ԺԱՄԿԵՏԸ ՉԲՈԼՈՐԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Դեմ դիմաց կանգնած երկու խոշոր դաշնությունները հավասարակշռում էին մեկմեկու: Սպարտան հենվում էր Պելոպոնեսյան պետությունների և Բեովտիայի վրա (բացի Պլատեայից): Աթենքն իր տրամադրության տակ ուներ Էգեյան, Սև և Մարմարա ծովերի առափնյա քաղաքներն ու կղզիները: Սպարտան կարող էր դուրս բերել գրեթե երկու անգամ ավելի հետևակ, քան Աթենքը, որը դրա փոխարեն անվերապահորեն գերակայում էր ծովում: Սպարտան ավելի հաստատուն և դիմացկուն էր, իսկ Աթենքը տնօրինում էր հսկայական նյութական միջոցներ: Աթենքը ձգտում էր ոչնչացնել Սպարտան: Իսկ ինչո՞վ էր պակաս վերջինն առաջինից: Ոչնչով: Սպարտայում իշխանությունն օլիգարխների ձեռքին էր, Աթենքում` դեմոկրատների: Ընդամենը:

Աթենքի ռազմավարությունը հենված էր ցամաքում պաշտպանվելու, իսկ ծովում հարձակվելու սկզբունքի վրա: Համաձայն Պերիկլեսի ռազմական ծրագրի՝ նա պատրաստ էր զոհել Ատտիկան և դիմադրել՝ ապավինելով իր մտահղացմամբ Աթենքի շուրջը կանգնեցված պարիսպներին` ՙԵրկար պատերին՚: Բոլորին էր հայտնի, որ սպարտացիներն անվարժ էին բերդերի դեմ պատերազմելու մեջ: Պերիկլեսը, այդ անխոնջ և պրպտուն քաղաքական այրը, տիրապետելով ծովերին, ուսումնասիրում էր Սպարտայի և նրա դաշնակիցների թույլ կետերը` խորտակիչ հարված հասցնելու նպատակով:

Երկու ճամբարում էլ ամբողջ թափով աշխատում էին ռազմական հետախուզություններն ու լրտեսական ցանցերը: Սպարտայի հատուկ ծառայությունների հաշվին կարելի է գրանցել հարուստ, ուժեղ նավատորմ ունեցող Թասոս կղզու հետ կապված գործողությունը, որը համատեղ իրագործեցին Սպարտայի դիվանագետներն ու լրտես գործակալները: Ի՞նչ արեցին սպարտացիները: Նրանք համոզեցին Թասոսին` Աթենական միության կարևոր անդամներից մեկին, հանդես գալ Աթենքի դեմ: 465 թվականին Թասոսը հայտարարեց, որ դուրս է գալիս դաշնությունից, հանում է իր ռազմանավերն աթենքյան միացյալ նավատորմի կազմից և հրաժարվում է տոկոսներ վճարել արտաքին առևտրի ու Թրակիայի ափերում գտնվող իր լեռնահանքերի շահույթից: Հետո նա ռազմական գաղտնի համաձայնագիր ստորագրեց Սպարտայի հետ Աթենքի դեմ: Չհանդուժելով նման կորուստը և վախենալով միության մեջ վատօրինակ շղթայական ռեակցիայից` Աթենքն անմիջապես իր նավատորմն ուղղեց Թասոս, ջախջախեց նրա ռազմանավերը, գերեվարեց 33 ռազմանավ և դեսանտ իջեցրեց կղզի:

Այնպես որ, Հելլադայում շրջում էր քաղաքացիական պատերազմի ուրվականը: Խաղաղությունը մազապուրծ եղավ, ավելի ճիշտ՝ մեծ արյունահեղությունը որոշ ժամանակ հետաձգվեց մեկ ուրիշ տարերային դժբախտության պատճառով. ուժեղ երկրաշարժը կործանեց Սպարտան` փլատակների տակ թողնելով 20 հազար մարդ: Առիթից օգտվելով՝ մեսսենացի իլոտ ցեղը, միավորվելով Իսթմոս քաղաքի իր արյունակից ապստամբների հետ, ներխուժեց Սպարտա` սպառնալով կործանել այն: Սպարտացիները դիմեցին Հելլադայի պոլիսներին, որոնցից շատերն օգնության ձեռք մեկնեցին նրանց: Հետաքրքիր էր աթենացիների դիրքորոշումը, երբ երկրաշարժից տուժածների դեսպանները եկան նրանց դուռը, Ժողովրդական ժողովում հնչեցին կարծիքներ` չարձագանքել, այլ դիտել, թե ինչպես է կոխկրտվում սպարտական գոռոզամտությունը: Սակայն ժողովրդի ընտրյալները ցուցաբերեցին վեհանձնություն ու ազգային համերաշխություն և Սպարտա ուղարկեցին 4 հազար հոպլիտ, որոնք միացյալ ուժերով փրկեցին Սպարտան կործանումից: Ինչպե՞ս հասկանալ Աթենքի մարդասիրական ժեստը: Լինել մի պետության հետ գրեթե պատերազմական գործողությունների մեջ և օգնության ձե՞ռք մեկնել նրան:

Ըստ երևույթին, այստեղ դեր խաղացին մի շարք հանգամանքներ: Նախ` Աթենքի դիվանագիտությունը միակերպ չէր մոտենում Սպարտայի հետ հարաբերություններին, ոչ բոլորն էին նրա դեմ պատերազմելուն կողմնակից: Հետո, աթենացիների հիշողության մեջ դեռևս թարմ էին պարսից նվաճողների դեմ համատեղ պայքարի հերոսական դրվագները: Եվ երրորդ` չմոռանանք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն անցնելու էթնոհոգեբանական հատկանիշը, որն այնքան ցայտուն էր արտահայտված հելլենների մեջ:

Մեր հարևան Ադրբեջանի արձագանքը Սպիտակի երկրաշարժի կապակցությամբ զուրկ էր քաղաքակիրթ ազգի մարդասիրական ամենատարրական սկզբունքներից, որոնք ազգություն չեն ճանաչում և համամարդկային են: Ադրբեջանցիները պարզապես հրաժարվեցին բանական մարդու (homo sapiens) հատկանիշներից և իջան չորքոտանու մակարդակին:

Սակայն Սպարտայի երկրաշարժին հաջորդած դեպքերը ընդամենը փոքր դադար էր հելլենական ողբերգությունից առաջ:

…Քաղաքացիական պատերազմը Հունաստանում պաշտոնապես սկսվեց 431 թվականին և մի քանի փուլերով տևեց մինչև 404 թվականը: Բայց դրանց նախորդող տարիներին, այսինքն` Պարսկաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Հունաստանում իսկական խաղաղություն չի եղել, և երկիրն անընդհատ ցնցվել է ազգամիջյան գժտություններից ու գզվռտոցից: Հիմնական միջադեպերը, բնականաբար, եղել են Սպարտայի և Աթենքի միջև: Այդ շրջանում նրանք մի քանի ռազմական բախումներ ունեցան, ճիշտ է` ոչ լայնածավալ, ոչ երկարատև: Առաջինը բավական բարեհաջող էր աթենացիների համար, բայց նրանք ստիպված եղան հնգամյա խաղաղություն կնքել (451 թվական): Պատճառը նրանց ռազմական ուժի տկարացումն էր, քանի որ օգնում էին պարսիկների դեմ ապստամբած եգիպտացիներին, որը, ի դեպ, հաջողություն չբերեց ո՜չ իրենց, ո՜չ եգիպտացիներին:

Երկրորդ ընդհարումից, ընդհակառակը, շահեցին սպարտացիները՝ հիմնականում Եվբեա կղզու դեպքերի շնորհիվ: Այնտեղ գործող սպարտական լրտեսական ծառայություններին հաջողվեց ապստամբություն կազմակերպել, որն ուժեղ հարված էր Աթենքի դաշնային համակարգին: Եվբեան Էգեյան ավազանի ամենախոշոր և հարուստ կղզիներից մեկն էր և իր նշանակությամբ Կիպրոսից հետ չէր մնում:

Քաղաքական այս լարված իրադրությունում ստորագրվեց Երեսնամյա հաշտության պայմանագիրը (446–45թթ.), որն իր ձևով ու բովանդակությամբ կարելի է դասել անտիկ շրջանի ամենահետաքրքիր դիվանագիտական փաստաթղթների շարքին: Այն մի կողմից ստորագրեց Աթենքը՝ դաշնակիցների անունից, մյուս կողմից` Սպարտան և նրա կողմնակից պետությունները` առանձին-առանձին: Սա դիվանագիտական մեծ հաղթանակ էր Պերիկլեսի դեմոկրատական կառավարության համար: Պայմանագրով Աթենքը զրկում էր դաշնության մեջ մտնող պետություններին իրենից պոկվելու կենտրոնախույս նկրտումներից, որոնք նկատելիորեն ուժեղացել էին ներքաղաքական լարված իրադրությունում: Մինչդեռ Սպարտայի բոլոր դաշնակիցները նրա միության շրջանակներում ինքնուրույն էին: Դա նրանց համար մի կողմից ապահովում էր ազատ գործելու իրավունք, իսկ մյուս կողմից Աթենքին հնարավորություն էր ընձեռում մանևրել նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին` շրջանցելով Սպարտան:
Կարծում եմ՝ վատ չէր լինի, որ Հայաստանի դիվանագիտությունն իր պայմանագրաիրավական փաստաթղթերի պատրաստման ընթացքում մոտիկից ուսումնասիրեր աթենացիների ճկուն գործելակերպը:
 
Աթենք-Սպարտա պայմանագրի բոլոր մասնակիցներին իրավունք էր վերապահվում ազատ նավարկել, զբաղվել առևտրով, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել արբիտրաժի ծառայություններին: Ըստ ամենայնի, պայմանագիրը հաստատում էր ուժային հավասարակշռություն երկու խումբ պետությունների միջև՝ Սպարտայի և Աթենքի գլխավորությամբ: Խոսքն այստեղ չէր վերաբերում նրանց եղբայրացման կամ քաղաքական մեղրամսին: Ամենևին: Ատելության ջինը նրանք վաղուց էին ազատ արձակել: Սպարտան փորձում էր կործանել Աթենքը և դառնալ Հելլադայի տիրակալը: Նույնը ցանկանում էր Աթենքը` դրան ավելացնելով կայսերապաշտական ախորժակը, որի համար համաշխարհային տերություն դառնալը բաղձալի անուրջ էր: Հիշյալ պայմանագիրն արձակում էր նրա ձեռքերը երկրի ներսում, իսկ դրսում Պարսկաստանի հետ հաշտության պայմանագիր նա արդեն ուներ: Մինչդեռ Սպարտան ձգտում էր Երեսնամյա հաշտությունն օգտագործել իր և դաշնակիցների ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով: Նրա պլանները չէին տարածվում երկրի սահմաններից դուրս: Ի դեպ, լինելով օլիգարխիկ պետություն՝ նա շատ ավելի լոյալ էր իր արտաքին քաղաքականության մեջ դեպի կրտսեր գործընկերները, քան դեմոկրատական Աթենքը, որն աստիճանաբար դառնում էր միահեծան տիրակալ իր իսկ դաշնության շրջանակներում: Ըստ էության՝ նման բռնատիրական քաղաքականությունը չէր կարող իր հետևանքները չունենալ: 440 թվականին ապստամբեցին Աթենքի իշխանության տակ գտնվող Սամոս կղզին, Բյուզանդիոնը և Քերսոնեսոսը: Պերիկլեսի ռեակցիան գերարագ էր:
Աթենական նավատորմը ջախջախեց սամոսցիներին: Պատիժը դաժան էր և ոչ համարժեք դեմոկրատիայի գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Ըմբոստներին ճնշելուց հետո Աթենքը թափով սկսեց ընդարձակել իր սահմանները: Հունական պետությունները պաշտպանելու նպատակով Պերիկլեսը Սև ծով մտցրեց իր հզոր նավատորմը:

Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո նա շարժվեց դեպի Արևմուտք և հարաբերություններ հաստատեց հարավային Իտալիայի հետ: Ցամաքային Հունաստանում Աթենքը հիմնեց Թյուրեա գաղութը, գրավեց իլլիրիական ափի Կորկիրա պոլիսը: Սպարտա-Աթենք հակամարտությունն ու թշնամանքը դարձան անդառնալի, երբ Բեովտիայում պատերազմ սկսվեց Աթենքի կողմը բռնող Պլատեայի և Սպարտայի դաշնակից Թեբեի միջև: Սպարտական դիվանագիտությունը, որն աթենքյանից ավելի ուղղամիտ էր, անգամ մի փոքր պարզունակ, ձևական դեմարշ ձեռնարկեց` երեք դեսպաններ ուղարկելով Աթենք, որոնք Ժողովրդական ժողովին ներկայացրին Սպարտական միության ուղերձը: Սա ավելի շուտ վերջնագիր էր, քան բանակցությունների առաջարկ: Սպարտացիները` հավատարիմ իրենց լակոնիկ ոճին« հայտարարեցին. ՙՍպարտան ցանկանում է, որ խաղաղությունը հարատևի: Դուք կստանաք խաղաղություն, եթե հարգեք հունական պետությունների անկախությունը՚: Աթենացիները Պերիկլեսի խորհրդով պատասխանեցին, որ չեն պատրաստվում կատարել Սպարտայի հրամանները, բայց պատրաստ են բոլոր գանգատները ներկայացնել արբիտրաժ` համաձայն Երեսնամյա պայմանագրով նախատեսված կանոնակարգի: Սպարտան չպատասխանեց: Դիվանագիտական հարաբերությունները, որոնք կրում էին զուտ ձևական բնույթ, խզվեցին: Երեսնամյա պայմանագիրը, չբոլորած իր տասնհինգ տարին, ոչ ևս եղավ:

Երեսուն թիվն ըստ երևույթին ճակատագրական է V դարի հունական պատմության համար: Պարսից արքայից արքա Քսերքսեսի դեմ պատերազմը տևեց մոտ երեսուն տարի: Սպարտան և Աթենքը խաղաղության պայմանագիր կնքեցին երեսուն տարով, սակայն այն կիսատ գործեց: Պելոպոնեսյան պատերազմը ևս տևեց երեսուն տարի: Երբ երկար կարդում ես անտիկ աշխարհի կրոնների, սնահավատությունների և գուշակությունների մասին, ինքդ էլ սկսում ես մի տեսակ հավատալ անհավատալի երևույթների: Այնպես որ 30-ը մի գուցե իրո՞ք ինչ-որ հատուկ նշանակություն է ունեցել Հելլադայի համար: Ո՞վ գիտե…
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1960 reads | 01.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com