ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Եթե հարցադրման առաջին մասն ուղղեք միջազգային ֆակուլտետի դիմորդներին, նրանց ճնշող մեծամասնությունը կպատասխանի. ‹‹Որովհետեւ հետաքրքիր մասնագիտություն է››: Մինչդեռ շատերը, համոզված եմ, ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով եւ խորհրդավորության շղարշով: Ընտրելով այդ մասնագիտությունը, պատանին կամ պարմանուհին պարզապես ձգտում են գեղեցիկ կյանքի՝ ոչ պակաս գեղեցիկ արտասահմանում: Դա շատ բնական է, դրանում ոչ մի վատ բան չկա: Սակայն այդ ընտրության մեջ որոշակի դեր է կատարում անտեղյակությունն ու ապատեղեկատվածությունը, ինչը հետագայում երիտասարդին կարող է կանգնեցնել դժվարությունների առջեւ:

Այն, որ դիվանագիտությունը հետաքրքիր մասնագիտություն է՝ երկու կարծիք լինել չի կարող: Բայց կասկածից դուրս է նաեւ այն, որ դիվանագիտության օգնությամբ դեպի գեղեցիկ կյանք տանող ճանապարհը փշոտ է եւ դժվարանց: Եվ ոչ ոք, ո’չ դպրոցներում, ո’չ էլ բուհերում չի խոսում այդ մասին: Իսկ մատաղ սերնդի ողջ ինֆորմացիան գալիս է ֆիլմերից, պատկերազարդ ամսագրերից, բեստսելլերներից, որոնցում դիվանագիտությունը ներկայացված է որպես ռաուտների եւ ցնցող ընդունելությունների անվերջանալի շարան, շքեղ վիլլաներ, վերջին մակնիշի մեքենաներ, մի խոսքով՝ տոն, որը միշտ քեզ հետ է: Սակայն երիտասարդները պետք է տեղեկացվեն, որ այսօրվա հայ դիվանագետի համար նման շիկ և շքեղ կյանքը, դեռեւս պատրանք է: Չէի ցանկանա նրանց հուսախաբ անել, բայց համեմատության համար ասեմ, որ Բեյրութում ՀՀ դեսպանի իմ աշխատավարձը կազմում էր ամսական 1800 ամերիկյան դոլար, (դա տաս տարի առաջ էր և հուսով եմ, որ այսօր այն պետք է որ ավելի բարձր լինի), իսկ ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդինը 36.000 դոլար էր: Սակայն Ամերիկան` Ամերիկա է, որի հետ չեն կարող համեմատվել անգամ շատ այլ հարուստ երկրներ: Ընդհանրապես, դիվանագիտությունը բյուջետային աշխատանք է, եւ ես մեծահարուստ դեսպան չեմ տեսել, եթե նա, անշուշտ, պետության գրպանը չի մտնում: Այնպես որ, եթե մեր օլիգարխները ցանկանում են, որ ժառանգները շատ լավ ապրեն, ճիշտ կանեն նրանց սովորեցնեն իրենց արհեստը, այլ ոչ թե ուղարկեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ինչը հիմա ունևոր դասի արտոնություններից մեկն է: Մեծերի, մանավանդ, պրոֆեսիոնալ մեծերի պարտքն է` բացատրել երիտասարդին, որ դիվանագիտությունը նախ եւ առաջ աշխատանք է, ըստ որում՝ ծանր աշխատանք: Հարկ է շեշտել, որ դիվանագիտությունը պետական, վերին աստիճանի պատասխանատու ծառայություն է: Հետո` իրագործել երկրի արտաքին քաղաքականությունը, պաշտպանել հայրենիքի շահերը կարող են միայն ու միայն բազմակողմանի զարգացում, բարձր կուլտուրա, լայն մտահորիզոն, անալիտիկ մտածողություն ունեցող, ուժեղ բարոյակամային հատկություններով օժտված մարդիկ, որոնք ստացել են համակողմանի, համակարգված խորը կրթություն: Նման առաքելության համար անհրաժեշտ է սովորել շատ երկար եւ տքնաջան, սովորել ամբողջ կյանքի ընթացքում: Երբ ավարտում էի ԽՍՀՄ Դիվանագիտական ակադեմիան, ռեկտոր, անվանի դիվանագետ Վիկտոր Իվանովիչ Պոպովը մեզ` շրջանավարտներիս հանձնելով դիպլոմներն ասաց. ‹‹Վերջացավ ուսումը, սկսվեց ուսումը››: Սրանք դատարկ խոսքեր չեն. ԱԳՆ-ում և արտասահմանում աշխատելու տարիները խորհրդային դիվանագետների համար եղել են և’ աշխատանքի, և’ ուսումնառության տարիներ: Ասելիքս այն է, որ դիվանագիտությունը պահանջում է մշտական աշխատանք, ինչպես սպորտը, երաժշտությունը, և ինչու միայն դրանք` բոլոր մասնագիտությունները: Բարձրակարգ պրոֆեսիոանալիզմն իր գինն ունի, որը շատ բարձր է:

Հիմա անդրադառնանք հարցադրման երկրորդ մասին՝ ինչպե՞ս պատրաստել դիվանագետներ: Շուկայական հարաբերությունների պայմաններում մենք բնականաբար հանդես ենք գալիս ազատ մրցակցության, ապակենտրոնացման և անտիմոնոպոլիայի դիրքերից: Սա բխում է հասարակության շահերից և պարզ է, ինչպես երկու անգամ երկու: Մաղթենք, որ զարգացման այս ֆորմացիան հաջողությամբ զարգանա և ընդգրկի բոլոր ոլորտները: Սակայն դիվանագիտության և դիվանագիտական կադրերի ուսուցման գործում նման զարգացումը հակացուցված է և անընդունելի: Դիվանագիտությունը պետականության կարևորագույն սեգմենտ է, նրա առանցքային բաղադրիչը, հետևաբար պետական հսկողությունից և հովանավորությունից դուրս, մասնավոր կարգով դիվանագետների, ինչպես նաև հետախույզների և բանակային սպաների պատրաստումը նոնսենս է, միջոցների ու ժամանակի ավելորդ վատնում: Մինչդեռ ոչ պետական բուհերում դիվանագետներ պատրաստելու ձգտումը դարձել է մոդայիկ, տվյալ հաստատության հեղինակության ցուցանիշ: Գտեք մի մասնավոր համալսարան կամ ինստիտուտ, որ չունենա միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Հազիվ թե գտնեք: Սա արատավոր պրակտիկա է: Իսկ մայր բուհը` պետհամալսարա՞նը, որն ունի որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական բազա, ֆինանսներ, վերջապես գործում է պետական հովանավորության տակ: Արդ, կարո՞ղ է պետհամալսարանը պատրաստել պրոֆեսիոնալ դիվանագետներ: Աչքի անցկացրեք այստեղ դասավադվող առարկաների ցանկը կամ մագիստարատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության հարցաշարը: Դրանք գրեթե ամբողջությամբ վերաբերում են պատմությանը կամ լավագույն դեպքում դիվանագիտության պատմությանը: (Նույն պատկերն է գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում և մագիստարատուրայում): Այսպիսի մեթոդոլոգիան պատմագիտության համար է, այլ ոչ թե դիվանագիտության: Նույն մոտեցումն է ապագա միջազգայնագետ-տնտեսագետների կամ միջազգային իրավունքի մասնագետների նկատմամբ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ համալսարանի համապատասխան ֆակուլտետը պատրաստում է պատմաբան, տնտեսագետ կամ իրավաբան: Հարց է ծագու՞մ: Կարո՞ղ է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը զբաղեցնել դիվանագիտական ամենացածր աստիճանը տանը կամ դրսում: Հավանաբար, չի կարող…

Մի խոսքով, և պետական, և մասնավոր ուսումնական հաստատություններում դիվանագետներ պատրաստելու ծրագրերը, մոտեցումը, մեթոդիկան վերանայման կարիք ունեն` ամբողջությամբ, եթե նրանք հավակնում են պատրաստել դիվանագետներ: Ի դեպ, ստեղծված իրավիճակը մեր կրթական համակարգի մեղքը չէ: Մենք չենք ունեցել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, հետևաբար չենք ունեցել դիվանագիտական դպրոց և ավանդույթներ:

Կրթական համակարգի այն պաշտոնյաները, ովքեր ծրագրավորում են պետական բուհերում դիվանագետների պատրաստման խնդիրը, չպետք է մոռանան մի պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն. դիվանագետի ուսուցումը անհատական, ոչ կոնվեյերային, ոսկերչական աշխատանք է: Անհնար է այդ հազվագյուտ մասնագիտությանը հաղորդակից դարձնել սովորողին, եթե լսարանում նստած են հարյուրի հասնող ունկընդիրներ: Պետք է նվազագույնի հասցնել բազմալսարանային դասախոսությունները եւ կիրառել մեկ, առանձին դեպքում՝ երկու ունկնդրի հետ բարձրակարգ դասախոս-էքսպերտի պարապմունքների պրակտիկան: Դուք կարող եք առարկել, հապա ծախսե՞րը: Համաձայն եմ, դա խիստ ծախսատար գործընթաց է: Ընդհանրապես դիվանագիտությունը շատ թանկ հաճույք է: Բայց բարձրորակ դիվանագիտության արդյունքը շատ ավելի արժեքավոր է: ‹‹Քիչ, բայց լավ››: Ընտրենք ա’յս նշանաբանը: Իսկ ո՞վ ասաց, որ հանրապետությունը մասսայական ‹‹դիպլոմատիզացման›› կարիք ունի: Հայաստանն այսօր այնքան դիվանագետ, (թող լինի միջազգայանգետ) է ‹‹արտադրում››, որ եթե մենք դեսպանություններ բանանք անգամ Մարշալյան կղզիներում եւ Բարբադոսում, էլի չտեղավորված կադրեր կունենանք: Մինչդեռ Ամերիկայի նման երկիրն անգամ ‹‹ժլատ›› է դիվանագետներ պատրաստելու հարցում: Այս մոտեցումն, ի դեպ, գալիս է Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից: Երբ ԱՄՆ 1933 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Խորհրդային Միության հետ, հանկարծ պարզվեց, որ Նահանգներում կարգին ռուսերեն եւ Ռուսաստանն իմացող չկա: Նախագահի անմիջական ցուցումով Ամերիկայի լավագույն համալսարաններից հավաքեցին 15 (!) շրջանավարտներ եւ Պետական դեպարտամենտում սկսեցին անհատական ուսուցում անցկացնել նրանց հետ: Այսպիսով ստեղծվեց խորհրդային իրականության եւ ռուսերենին տիրապետող ‹‹բարձր պիլոտաժի›› էքսպերտների հզոր խումբ, որը կես դարից ավելի ղեկավարում էր Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը: Նրանցից շատերը որպես դեսպաններ աշխատեցին Մոսկվայում, այդ թվում՝ 20-րդ դարի փայլուն դիվանագետներից մեկը՝ Ջորջ Քեննանը:

Հ.Գ. Հայ դիվանագետների պատրաստման պետական կարևորություն ունեցող խնդիրը բարձր մակարդակի վրա դնելու մտահոգությունից ելնելով է, հավանաբար, ԱԳՆ ստեղծել դիվանագիտական ակադեմիա: Նրա գործունեության մասին դժվար է դատել, ինֆորմացիայի բացակայության պատճառով: Հուսանք, որ այստեղ հաշվի կառնվեն քսան տարվա ընթացքում կուտակված բացթողումները և կշտկեն իրավիճակը: Մաղթենք հաջողություն:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
2721 reads | 28.01.2013
|
avatar

avatar
-1Spam
1
shnorhakalutyun hodvatsi hamar.shat hetaqrqir er..es liovin dzez het hamadzayn em

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com