ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ
Արդեն 19-րդ տարին է՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կազմակերպվում է բարեգործական ամանորյա միջոցառում՝ խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստով նվերներ են բաժանում քաղաքական և մշակույթի գործիչները:

Նախաձեռնության հեղինակ Իլյա Բուդկևիչը նախկինում եղել է զինվորական ծառայության մեջ՝ սպայական կոչումով, սակայն հետագայում նախընտրել է զբաղվել հասարական գործունեությամբ:

«Ցանկությունների տոնածառ» անվանումով բարեգործական նախաձեռնության գաղափարը հետևյալն է՝ հաշմանդամ կամ սոցիալապես անապահով երեխաները գրում են իրենց ցանկությունները, թե ինչ են ուզում նվեր ստանալ Ձմեռ պապից և այդ նամակը կախում Եկատերինբուրգի 170 խանութներում տեղադրված տոնածառերի վրա: Այդ նամակները կարդում են միջոցառմանը նախօրոք հրավիրված պաշտոնյաները կամ տարբեր ոլորտների հայտնի գործիչները, պատրաստում նվերները և Ամանորին Ձմեռ պապի հագուստով այցելում այդ երեխաներին և հանձնում նրանց ցանկացած նվերները:

Այս տարի ռուսական նախաձեռնությանը մասնակցության հրավեր է ստացել նաև Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Նարեկ Սպարտակյանը:

Մեզ հետ զրույցում հայ դիվանագետը պատմեց, որ ինքը առանձնահատուկ ոգևորությամբ է ընդունել առաջարկը, քանի որ նախ բարձր է գնահատում երեխաների համար որևէ լավ բան անելու երևույթը, ապա նաև կարծում է, այդ գաղափարը շատ օգտակար է դիվանագիտական հարաբերությունների զարգացման առումով:

«Միջազգային հարաբերություններում շատ կարևոր է սոցիալական բարեգործությունը և մարդկային կապը, ջերմությունը: Այս նախագծի նպատակն այն է, որ մենք զարգացնենք մարդկանց միջև անձնական կապը, այն ռուս երեխաներին, որոնց ես կշնորհավորեմ Ձմեռ պապի զգեստով, և նրանք կիմանան, որ ՀՀ պատվո հյուպատոսն է նրանց այցելել, վաղը նրանք կունենան հայ ազգի մասին իրենց դրական, բարեկամական տրամադրվածությունը»,-ասաց ՀՀ պատվո հյուպատոս Նարեկ Սպարտակյանը:

Հայ դիվանագետին առաջարկվել է այցելել միայն հայ ընտանիքներին, սակայն հետո պայմանավորվել են հայկական կողմից նվերներ հանձնել նաև ռուս երեխաներին: Հյուպատոսարանը դիմել է Եկատերինբուրգի հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդին, որը ավելի լավ է տիրապետում տեղի հայության սոցիալական պատկերին: Որոշվել է նվերներ հանձնել 3 հայ և 3 ռուս ընտանիքների:

«Եկատերինբուրգի հայկական եկեղեցու առաջնորդ Տեր Արիստակեսը ինձ հետ կայցելի այդ ընտանիքներին: Տեղի հայ ընտանիքներն էլ պետք է միշտ զգան հայկական պետության աջակցությունը իրենց թիկունքում, և նրանց մենք պետք է տեսնենք նաև իրենց տանը, իրենց կենցաղը»,-ասաց Նարեկ Սպարտակյանը:

Հյուպատոսը պատմում է, որ Ամանորին ինքը հագնելու է Ձմեռ պապի հագուստ, դառնալու է հայ Ձմեռ պապ և այցելելու 6 տարբեր ընտանիքների՝ հանձնելու այն նվերները, որոնց մասին երազում են այդ ընտանիքների երեխաները:

«Հիշում եմ իմ մանկության տարիները, երբ մեր հարևանի որդին հագել էր Ձմեռ պապի զգեստ և այցելել մեզ: Ժպիտով եմ հիշում, թե ինչքան եմ ուրախացել, ջերմությամբ եմ հիշում այդ տարիները: Այս օրերին մենք պատրաստելու ենք նվերներ, խաղալիքներ, նախօրոք պարզում ենք նաև այն երեխաներին, ովքեր բուժման խնդիրներ ունեն, դիմել ենք հյուպատոսարանին մոտ կանգնած մարդկանց, որպեսզի այդ երեխանրի համար բացի նվերներից, նաև գումար տանք, որպեսզի նրանց բուժման, կրթության ծախսերը հոգանք»:

Հայկական կողմը առաջին անգամ է մասնակցում ռուսական այս նախաձեռնությանը, թեպետ ընդհանրապես, առաջին անգամ է, որ օտարերկրացի գործիչ է մասնակցում: Նարեկ Սպարտակյանն ասում է՝ շատ կուզենար, որ այդպիսի իրական բարեգործական նախաձեռնություն նաև Հայաստանում լիներ:

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր պատգամավորներն ու քաղաքական գործիչները այդպիսի նախաձեռնություններով հանդես գան, հայաստանցի երեխաներին այցելեն Ձմեռ պապի հագուստով և ուրախացնեն մեր երեխաներին»:

Եկատերինբուրգի նախաձեռնությանը այս տարի մասնակցության ցանկություն է հայտնել 8000 կամավոր, որոնք իրենց նվիրատվություններով գոնե մեկ օր ուրախություն կպարգևեն այդ քաղաքում ապրող տարբեր ազգերի խնդիրներ ունեցող երեխաներին:



 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
1169 reads | 13.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com