ՀԵԼԼԱԴԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ԲՈՑԵՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հին և նոր պատմության մեջ, երբ երկու կամ ավելի պետություններ այլևս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության status quo-ն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան եղավ կրակոցը Սարաևոյում, Երկրորդ աշխարհամարտն սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանում քաղաքացիական պատերազմի սանձազերծման համար շարժառիթ ծառայեց Պլատեայի միջադեպը, որն Աթենքի դաշնակիցն էր, կնշանակի` Սպարտայի թշնամին: 

431 թվականի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն` դավաճանը, որոնց առատութամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ Հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300-հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին քաղաքային իշխանություններին` փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը և մտնել Բեովտիական լիգայի մեջ, այլ կերպ ասած` հարել Սպարտային: Սակայն պլատեացիները նրանց մի մասին սպանեցին, մի մասին էլ գերի վերցրին: Հետո առավոտյան դեմ Պլատեա հասած փիգալիական գլխավոր զորքերի հրամանատարությանը վերջնագիր ներկայացրին. "Հեռացեք, հակառակ դեպքում գերիները կգլխատվեն”: Զորքերը հեռացան: Իսկ պլատեացիները երդմնազանց եղան և մահապատժի ենթարկեցին գերիներին` արդարանալով, թե իբր համաձայնագիրը պաշտոնապես չէր վավերացվել: Հետո մոտեցան աթենական զորամիավորումները և Պլատեան առան պաշտպանության տակ: 

Սպարտան և Աթենքը պլատեական միջադեպը գնահատեցին որպես պատերազմի ազդանշան, քանի որ Երեսնամյա պայմանագրի երկու մասնակիցներ ռազմական գործողություններ ծավալեցին իրար դեմ: Երկու մայրաքաղաքներում կետերը դրվեցին "i”-երի վրա: Նրանք առանձին-առանձին փորձեցին դաշնակցել հունական չեզոք պոլիսների, Պարսկաստանի և օտար տերությունների հետ: Սպարտայի թագավոր Արքիդամոսը, հսկայական բանակի գլուխն անցած, շարժվեց Իսթմոսից հյուսիս՝ զուգահեռաբար գործի դնելով լրտեսական և քարոզչական ծառայությունները` Աթենքում խուճապ ու տագնապ առաջացնելու նպատակով: Հասնելով Ատտիկայի սահմանին՝ նա դեսպան ուղարկեց Աթենքի Ժողովրդական ժողով: Աթենքը չընդունեց դեսպանին և հայտարարեց, թե Սպարտայի հետ չի ուզում որևէ գործ ունենալ, քանի դեռ նրա զորքերը չեն վերադարձել ելման դիրքեր: Հեռանալով` դեսպանը լակոնիկ ասաց. "Այս օրը կդառնա հույների համար մեծագույն դժբախտությունների սկիզբը”: Այդ արտահայտությունը ևս, ինչպես սպարտացիների շատ այլ արտահայտություններ, դարձավ թևավոր խոսք դիվանագիտական բառապաշարում: 

…Սպարտացիներն սկսեցին ասպատակել Ատտիկան, իսկ աթենական նավատորմն սկսեց ավերել Պելոպոնեսի առափնյա քաղաքները: 430 թվականին Սպարտան ներխուժեց Աթենքի համար կենսական ատտիկյան տարածք և մեկ ամիս շարունակ քարուքանդ արեց այն: Մարդկանց քշեցին իրենց բնակատեղերից, այրեցին նրանց տներն ու տնտեսությունները: Փախստականները լցվեցին Պիրեոս և Աթենք: Անտուն, սովահար և հիվանդ հազարավոր մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ` հրապարակներում, տաճարների մատույցներում: Ամենամեծ խնդիրը ջրի պակասն էր՝ հաց չլինելուց ավելի: Բոլոր ջրամբարներն ու աղբյուրներն աղտոտվեցին: Բռնկվեց ժանտախտի համաճարակ: Բժշկությունն անզոր էր: 

Հիվանդներին խնամողներն անմիջապես վարակվում էին: Մարդկանց ջերմությունը խիստ բարձրանում էր, աչքերը կարմրում էին, ասես բոցավառվում էին, կոկորդը և լեզուն դառնում էին արնագույն, շնչառությունը` անկանոն: Սկսվում էր ահավոր մի հազ: Մաշկը դառնում էր կապարագույն, ծածկվում թարախային այտուցներով: Ներքին սաստիկ ջերմությունից տանջվող մարդիկ խուլ ճիչեր էին արձակում և ջղաձգվում, չէին դիմանում անգամ հագուստի կամ վերմակի ամենաթեթև հպումին և ծարավից դիվահար` նետվում էին ջրհորերը: Մահանում էին սովորաբար հիվանդության յոթից իններորդ օրը: Իսկ եթե հրաշքով կենդանի էին մնում, դառնում էին հաշմանդամ, կուրանում էին կամ էլ կորցնում հիշողությունը: Չորս տարի ժանտախտը զարհուրելի կոտորած սարքեց Աթենքում և շրջակայքում, բանակի մեկ երրորդը շարքից դուրս եկավ, իսկ թե ինչ թիվ էր կազմում քաղաքների բնակչության կորուստը, ոչ ոք չէր հաշվում: Հաշվող էլ չկար, քանի որ իշխանություն չկար: Քաղաքում տիրություն էին անում դիակապուտները, գողերն ու պոռնիկներըը: Ժանտախտի զոհ դարձավ Պերիկլեսը: Մահվանից առաջ նա կոչ արեց ժողովրդին. "Աթենքի մեծությունը ոչ միայն նրա անցյալի և ներկայի մեջ է, այլ նաև ապագայի: Աթենական ոգին կրկին վեր կհառնի բոլոր ձախորդություններից ու դժբախտություններից, և անգերազանցելի նավատորմը կընդարձակի նրա սահմանները մինչև աշխարհի ծայրը”,– ասել է մեծ հայրենասերը և ականավոր քաղաքական գործիչը: 

Պերիկլեսը լավ գիտեր իր ժողովրդի կարողությունները: Ժանտախտից հետո հույները կարճ ժամանակում վերագտան հոգեկան հավասարակշռությունն ու արիությունը: Արագ կերպով սկսեցին վերականգնել բանակն ու նավատորմը: Զարգացման թափանիվն արագորեն սկսեց պտույտներ հավաքել:
Պերիկլեսին փոխարինեց դաժան, սահմանափակ և հայտնի դեմագոգ Կլեոնը: Նա իսկական խառնակիչ էր և կռվազան: Ժողովրդական ժողովում աթենացիներին գրգռում էր ստրատեգոսների դեմ: 

Կլեոնի գոռոզամիտ և ինքնահավան հայտարարությունները դասվում են այդ շրջանի հունական երգիծական ժանրին: 

…Պատերազմի վեցերորդ տարին է: Աթենական զորքերը շրջապատել են սպարտացիներին ընդամենը 4 ք.կմ մակերեսով Սֆակտերիա կղզում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գրավել այն: Այդ կապակցությամբ Ժողովրդական ժողովում կրքերը բորբոքվում են: Հիշեցնենք, որ Ekklesia-ն մեզ ծանոթ պառլամենտների հետ նմանության նշույլ անգամ չուներ: Այդ բարձրագույն օրենսդրական մարմնում ներկա էին տասնութից վեր բոլոր տղամարդ աթենացիները: Այսինքն, եթե դու այդ տարիքի քաղաքացի ես, ապա իշխանությունը դու ես: Հաստատ: Հարյուր տոկոսով: Ոչ ոք երբևիցե չի կարող ոտնահարել, անտեսել և աղավաղել Ժողովրդական ժողովի որոշումը, որի ընդունողներից մեկը դու ես: Կրկնում ենք՝ ոչ ոք: 

Եվ ահա այդ Ժողովի նիստերից մեկում Կլեոնը ջախջախիչ քննադատության է ենթարկում զորավարներին (գեներալիտետ): Իսկ թե ինչ է կատարվում հետո, պատմում է Թուկիդիդեսը: "…Այնուհետև Կլեոնը մատնացույց արեց Նիկիասին, որը գերագույն հրամանատարն էր և նրա անձնական թշնամին. "Եթե մեր զորավարները լինեին իսկական տղամարդիկ,– արհամարհանքով ասում է Կլեոնը,– ապա նրանք ճիշտ կօգտագործեին մեր նավատորմը և հեշտությամբ կգերեին մեր թշնամուն: Եթե նավատորմի հրամանատարը ես լինեի, մենք վաղուց հասած կլինեինք հաղթանակի”": Աթենացիներն այնժամ առաջարկում են Կլեոնին ղեկավարել նավատորմը և մեկնել իրադարձությունների վայր, եթե նա այդքան վստահ է իր ուժերին: 

Նիկիասն իր հերթին, ի պատասխան Կլեոնի խայթոցի, նույնպես անսպասելի կերպով պնդում է, որ վերջինիս տրվի բոլոր այն ռազմական ստորաբաժանումների հրամանատարությունը, որը նա կցանկանա: Կլեոնը չի հավատում իր ականջներին, սակայն Նիկիասն ամենայն լրջությամբ խոսում է իր լիազորությունները վայր դնելու մասին: Նա կրկին և կրկին պնդում է իր առաջարկը, և Նիկիասն, ի վերջո, բազմամարդ ժողովականների ներկայությամբ պաշտոնապես դադարում է ծովակալ լինելուց: Բացահայտորեն շփոթված Կլեոնը փորձում է հետ կանգնել խոսքերից` ասելով, թե միայն Նիկիասը, որն ունի հսկայական ռազմական փորձ, արժանի է ղեկավարելու նավատորմը: 

Կատակերգությունն սկսվում է դրանից հետո: Ժողովականները, որոնք հույներին հատուկ հումորի տեր մարդիկ էին, Կլեոնին, ինչպես ասում են, բռնում են խոսքի վրա: (Մենք շախմատ խաղալիս ասում ենք. "Ձեռք ես տվել` խաղա”): Ինչքան նա փորձում է հրաժարվել, ներկաներն այնքան ավելի են պնդում, որ նա դառնա ծովակալ և միաձայն վանկարկում են "Լողա՜, լողա՜”: Կլեոնն ակամայից դառնում է նավատորմի գլխավոր հրամանատար և, օգնական ընտրելով տաղանդավոր Թեմիստոկլեսին, ճամփա է ընկնում: Նրան օգնում են պատահականությունը և, իհարկե, Թեմիստոկլեսի փորձն ու հնարամտությունը: Սֆակտերիա կղզում մեծ հրդեհ է ծագում և ոչնչացնում ողջ բուսական ծածկույթը: Աթենական հետախուզությունը, օգտվելով առիթից, ճշգրիտ ինֆորմացիա է հավաքում տեղանքի և սպարտական զորքերի տեղակայման մասին: Նավատորմն ու հոպլիտները կրկին ապացուցում են իրենց առավելությունը թշնամու նկատմամբ և գրոհով վերցնում են կղզին: Կլեոնը հաղթանակած վերադառնում է Աթենք` իր հետ բերելով հակառակորդի 292 զինվոր, այդ թվում 120 սպարտացիների: «Везет же дуракам»,-կասեր ռուսը: 

Իսկ այն, ինչ կատարվեց հետո, խոսում է Կլեոնի քինախնդրության ու փոքրոգության, ինչպես նաև աթենքյան դեմոկրատիայից հեռու կանգնած լինելու մասին: Ըստ պայմանավորվածության՝ ռազմագերիների ճակատագիրը որոշելու էր Աթենքի ժողովուրդը, մինչդեռ նրանց հանձնեցին Կլեոնին, որը ծայրաստիճան դաժանությամբ սպանել տվեց անզեն մարդկանց:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1635 reads | 10.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com