ՊԻՆԳ-ՊՈՆԳՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող







Դիվանագիտությունը որպես գիտություն կամ որպես մասնագիտություն կարևոր է նաև այնքանով, որ դրա ոլորտները տարաբնույթ են և բազմաշերտ: Դարերի ընթացքում դիվանագիտությունը ներխուժել է գրեթե բոլոր բնագավառներն ու ոլորտները և շատ կարևոր դերակատարություն ունի: Սպորտը նույնպես բացառություն չէր, իսկ մեր ժամանակներում սպորտը դարձել է դիվանագիտության և քաղաքականության առանցքային կետերից մեկը, որի վառ օրինակը ֆուտբոլային դիվանագիտությունն էր Հայաստանի և Թուրքիայի միջև, սակայն դա առանձին և մեծ թեմա է, ինչպես նաև հին ժամանակներից եկած Օլիմպիական խաղերի կարևորագույն օրենքներից մեկը, որի մեկնարկելուց սկսած մինչև ավարտը պետությունները դադարեցնում էին պատերազմները, և այդ ժամանակաշրջանն անվանում էին խաղաղության ժամանակաշրջան: 

Չշեղվելով թեմայից՝ պետք է հիշել նաև 20-րդ դարի 70-ական թվականներին տեղի ունեցած պինգ-պոնգյան դիվանագիտության մասին, երբ ԱՄՆ և Չինաստանի դիվանագիտական կորպուսները չկարողացան անել այնքան, ինչքան սեղանի թենիսի նրանց ներկայացուցիչները: 

Պինգ-պոնգյան դիվանագիտությոնը, որն իրականացվեց 1970-ական թվականներին ԱՄՆ և Չինաստանի միջև, մեծ առաջընթաց էր չին-ամերիկյան հարաբերություններում: Այդ հիանալի խաղի շնորհիվ և ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի և ՉԺՀ Պետխորհրդի ղեկավար Չժոու Էնլայի ջանքերով կոտրվեց Պեկինի և Վաշինգթոնի միջև գոյացած հաստ շերտով սառույցը: Ինչպես նաև այն օգնեց ԱՄՆ-ԽՍՀՄ-ՉԺՀ եռանկյունու աշխարհաքաղաքական վիճակը փոխել և կայունացնել, սակայն դրանից հետո սկսվեց թուլանալ ԽՍՀՄ-ի դերը միջազգային ասպարեզում: 

1969-ին ԱՄՆ և ՉԺՀ ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ գաղտնի հանդիպում և մտքերի փոխանակում սովետա-չինական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերաբերյալ: Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլլիոթ Ռիչարդսը հայտարարեց, որ ԽՍՀՄ և ՉԺՀ ռազմական բախման դեպքում ԱՄՆ-ն նույնպես մասնակցություն կունենա: Իսկ այդ ժամանակաշրջանում՝ 1970թ.-ին, սեղանի թենիսի առաջնության ժամանակ ամերիկացի և չինացի սեղանի թենիսիստների միջև տեղի էր ունեցել ընկերական խաղ, որը բավականին փափկեցրեց երկու պետությունների միջև հարաբերությունները: Իսկ 1971-ի ապրիլի 6-ին Չինաստանի կողմից սենսացիոն առաջարկ ստացվեց: Սեղանի թենիսի ամերիկյան հավաքականն այդ ժամանակ մասնակցում էր Ճապոնիայում անցկացվող միջազգային մրցաշարին: Չինացիներն առաջարկեցին ամերիկյան հավաքականին այցելել իրենց երկիր: 

Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Չինաստան այցի ժամանակ ամերիկյան սեղանի թենիսի հավաքականը մի քանի խաղ անցկացրեց չինացիների հետ, այցելեցին Ամառային Դղյակը, ինչպես նաև չինական Մեծ պարիսպը, տեսան չինացիների կյանքն ավելի մոտիկից: Դա ամերիկացիների առաջին պաշտոնական այցն էր ՉԺՀ 1949-ից այս կողմ: Իսկ 1972-ին ԱՄՆ այցելեցին չինացի սեղանի թենիսի մարզիկները: Նրանք նույնպես շրջեցին ԱՄՆ-ի ողջ տարածքով, ծանոթացան ամերիկյան մշակույթի հետ: 

Պինգ-պոնգյան դիվանագիտությունը ստեղծեց հիանալի քաղաքական իրավիճակ, որի շնորհիվ Հենրի Քիսսինջերն այցելեց Չինաստան 1971-ի հուլիսին և հոկտեմբերին: Իր առաջին այցի ժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն այլևս Չինաստանին թշնամի չի համարում, այլևս տնտեսական սանկցիաներ չի կիրառի Չինաստանի նկատմամբ և ցանկանում է, որ սկսվեն երկու պետությունների միջև լավ, բարիդրացիական հարաբերություններ: Իսկ երկրորդ հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին Վիետնամի պատերազմից, ԽՍՀՄ-ՉԺՀ հարաբերություններից, Բանգլադեշի հակամարտությունից, ճապոնական պաշտպանական քաղաքականությունից և այլն: 

ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություններն էլ ավելի լավացան, երբ 1972-ի փետրվարի 21-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցը Չինաստան, որը համարվում էր պատմական այց և որին երկար էին սպասում բոլորը: Պաշտոնական այցի ժամանակ քննարկվեցին բավական շատ հարցեր, իսկ ամենակարևոր խնդիրն այն էր, որ երկու պետությունները ցանկանում էին թուլացնել ԽՍՀՄ-ի դերը Ասիայում, ինչպես նաև աշխարհում:
Այսպիսով, սկսվեց նոր ժամանակաշրջան ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև: 

Երկար ժամանակ ճանապարհներ էին փնտրվում, որ այդ երկու պետությունների միջև վերականգնվեն հարաբերությունները, սակայն դա արվեց նրանց մարզիկներին իրար կապող խաղի միջոցով, որի շնորհիվ տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Իսկ այս դիվանագիտական պատմությունը կնքվեց պինգ-պոնգյան դիվանագիտություն անունով:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
2255 reads | 23.04.2013
|
avatar

avatar
1
Davit jan urax em nor hodvacid hamar. Misht ayspisi lav ev hetaqrqir temaneri masin es grum.

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com