ՀԱՅ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Այսօր միայն ծույլը կամ արտաքին քաղաքականության նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդը չի փնովում արտգործնախարարության աշխատանքը: Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի` երկրի պետականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործընթացին նպաստելը: Օգնել, այլ ոչ թե խանգարել: Տողերիս հեղինակն իրեն դասում է այդ սկզբունքի կողմնակիցների շարքը: ![]() Հեղինակը, որն ըստ երևույթին քաջածանոթ է նախարարության ներքին խոհանոցին, հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, գրում է, որ օրենքը խախտվում է, քանի որ մի շարք դեսպաններ աշխատում և ապրում են արտասահմանում 10-18 տարի: Մինչդեռ հիշյալ օրենքը դեսպանի համար սահմանում է 4 տարվա ժամկետ, որին կարող է գումարվել ևս 3 տարի` ըստ ղեկավարության հայեցողության: Ընդամենը` 7 տարի: ![]() Իրոք, դեսպանի` 18 տարի գործուղման մեջ լինելու պարագան կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում, եթե հաշվի չառնվի, որ հիշյալ հոդվածի՝ 2010 թ. լրամշակված տարբերակում ասվում է. «Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»: Այս նախադասությունը հավանաբար վրիպել է հեղինակի ուշադրությունից: Վերջ: Հարցը իրավաբանական տեսանկյունից կարելի է համարել անթերի ու փակված: Օրենքի տառի խախտում այստեղ չեք գտնի: Այն կազմողները, գիտակցված, թե չգիտակցված, (կարծում եմ` գիտակցված) այնպիսի ձևակերպում են ընտրել, որը հնարավորություն է տալիս ցանկացած դեսպանի գործուղման ժամկետը երկարացնել առանց սահմանափակման: ![]() ![]() Եթե առարկեք, որ դեսպաններ և հյուպատոսներ են նշանակվում դիլետանտներ, մինչդեռ նախարարությունում կան բանիմաց և փորձառու կադրեր, եթե նշեք, որ, խախտելով օրենքը, արտասահման են գործուղվում մայրենի լեզվին չտիրապետող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող օտարերկրացիներ, դրությունը հազիվ թե շտկվի: Դրա համար շատ բան պետք է փոխվի: Հոդվածագիրն անդրադառնում է նաև ավելի ցածր աստիճանի դիվանագետներին` իրավացիորեն նշելով, որ այս դեպքում առկա են ծառայության մասին օրենքի խախտումներ. ոմանք 3 տարվա փոխարեն դեսպանություններում պաշտոնավարում են 4-6 տարի, իսկ կան դիվանագետներ, որոնք երկար տարիներ չեն գործուղվում արտասահման: Սա կադրային քաղաքականության ձախողում է: Non-sens. Դիվանագետն ավելի շատ պետք է լինի արտասահմանում, քան տանը: Իսկ կադրային խտրականությունը հղի է համակարգում անառողջ մթնոլորտ և լարվածություն ստեղծելու, երիտասարդ դիվանագետի մեջ թերարժեքության բարդույթ սերմանելու, վիրավորվածության զգացողություն ու ֆրուստրացիա (նպատակասլաց գործունեության արգելափակում) առաջացնելու վտանգով: Երկար տարիներ արտասահման չտեսած դիվանագետն այլևս դիվանագետ չէ, և նրա տեղը ԱԳՆ-ում չէ: Պետք է օգնել երիտասարդին` տեղափոխվելու այլ աշխատանքի: Եվ վերջինը: Նորից արտասահմանում երկար տարիներ դեսպանների աշխատելու մասին: ![]() Այստեղ դեսպանի երկարակեցության հանգամանքն ուղիղ համեմատական է երկրին մատուցած նրա ծառայություններին: Նման դեպքերը, դժբախտաբար, բացառություններ են: ![]() Հայտնի է, որ տարբեր պետություններ տարբեր ժամկետներ են սահմանում դեսպանի գործուղման համար: Ամենաժլատն այս հարցում Ամերիկան է` ընդամենը մի քանի տարի: Սա մյուս ծայրահեղությունն է, որը, ըստ իս, նույնպես ճիշտ չէ: Դիվանագետն առաջին տարում ծանոթանում է երկրին, երկրորդ տարում ստեղծում է կապեր տեղական իշխանությունների հետ և դիվանագիտական կորպուսում: Աշխատանքի արդյունքները երևում են երրորդ տարում: Իսկ ամերիկյան դիվանագետն այդ ժամանակ արդեն հրաժեշտ է տալիս դեսպանընկալ երկրին և տեղափոխվում է մեկ ուրիշ երկիր: Դրանով է հավանաբար բացատրվում, որ հենց ամերիկացիներն են զարգացնում դիվանագիտական արվեստի այն տեսությունը, որը կոչվում է «լոկալիտիս»: Համաձայն այդ տեսության` դիվանագետը, երկար տարիներ աշխատելով օտար երկրում, աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին հանգեցնում է լոյալության աստիճանաբար նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապտացիան, այնքան ավելի է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից: Առաջանում է այսպես կոչված լոկալիտիսի սինդրոմ, որը բացասաբար է ազդում դիվանագետի հոգեկանի վրա, վնասում է ծառայողական պարտականությունների հաջող կատարմանը: Այդ սինդրոմով տառապող դիվանագետը կորցնում է իր երկրի նկատմամբ անմնացորդ հավատարմության հատկանիշը: ![]() Արդյո՞ք այս ամենն ասոցացվում է այն դառն իրականության հետ, երբ որոշ հայ դեսպաններ և ավելի ցածր աստիճանի դիվանագետներ գործուղումից հայրենիք չեն վերադառնում, մնում են արտասահմանում, տուն-տեղ դնում: Դառնում են օտարերկրացի: Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
4437 reads | 26.10.2013
| |