուժերին և, ռազմական հաղթանակը զուգակցելով մի շարք փայլուն դիվանագիտական քայլերի հետ, հելլենական աշխարհին պարտադրում է իր "անշահախնդիր բարեկամությունը ", այսինքն` գերակայությունը: Հետո Փիլիպոսին հաջողվում է համոզել հույներին համատեղ պատերազմել "աթենքցիների երդվյալ թշնամի Պարսկաստանի դեմ”: Ստեղծվում է դիվանագիտական հազվագյուտ կազուս: Փաստորեն մի երկրի (Մակեդոնիա) տիրապետության տակ ընկած մեկ ուրիշ երկիր (Հունաստան) դառնում է այդ երկրի դաշնակիցը՝ երրորդ երկրի (Պարսկաստան) դեմ պատերազմելու համար: Նման բանի կարող էր հասնել միայն տաղանդավոր քաղաքագետը և անսովոր ունակությունների տեր դիվանագետը: Իսկ ինչպե՞ս ներկայացավ աշխարհին Հունաստան-Մակեդոնիա տարօրինակ դաշինքը, երբ մակեդոնացիներն իրենց իշխանության տակ առան բալկանյան և հունական բոլոր պետությունները: Մակեդոնական քարոզչությունն առաջ քաշեց այն կանխադրույթը, թե, իբր, պատերազմը "կփրկի հելլեններին և հելլենական մշակույթը բարբարոսներից”:

Մինչդեռ, այդ ամենը սոսկ Մակեդոնիայի արքայի ծավալապաշտական պլանների ծխածածկույթն էր: Սակայն Փիլիպոսի ծրագրերը մնում են անկատար: Նրան սպանում է իր թիկնապահ Պավսիանոսը: Մակեդոնիայի զորավարներից մեկը` Ատտալոսը, խնջույքի ժամանակ հարբեցնում և ծաղրում է Պավսիանոսին: Նա, հայցելով Փիլիպոսի պաշտպանությունը, խնդրում է պատժել զորավարին: Արքան արհամարհում է թիկնապահի խնդրանքը, և վերջինս իր վիրավորանքի սլաքն ուղղում է տիրոջ կողմը: Գոյություն ունեն սպանության ուրիշ վարկածներ ևս: Կասկածում են Փիլիպոս II-ի կնոջը` Օլիմպիային, որի համար շարժառիթ կարող էր լինել կանացի խանդը: Կասկածում են նաև տղային` Ալեքսանդրին, թե նա շտապում էր նստել գահին: Սակայն ամենայն հավանականությամբ Փիլիպոս II-ին վերացրեց պարսկական հետախուզությունը՝ կանխարգելելու համար իր երկրի դեմ հասունացող ռազմական վտանգը:

Կմտածեի՞ն արդյոք պարսից դիվանագետները, թե ինչ չարիք են բերելու իրենց գլխին` կանաչ լույս վառելով Ալեքսանդրի ճանապարհին:

Որդին հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը և ծավալապաշտական մարմաջը: Նա ծնկի բերեց պարսկական կայսրությունը:

Հելլենական վրեժը լիուլի լուծված էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում են Ասիայի և Աֆրիկայի անծանոթ, խորհրդավոր ու գայթակղիչ երկրները՝ մինչև Հնդկաստան: Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:

…Մեծ մակդիրն ավելի քան հարիր է Ալեքսանդրին: Նա դարձավ երեք մայրցամաքներում փռված ահռելի կայսրության տիրակալը, կիսաստված` միլիոնների համար: Նա կերպարանափոխեց անտիկ աշխարհը, նոր ուղղություն և բովանդակություն հաղորդեց նրա զարգացմանը: Իսկ երբ հասավ փառքի գագաթնակետին, մարդիկ այլևս չէին հիշում, որ նա քարտեզի վրա կորած փոքրիկ երկրամասի երեկվա պատանին է: Ալեքսանդր Մակեդոնացին պատմության մեջ հառնեց որպես Աշխարհի Քաղաքացի: ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
2920 reads | 07.08.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com