ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող






Վատիկանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում դիվանագիտական արարողակարգին: Վատիկանում կետ առ կետ պահպանում են արարողակարգի բոլոր կետերն ու պարտավորությունները:

Նորանշանակ դեսպանի ժամանումը, հավաստագրերի հանձնումը շատ չի տարբերվում աշխարհիկ պետությունների արարողակարգերից, սակայն այն տեղի է ունենում վատիկանյան առանձնահատկությամբ: Ներկայացուցչության ղեկավարը, ժամանելով Հռոմ, պաշտոնական այց է ունենում Պետական քարտուղարի մոտ՝ հանձնելով հավատարմագրերի պատճենները:

Այնուհետև հանդիպում է ունենում Պետական քարտուղարի տեղակալի հետ, իսկ պապական ներկայացուցչի հետ պայմանավորվում է օրն ու ժամը, թե երբ պիտի Պապն ընդունի նորանշանակ դեսպանին: Նշանակված օրը դեսպանին դիմավորում են Վատիկանի դարպասների մոտ Պապի երկու ներկայացուցիչներ, և միասին գնում են դեպի Վատիկանի ներքին բակ, որը կրում է Ս. Դամազի անունը, որտեղ շվեյցարական գվարդիացիները տալիս են նրան ռազմական պատիվ: Դեսպանն ու երկու ներկայացուցիչները վերելակով բարձրանում են պապական դղյակի երկրորդ հարկ, որտեղ նրանց դիմավորում են դղյակի ծառայողները: Բոլորը միասին գնում են դեպի Պապի սենյակ` պրեֆեկտի և պետական խորհրդականի հետ միասին հասնելով Գահակալման սենյակ: Պապի գահի մոտ կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավոր վիկարիին, պրելատները և այլն: Դեսպանը ողջունում է նրանց, հանձնում է հավատարմագրերը Պապին, լսում է Պապի կարճ խոսքը, որից հետո Պապի հետ միասին գնում է դեպի գրադարան՝ ունենալով առանձին զրույց: Զրույցից հետո դեսպանը Պապին է ներկայացնում իրեն ուղեկցող մարդկանց:

Հանդիպման ավարտից հետո դեսպանը, հրաժեշտ տալով պրեֆեկտին Կլեմենտինյան դահլիճում, այցի է գնում գլխավոր քարտուղարին կարճ զրույցի համար: Եթե դեսպանը կաթոլիկ է, ապա նա գնում է դեպի Ս. Պետրոսի բազիլիկի Սանտիսիմո Սակրամենտո կապելլա, այնուհետև գնում է Ս. Պետրոսի գերեզման: Եթե դեսպանը կաթոլիկ չի, ապա նա դուրս է գալիս Ս. Դամազի բակով: Նույն օրը դեսպանն ընդունում է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչներին իր դեսպանությունում, որտեղ նրանք հարգարժան հյուրերի գրքում թողնում են իրենց բարեմաղթանքները: Դեսպանը գրավոր կարգով հանդիպում է խնդրում Սուրբ կոլեգիայի կարդինալ դեկանին: Կարդինալին այցի գնալը տեղի է ունենում նույն օրը, ինչպես նաև տեղի է ունենում պատասխան այց: Հաջորդ օրերին դեսպանը պարտավոր է այցի գնալ բոլոր կարդինալ կուրիիներին, ովքեր ապրում են Հռոմում: Արարողակարգի մեջ է մտնում նաև դեսպանների պարգևատրումը, ովքեր իրենց դիվանագիտական ծառայությունն են իրականացնում Վատիկանում: Որպես կանոն, Պապը նրանց պարգևատրում է «Մեծ Խաչի» օրդենով, որը հաստատվել է 1847-ին: Այդ օրդենով պարգևատրվում են ինչպես կաթոլիկ դեսպանները, այդպես էլ ոչ կաթոլիկները:

Վատիկանի դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ ուշադրությունը կենտրոնացնել իրենց քաղաքացիության վրա: Վատիկանի դիվանագետները երբեք չեն հայտարարում իրենց որպես Վատիկանի դիվանագիտական ներկայացուցիչներ: Նրանք համարում են իրենց ամբողջ մարդկության ներկայացուցիչներ: Իրենց էթնիկ պատկանելությունը ոչ մի դեր չի խաղում: Նրանք նշում են, որ Վատիկանի դիվանագիտությունը միջազգային բնույթ ունի, այլ ոչ թե միջպետական բնույթ, քանի որ նրանք հանդես են գալիս ոչ թե Վատիկանի, այլ կաթոլիկ եկեղեցու անունից: Դիվանագիտական պրակտիկայում պետք է հաշվի առնել, որ դեռ 1957-ին ՄԱԿ-ի և պապական դիվանագետների ներկայացուցիչների համաձայնությամբ որոշվել է օգտագործել պետական փաստաթղթերում և միջազգային կոնֆերենցիաներում «Սուրբ Գահ» (Holy See) տերմինը, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետություն: Այդ իսկ պատճառով Պապի ներկայացուցիչները ունեն ոչ թե Վատիկան պետության դիվանագիտական ծառայողի անձնագիր, այլ Սուրբ Գահի կողմից տրված անձնագիր:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
1337 reads | 23.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com