ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒ՞Մ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախևառաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, և այդ շարժումը խաթարվում է, երբ խախտվում են օրենքները: Դրանցից ամենակարևորներից մեկը ուսուցանում է՝ պետության կայունությունը և ուժն ուղիղ համեմատական են նրա ներքին ամրությանը և այն բնակեցնող հանրության միասնականությանը: Հելլադայի երկու հիմնական պոպուլացիաները` աթենացիները և սպարտացիները, խախտեցին այս ոսկե հավասարակշռությունը, և երկիրը կանգնեց կործանման եզրին: Նրանք սկուտեղի վրա պարսիկին հրամցրին այն, ինչը ժամանակին պահել էին զենքի ուժով` միասնաբար… 

Իսկ ասել, թե արքայից արքա Դարեհը ձեռքերը ծալած սպասում էր այդ երկնային մանանային, կնշանակի թերագնահատել պարսիկների տաղանդը` քաղաքական խորաթափանցությունը, դիվանագիտական փորձը, խորամանկությունը, պետական մտածողությունը և կայսերական նկրտումները: Արքայի երկնագույն երազը հույնպարսկական պատերազմի՝ ամեևին ոչ իր օգտին արձանագրած արդյունքները սրբագրելն էր: Եվ այդ նպատակով արքայական բոլոր ծառայությունները` դիվանագիտական անձնակազմը, ռազմական և քաղաքական հետախուզությունները, լրտեսական ցանցն ուշիուշով հետևում էին Հունաստանում ընթացող իրադարձություններին, ակտիվորեն աշխատում էին պատերազմող կողմերի հետ, շոշափում նրանց թույլ և խոցելի կետերը, խաղում նրանց միջև թշնամանքի և հակասությունների վրա: Արքայից արքան ճիշտ էր հաշվարկել, որ Աթենքի դիվանագիտական սխալներն իր կողմն են հրելու Սպարտան, և որ նա առաջինն է կուլ տալու պարսկական խայծը: 

Սպարտայի աքիլլեսյան գարշապարն իր թշնամու` Աթենքի համեմատությամբ թույլ նավատորմն էր: Դարեհ II-ը ֆինանսավորեց սպարտացիների նավաշինությունը արքայաբար, այնքան առատորեն, որ նրանք կարող էին ոսկե նավեր կառուցել: Արքան պատրաստ ր ավելին անել, միայն թե Սպարտայի ձեռքով խեղդեր իր ոխերիմ թշնամի Աթենքին: Սակայն ասել, թե Դարեհը ձգտում էր ուժեղացնել Սպարտան, կնշանակի սխալ մեկնաբանել պարսկական դիվանագիտության ուղղվածությունը, որի թիրախը Էգեյան ծովի ավազանում և Փոքր Ասիայում բոլոր խաղացողների քաղաքական և ռազմատնտեսական թուլացումն էր և այնտեղ իր հզորության վերականգնումը: Ընդամենը այդ փուլում: Պարսկաստանը երբեք էլ չէր հրաժարվել Եվրոպան իր կայսրության մեջ ընդգրկելու սևեռուն մտքից: Արտաքին քաղաքականության այդ գերակայությունը դրվեց երկու փորձառու դիվանագետների` Փոքր Ասիայի սատրապներ Փառնասպեսի (Հյուսիս ային սատրապություն) և Տրիտանտայքմեսի (Հարավային սատրապություն) վրա: 

412 թվականին ստորագրվեց երկկողմ պայմանագիր, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ սպարտացիները ճանաչում են "արքայից արքայի ժառանգական տիրույթները”: Խոսքը վերաբերում էր պատերազմի արդյունքում Հունաստանի ազատագրած փոքրասիական տարածքներին: Սպարտացիներն այսպիսով ստորագրեցին ոչ թե սոսկ դիվանագիտական արձանագրություն, այլ փաստեցին իրենց դավաճանությունը համահելլենական ազգայինպետական շահերին: Փաստաթղթի թանաքը դեռ չչորացած` սպարտացիները տեսան, որ պարսիկներն իրենց մի լավ խաբել են (մենք կասեինք՝ քցել են): 

Պարզվեց, որ նշված քաղաքների հարկերը, որոնք գնում էին Աթենքի գանձարան, հետ այսու հատկացվելու են Պարսկաստանին, այլ ոչ թե Սպարտային, ինչի մասին նրանք նախօրոք պայմանավորվել էին պարսից դիվանագետների հետ: Երբ սպարտացիները դժգոհեցին և սպառնացին սառեցնել հետագա բանակցությունները, պարսիկները, առանց դադարեցնելու նրանց հետ դիվանագիտական խաղը, գաղտնի բանակցություններ սկսեցին աթենացիների հետ: Դժվար է հավատալ, բայց պարսկական կողմից բանակցություններին ակտիվորեն մասնակցում և առաջնային դեր էր խաղում Ալքիբիադիսը: Այո, այն Ալքիբիադիսը, որն աթենացիների առաջնորդն էր և սիցիլիական խայտառակ արշավանքից հետո փախավ Սպարտա` խուսափելով համաքաղաքացիների զայրույթից: 

Որոշ ժամանակ սպարտացիներին ծառայելուց և աթենացիների դեմ նրանց պայքարին ակտիվորեն մասնակցելուց հետո Ալքիբիադիսն այս անգամ էլ դավաճանեց Սպարտային և փախավ Պարսկաստան: Դավաճանությունը, ըստ երևույթին, նրա պաթոլոգիան էր ոչ միայն բարոյագաղափարական, այլ նաև ֆիզիոլոգիական առումով:

Նա գայթակղեց իր բարեկամի և բարերարի՝ Սպարտայի թագավոր Ագիսի կնոջը: Թագավորն իմացավ այդ մասին և նրանց բռնեց հանցանքի վայրում: Կիսամերկ գայթակղիչը, օգտվելով պալատում բարձրացած իրարանցումից, ծառաների օգնությամբ մի կերպ ճողոպրեց ու թաքնվեց: Հետո թողեց երկիրը և հասավ Սուսա: 

Պարսից արքունիքը դավաճաններին ապաստան տալու և նրանց ուղեղներն օգտագործելու մեծ փորձ ուներ: Ալքիբիադիսը դարձավ Դարեհի դիվանագիտական խորհրդականներից մեկը: Նրա խորհուրդների մեջ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հարկ է չափավորել Սպարտային ցույց տրվող օգնությունը, որպեսզի նա շատ չհզորանա: Բայց պետք է օգնել նաև Աթենքին` հավասարակշռություն պահելով պայքարող կողմերի միջև, փոխնիփոխ օգնել նրան, ով այդ պահին թույլ է: Նպատա՞կը: Անել այնպես, որ պատերազմի կրակը չմարի Հելլադայում, և նա ուժասպառ լինի: Նա համոզում էր իր նոր տերերին, որ քանի դեռ հույները պատերազմում են, պարսից շահը կմնա այն տիրակալը, որի որոշումից կախված կլինի պատերազմի ու խաղաղության հարցը, և հույներին նա կկարողանա հաղթել նրանց իսկ սեփական զենքով: Այդ իսկ պատճառով հարկ է Հունաստանին հյուծել ներքին պատերազմներով, որպեսզի նա հնարավորություն չունենա վարելու արտաքին պատերազմ: 

Դիվանագիտական նման սադրանքներ էին լարում ԱՄՆ-ն և Արևմուտքը ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Առաջին հայացքից թվում է, թե Ալքիբիադիսը, դավաճանելով և՜ Աթենքին, և՜ Սպարտային« հիմա ծառայում է Պարսկաստանին: Ամենևին: Կարմիր կովը կաշվից դուրս չի գալիս: Եթե կան կրկնակի դավաճաններ, ապա մեր հերոսը երիցս դավաճան էր: Իր նոր հանգրվանում նա հեռուն գնացող դավեր էր նյութում, որոնք ամենևին էլ պարսիկների օգտին չէին: Սուսայից նա փորձում էր սպարտացիների և աթենացիների մեջ այն պատրանքը ստեղծել, որ ինքը, իբր, կարող է ուղղորդել նրանց ճակատագրերը` արքունիքի և նրա ֆինանսների բաշխման վրա իր ազդեցության շնորհիվ: Սակայն սա զուտ պարծենկոտություն և վտարանդու թերարժեքության բարդույթ չէր: Դրա տակ կար սառը և ռեալ քաղաքական հաշվարկ: Նա աթենացիներին հուշում էր իր ցանկացածը, ինչպես հմուտ դիվանագետներն են անում: 

Փորձենք վերարտադրել նրա ուղերձը աթենացիներին, որը պետք է որ մոտավորապես այսպես եղած լինի. "Դուք քշեցի՞ք ինձ Աթենքից և մահվա՞ն դատապարտեցիք: Շատ լավ: Հիմա եկեք անվանարկված դեմոկրատական պետական կառուցվածքը (Ալքիբիադիսն այստեղ ճիշտ էր) և իշխանությունը հանձնեք ինձ: Ես կարող եմ դադարեցնել պատերազմը և կանոնակարգել հարաբերությունները Պարսկաստանի հետ, իսկ Հունաստանին վերադարձնել կայսերական նախկին փառքն ու հզորությունը”: Նա հավանաբար լռում էր այն մասին, որ այդ կայսրության գահը իրենն է լինելու: Օլիգարխներն Աթենքում և նրա սահմաններից դուրս ամուր կառչեցին այս արկածախնդրական առաջարկից, ինչպես փրկարար օղակից, և գործի անցան: (Հունական օլիգարխիան պետք չէ շփոթել հետխորհրդային կոռումպացված, հանցագործ և թերուս օլիգարխների հետ: Հելլենական օլիգարխիան արիստոկրատական խավ էր, որի մասին մեծ գովեստով է արտահայտվել անգամ Արիստոտելը): 

Օլիգարխներն Աթենք ուղարկեցին պատվիրակություն՝ կատաղի հակադեմոկրատ և երկրից փախած ճկուն դիվանագետ Պիսիստրատոսի գլխավորությամբ: Նա կարողացավ համոզել աթենացիներին, որ ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ ելքը համակարգի փոփոխությունն է և Պարսկաստանի հետ դաշինք կնքելը: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է նախ չեղյալ հայտարարել Ալքիբիադիսի մահվան վճիռը, հետո իշխանությունը հանձնել օլիգարխներին: Զուգահեռաբար գործում էին պարսկական փողերով ստեղծված քարոզչական ապատեղեկատվական մեխանիզմները: Ալքիբիադիսն իր նպատակների համար օգտագործում էր պարսկական հետախուզության ողջ ներուժը: 

Օրենսդրական և գործադիր ինստիտուտներում աշխատում էր հինգերորդ շարասյունը: Ամեն ինչում և բոլոր ձախորդություններում մեղավոր էին դիտվում դեմոկրատիան, ժողովրդական ամբոխը և նրա "անազնիվ” լիդերները: Աթենացիների հուսահատությունն այնքան մեծ էր, որ գրեթե առանց դիմադրության ընդունեցին օլիգարխների առաջարկները, որոնք ավելի նման էին վերջնագրի: 411 թվականին Ժողովրդական ժողովը հրաժարվեց դեմոկրատիայից և իշխանությունը հանձնեց օլիգարխներին: Այսպես կոչված 500-ի խորհուրդն արձակվեց, իսկ նրա փոխարեն կազմվեց 400-ի խորհուրդը, որը բոլոր գործերը կենտրոնացրեց իր ձեռքում: Ժողովրդական ժողովին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը սահմանափակվեց մի բուռ հարուստներով, որոնք անգամ չէին մասնակցում ժողովի նիստերին: Թե՜ ներքին, թե՜ արտաքին քաղաքական հարցերը լուծում էին մի քանի օլիգարխներ: Իրենց չենթարկվողներին նրանք ուղղակի գլխատում կամ անկյունից սպանում էին: 

Սակայն բռնապետական ռեժիմը չէր կարող երկար գոյատևել Աթենքում, որի դեմոկրատիան՝ իր բոլոր արատավոր կողմերով հանդերձ, նրա ժողովրդի կացութաձևն էր, մտածելակերպի և գոյության անբաժանելի բաղադրիչը: Դեմոկրատիան մոր կաթի հետ էր մտնում աթենացու մեջ: Մի քանի ամիս հետո օլիգարխիան տապալվեց: Նրա դեմ ակտիվորեն հանդես եկան ցամաքային զորքերը, իսկ նավատորմը հրաժարվեց ենթարկվել և ընտրեց իր ստրատեգոսներին: 410 թվականին դեմոկրատիան լրիվ վերականգնվեց Աթենքում: Նույն ժամանակ նա շահեց մի քանի ծովամարտ Պելոպոնեսյան նավատորմի դեմ կռվում: Ալքիբիադիսը, որին ժողովուրդը ներել էր, և որը շարունակում էր իր պլանների իրականացումը, աչքի ընկավ այդ ծովամարտերում: Աթենացիները մեծ շուքով ընդունեցին նրան, որը, պետք է խոստովանել, իր բոլոր արատներով հանդերձ, տաղանդավոր զորավար էր, ճկուն դիվանագետ և փայլուն հռետոր: Սակայն հետագա ռազմական անհաջողությունները նրան չներվեցին, և Ալքբիադիսը երկրորդ անգամ ստիպված եղավ փախչել հայրենի քաղաքից՝ մեկընդմիշտ:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1581 reads | 18.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com