ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Վիրտուալ զրույցներ անվանի քաղաքական գործիչների և նշանավոր դիվանագետների հետ
ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ


Սովորույթը երկրորդ բնավորություն է: Գրոմիկոն ներս մտավ`անփոփոխ լայնեզր մոխրագույն գլխարկը գլխին: Այդպիսի` մոդայից վաղուց դուրս եկած գլխարկներ նրա համար մեծ դժվարությամբ հայթայթում էին Նյու Յորքում աշխատող գործընկերները: Իսկ հագին նույն սպիտակ գունաթափված երկար վարտիքն էր, որը նա կրում էր կլոր տարին, նույնիսկ ամռան տապին: Երբ Չեխովը կերտում էր «Մարդը պատյանում» պատմվածքի հերոսի` անմահ Բելիկովի կերպարը, հավանաբար նկատի է ունեցել նաև Անդրեյ Անդրեևիչին` իր տարօրինակ և քարացած սովորույթներով հանդերձ:

Դիվանագետ-Բարև Ձեզ Անդրեյ Անդրեևիչ, Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը: Դիվանագետի, որը չի զիջում իշխան Գորչակովին և կոմս Նեսելդորֆին: Պատկերացնելն անգամ դժվար է. առաջինը արտաքին գործերի նախարար է եղել քսանվեց, երկրորդը` քառասուն տարի, իսկ Դուք չեմպիոն եք խորհրդային դիվանագիտության շրջանում. քսանութ տարի զբաղեցրել եք նախարարի աթոռը: Ձեր հրամանագիրն ստորագրել է Ստալինը, աշխատել եք Խրուշչովի, Բրեժնևի, Գորբաչովի օրոք:

Գրոմիկո-(Ինչպես միշտ, առանց դեմքի որևէ մկան շարժելու):- Ես համաձայնեցի գալ այստեղ երկու պատճառով: Ինձ շարունակում է հետաքրքրել այն ամենը, ինչը կապված է դիվանագիտության հետ, իսկ դուք, ասում են, ինչ-որ կայք եք ստեղծել այդ թեմատիկայով: Հետո, ինը տարի ես Դժոխքում եմ և ձանձրացել եմ անգործությունից, ոչ ոք չի հետաքրքրվում ինձնով, նորմալ մարդու երես չեմ տեսնում…

Դիվանագետ -Բայց երկրի վրա Ձեզ հիշում են, համարում են XX դարի խոշորագույն դիվանագետներից մեկը, հավասարության նշան են դնում Ձեր և Թալեյրանի միջև…

Գրոմիկո- (Ընդհատում է անհամբերությամբ և բարկացած): Լսե՛ք, արգելում եմ ինձ համեմատել այդ սրիկայի հետ, որն իր տերերին և սիրուհիներին փոխում էր ձեռնոցից էլ արագ, որը, բացի Նապոլեոնից, ծառայում էր Եվրոպայի բոլոր միապետներին, միլիոններ էր դիզում: Դժոխքում անգամ նա չի հրաժարվել իր հոռի սովորույթներից: Ոչ մի գիշեր տանը չի նստում: Շամիրամի, Կլեոպատրայի, Աֆրոդիտեի և տարբեր դարաշրջանների հետերաների ու կուրտիզանուհիների հետ կազմակերպում է գիշերային օրգիաներ և վակխանալիաներ: Մի՞թե դա վայել է դիվանագետին:

Դիվանագետ - Իսկ Դուք որտեղի՞ց գիտեք նրա գիշերային արկածների մասին:

Գրոմիկո- (Որոշ դադարից հետո, մի տեսակ քաշվելով): Գիտեմ: Մենք Դժոխքում հարևաններ ենք:

Դիվանագետ -Այդուամենայնիվ, համաձայնեք, որ այդ բոլորով հանդերձ Թալեյրանը չգերազանցված դիվանագետ էր, որը կարողացավ Ֆրանսիայի պարտությունից հետո պահել երկրի սահմանները` ապահովելով նրա մշտական և կարևոր տեղը Եվրոպայում: Չե՞ք կարծում, որ սա խոսում է նրա դիվանագիտական արտակարգ տաղանդի մասին:

Գրոմիկո- Ոչ ոք չի ժխտում Թալեյրանի դիվանագիտական տաղանդը: Սակայն մի մոռացեք, որ նա գործել է բոլորովին այլ դարաշրջանում, քաղաքական միանգամայն այլ ռեալիայում: Իսկ նա երկար դիմացել է իր պաշտոնին ոչ այնքան իր պրոֆեսիոնալիզմի, այլ, ես կասեի, բացասական, հատկանիշների շնորհիվ, որոնք արդեն թվարկեցի:

Դիվանագետ -Իսկ Ձեր ո՞ր հատկանիշների շնորհիվ էր, որ Դուք գրեթե երեսուն տարի մնացիք քաղաքական Օլիմպոսում:

Գրոմիկո-
(Գրոմիկոյի կես դեմքին նշմարվում է քմծիծաղ, որը հաստատում է նախարարությունում շրջանառվող նրա մականուններից մեկը` «Ծուռմռութ»): Շնորհիվ բացառապես բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության ևազնվության,- առանց աչքը թարթելու հատ-հատ արտաբերում է նա:

Դիվանագետ -Անդրեյ Անդրեևիչ, իսկ շատերի կարծիքով, որը, իհարկե, հնչեց Ձեր մահից հետո, Ձեր ծառայողական երկարակեցությունը բացատրվում է ոչ միայն գործնական կարողություններով: Ձեզ հետ տասնյակ տարիներ աշխատած և բնականաբար Ձեզ հրաշալի իմացող պետական թարգմանիչ Սուխադրյևը, օրինակ, վերջերս լույս ընծայած գրքում գրում է. «Գրիմիկոն բարձր ղեկավարության նկատմամբ խիստ քծնող, ստորաքարշ և հարմարվող էր»:

Գրոմիկո-Սրիկա: Անբարոյականի ծնունդ: Շեֆի կենդանության օրոք լինել լակեյ, իսկ հետո ցե՞խ շպրտել նրա վրա: Նա հավանաբար իր հուշերը գրել է սրա-նրա թելադրանքով և քիչ հոնորար չի ստացել այդ կեղտոտ զրպարտանքի համար: Վերջին հաշվով ո՞վ է թարգմանիչը` տեխնիկական աշխատող: Իմ գործունեությունը գնահատել է ժողովուրդը, երկրի ղեկավարությունը, կուսակցությունը:

Դիվանագետ -Կներեք, Անդրեյ Անդրեևիչ , սակայն խորհրդային առաջնորդները շատ էլ բարձր կարծիքի չեն եղել Ձեր մասին:

Գրոմիկո- Հիմարություններ եք դուրս տալիս: Ինչպե՞ս թե բարձր կարծիքի չեն եղել: 34 տարեկան հասակում ես դարձել եմ իմ երկրի դեսպանը Միացյալ Նահանգներում: Գեղեցիկ աչքերիս համա՞ր: Իսկ գիտե՞ք, թե ով է ինձ նշանակել: Ինքը` Ւոսիֆ Վիսարիոնովիչը:

Դիվանագետ - Ճիշտ է, նշանակել է, չնայած Ձեր մասին այն ժամանակվա արտաքին գործերի կոմիսար Լիտվինովն այն կարծիքն է հայտնել, որ Դուք «պիտանի չեք դիվանագիտական ծառայության համար»:

Գրոմիկո-Իսկ ինչպե՞ս եղավ, որ ինձ` երիտասարդ դիվանագետիս ուղարկեցին ԱՄՆ-ի նման առանցքային երկիր: Ի՞նչ է, Ստալինը չէ՞ր հասկանում, թե ինչ է անում:

Դիվանագետ -Հասկանալը` հասկանում էր, սակայն նա ուներ իր դրդապատճառները: Եվ Դուք լավ գիտեք դրանք: Քաղաքական քաշ չունեցող երիտասարդի նշանակումը, դեսպան Ամերիկայում` Ստալինի յուրատեսակ վրեժն էր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին այն բանի համար, որ դաշնակիցները երկար ժամանակ չէին բացում երկրորդ ճակատը Հիտլերի դեմ:

Գրոմիկո- (Հեգնանաքով)-Մի գուցե ասեք նաև, որ իմ գործուղումը Ամերիկա արդյունավետ չի՞ եղել:

Դիվանագետ -Ամենևին: Ընդհակառակը, բոլորին է հայտնի այն կարևոր դերը, որ Դուք խաղացել եք որպես դեսպան, իսկ հետո մասնակցել եք ՍանՖրանցիսկոյի համաժողովին, որտեղ ԽՍՀՄ-ի անունից ստորագրել եք Միավորված Ազգերի կազմակերպության Կանոնադրությունը և նշանակվել Խորհրդային Միության ներկայացուցիչ այդ կարևորագույն կազմակերպությունում: Եվ հենց Նյու Յորքում էլ վաստակել եք Ձեր մշտական մականունը`միստր «НЕТ», 26 անգամ Անվտանգության խորհորդում վետոյի իրավունքից օգտվելու համար:

Գրոմիկո-(Չոր)-Երկրի շահերն էին պահանջում: Բացի այդ, կա նաև դիվանագետի լոյալության հարցը, դուք պետք է որ դա լավ հասկանաք, եթե ձեզ համարում եք դիվանագետ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝
ՖԱՆՏԱՍՄԱԳՈՐԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
1849 reads | 15.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com