ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ (մաս երկրորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ 

Դիվանագետ- Դուք, իրոք, եղել եք ծայրաստիճան լոյալ, սակայն դա չէր խանգարի, որ մի փոքր օրինակ վերցնեիք Ձեր ղեկավարից:

Գրոմիկո- Ի՞նչ եք ակնարկում

Դիվանագետ- Այն, որ Դուք չկարողացաք ընդօրինակել արտաքին քաղաքականությունում Ստալինի ճկունությունը, դիվանագիտական խաղերին և ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետելու նրա փայլուն ունակությունը: Դրա փոխարեն Դուք ընդօրինակեցիք Մոլոտովի դոգմատիզմն ու ֆորմալիզմը, բանակցային գործընթացում դիմացի կողմին չհասկանալու և նրա տեսակետը չընդունելու սովորույթը: Ձեր քաղաքական դիմանկարն ի սկզբանե իրենից ներկայացնում էր Ձեր «կնքահոր» Մոլոտովի հայելանման արտացոլումը` չոր, խիստ և անզիջում դիվանագիտական ոճ:

Գրոմիկո-Ես երբեք չեմ թաքցրել, որ իմ կարիերիայով ամբողջովին պարտական եմ Վյաչեսլավ Միխայլովիչին: Այո, ես եղել եմ մոլոտովյան դպրոցի դիվանագետ, որի համար հպարտ եմ:

Դիվանագետ-Սակայն դա չի խանգարել, որ Դուք 1957 թվականի կոմկուսի կենտկոմի պլենումում շտապեք մի բուռ հող նետել Մոլոտովի քաղաքական գերեզմանին, երբ Նիկիտա Սերգեևիչը «խորտակում էր» նրան Մալենկովի և Կագանովիչի հետ: Դուք` նպաստելով Մոլոտովի հեռանալուն, ձգտում էիք նստել նրա տեղը: Սակայն Խրուշչովը նախարար նշանակեց Շեպիլովին:

Գրոմիկո-Այդ նշանակումը Խրուշչովի կադրային սխալներից էր, նրա վոլյունտարիստական քաղաքականության ցայտուն օրինակներից մեկը:

Դիվանագետ-Դուք հիմա եք այդպես խոսում, իսկ այն հեռավոր տարիներին հլու-հնազանդ իրագործում էիք այդ ղեկավարի վոլյունտարիստական և ավանտյուրիստական քաղաքական գիծը: Անգամ Ձեր վարվելակերպով ու պահվածքով ընդօրինակում էիք «շեֆին»: Հիշու՞մ եք, թե ինչպես էր Խրուշչովը ՄԱԿ-ում բռունցքներով հարվածում սեղանին, իսկ հետո հանելով կոշիկներից մեկը` դրանով թխթխկացնում ամբիոնին: Հավանաբար պետք է հիշեք նաև, որ նրանից հետ չմնալու համար Դուք էլ սկսեցիք եռանդագին թմբկահարել սեղանին:

Գրոմիկո- (Ատամների արանքից)- Այդպիսի բան չի եղել, դա մեր թշնամիների հերյուրանքն է:

Դիվանագետ- Եղել է, Անդրեյ Անդրեևիչ, եղել է, որին հաջորդել է խայտառակ սկանդալը, և Ձեր ներկայացրած երկիրը երկար տարիներ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ: Կան փաստագրական կադրեր և լուսանկարներ, որոնք սերունդներին պատմում են խորհրդային դիվանագիտության այդ «գլուխգործոցի» մասին: Սակայն գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ստրկամտության հասնող հավատարմությունն ամենևին չապահովեց Խրուշչովի հարգալից վերաբերմունքը Ձեր նկատմամբ: Ընդհակառակը՝ ողջ համատեղ աշխատանքի ընթացում նա չի թաքցրել քամարհանքը Ձեր և՛ գործի, և՛ անձի նկատմամբ: Նա բոլորի ներկայությամբ ծաղրել է Ձեզ, իսկ մի առիթով ասել է. «Եթե ես հրամայեմ Գրոմիկոյին, որ նա հանի տաբաթը և մերկ հետույքով մեկ ամիս նստի սառույցին, նա այդքան ժամանակ կնստի այնտեղ»: Հայտնի դիվանագետ Ֆալինը պատմում է, որ Դուք բառացիորեն սարսափում էիք Խրուշչովից, և երբ նա հեռախոսային խոսակցության ժամանակ գոռգոռում և անպատվում էր Ձեզ, իսկ դա հաճախ էր լինում, Դուք նույնիսկ կորցնում էիք խոսելու ունակությունը: Փոխարե՜նը, փոխարենը Դուք սարսափ էիք տարածում նախարարության աշխատողների վրա, որոնք Ձեզ «Գրոմ» էին անվանում:

Գրոմիկո-(Լռություն…)

Դիվանագետ-Պատմական փաստ է, որ Խրուշչովի իշխանության օրոք Ձեր դերը` որպես արտաքին գործերի նախարարի, հավասարվել է զրոյի: Էլ ինչո՞վ բացատրել, որ Դուք, լինելով բարձրակարգ և փորձված դիվանագետ, հետևաբար լավ հասկանալով խաղաղության գինը, ոչ միայն չկարողացաք Խրուշչովին հետ պահել Կարիբյան ճգնաժամից, այլև ինքներդ վատ դեր խաղացիք այդ պայթույնավտանգ իրադրության առաջացման գործում: Հիշու՞մ եք, երբ 1962-ին խորհրդային միջուկային հրթիռները տեղադրվեցին Կուբայում, և աշխարհը կանգնեց Երրորդ համաշխարհային, այս անգամ` ջերմամիջուկային պատերազմի եզրին, Դուք ոչ միայն չցանկացաք կամ չկարողացաք շտկել իրավիճակը, այլև նախագահ Քենեդիի հետ հանդիպման ժամանակ պարզապես ստեցիք` ժխտելով մահաբեր զենքի առկայությունը կղզում` ուղղված ամերիկյան քաղաքներին:

Գրոմիկո-Դուք մոռանում եք, որ ՆԱՏՕ-ն օղակի մեջ էր առել Խորհրդային Միությունը, և մենք պարտավոր էինք ապահովել տերության անվտանգությունը: Ի դեպ, վտանգված էր նաև ձեր Հայաստանը` Թուրքիայի տարածքից: Եվ երբ հարթվեց Կարիբյան ճգնաժամը, ամերիկացիները հանեցին հրթիռները Թուրքիայից:

Դիվանագետ-Կես դար առաջվա դեպքերը, հարգելի Անդրեյ Անդրեևիչ, Դուք մի փոքր այլ լույսի տակ եք ներկայացնում: Նախ`ամերիկյան հրթիռները, որոնք Թուրքիայում տեղադրվել էին դեռևս Այզենհաուերի օրոք, Կարիբյան ժգնաժամի ժամանակ արդեն հնացած էին, աշխատում էին հեղուկ վառելանյութով, հուսալի և ճշգրիտ չէին և ամենակարևորը` խիստ խոցելի էին: Մի խոսքով` այդ հրթիռները կորցրել էին իրենց ստրատեգիական նշանակությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցավ պինդ վառելանյութով հրթիռներ արտադրելուն:

Գրոմիկո-Ի՞նչ է, այդ հրթիռները չէին կարող հարվածել մեզ:

Դիվանագետ-Կարող էին: Բայց Դուք լավ գիտեք, որ երբ Քենեդին դարձավ նախագահ, հարց դրեց հրթիռները Թուքիայից հանելու վերաբերյալ, բայց Պետդեպը պնդեց, որ դրանք մնան: Մեկ տարի անց Քենեդին կրկին վերադարձավ այդ հարցին և ցուցում տվեց Պետքարտուղար Դին Ռասկին բանակցություններ սկսել թուրքերի հետ հրթիռների վերացման շուրջ: Մինչ հարցը կլուծվեր, սկսվեց Կարիբյան ճգնաժամը, որը հրաշալի հնարավորություն ընձեռեց Խրուշչովին ամերիկացիների հետ իրագործելու ձևականորեն հավասարազոր գործարք: «Ես կհանեմ հրթիռները Կուբայից, իսկ դուք հանեք Թուրքիայից»,- հայտարարեց Նիկիտա Սերգեևիչը: Մինչդեռ ամերիկյան և խորհրդային հրթիռների պարամետրերը բոլորովին ասիմետրիկ էին, հետևաբար համաձայնությունը նույնպես եղավ ոչ ադեկվատ: Քենեդին ծայրաստիճան բարկացել էր նախարարի վրա` իրեն նման դրության մեջ դնելու համար:

Գրոմիկո-Դեմագոգիա, չեմ հասկանում Դուք ամերիկացիների՞ն եք պաշտպանում, ի՞նչ է:

Դիվանագետ- Ոչ, պարզապես շարադրում եմ պատմական փաստեր: Բարի եղեք լսել:

Գրոմիկո- Լսում եմ, տեսնեմ` ինչ կասեք հետո:

Դիվանագետ-Հետո կասեմ, որ թուրքական զինված ուժերը լիովին հսկվում էին ՆԱՏՕ-ի, այսինքն` Ամերիկայի կողմից, որը մտադրություն չուներ հարվածելու Խորհրդային Միությանը: Անգամ Կարիբյան ճգնաժամի ամենասուր պահին Վաշինգտոնի ռազմատենչ կրքերը զսպողը, որքան էլ տարօրինակ հնչի, պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան էր: Կարո՞ղ եք նույնը ասել նրա ռուս գործընկերոջ մասին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՖԱՆՏԱՍՄԱԳՈՐԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
1906 reads | 21.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com