ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գարիկ Հարությունյան






Յուրաքանչյուր նորանկախ պետության առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջազգային ճանաչման։

Ժողովուրդների միջև հյուպատոսական հարաբերությունները հաստատվել են հին ժամանակներից: Այս առումով ուշադրություն են դարձրել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին` պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն:

Այստեղ հաշվի են առել այն, որ Միավորված ազգերի կազմակերպության` դիվանագիտական հարաբերությունների և անձեռնմխելիության կոնֆերանսը ընդունել է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիան, որը ստորագրելու համար բաց է եղել 1961 թվականի ապրիլի 18-ից, համոզված լինելով, որ հյուպատոսական հարաբերությունների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին միջազգային կոնվենցիան ևս կնպաստի պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Այս ամենը ընդունվել է այն գիտակցությամբ, որ նման արտոնություններն ու անձեռնմխելիությունը հատկացվում են ոչ թե ի շահ առանձին անձանց, այլ իրենց պետությունների անունից հյուպատոսական հիմնարկների գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Հյուպատոսական հարաբերություններն առաջանում են դիվանագիտական հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով։ Երբ հաստատվում են հյուպատոսական հարաբերություններ, երկու երկրների միջև կնքվում է հյուպատոսական կոնվենցիա: Դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնաբերաբար չի հանգեցնում հյուպատոսական հարաբերությունների դադարեցմանը։

Այսպիսով՝ պետությունների միջև հյուպատոսական հարաբերությունների հաստատումը իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ:

Այսինքն` «երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելը» նշանակում է հյուպատոսական հարաբերությունների հաստատման համաձայնություն, եթե վերապահում արված չէ:

Շատ կարևոր է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը առաջ չի բերում ipso facto հյուպատոսական հարաբերությունների փաստացի խզում: Այստեղ առաջ են գալիս նաև հյուպատոսական գործառույթների վերաբերյալ հարցերը, որոնք կատարվում են հյուպատոսական հիմնարկների կողմից: Դրանք կատարում են նաև դիվանագիտական ներկայացուցչությունները:

Հյուպատոսական հիմնարկներն ունեն իրենց ղեկավարները` հյուպատոսները: Գոյություն ունի հյուպատոսների նշանակման կարգ:
Հավատարմագրող պետությունը հյուպատոսին տալիս է փաստաթուղթ, որն ունի արտոնագրի կամ դրա համանման ակտի ձև, որ կազմվում է յուրաքանչյուր նշանակման ժամանակ՝ հավաստելով նրա պաշտոնը և նշելով, որպես ընդհանուր կանոն, նրա լրիվ անունը և ազգանունը, այն կարգը կամ դասը, որին նա հավակնում է: Նրանում նշվում է նաև հյուպատոսական շրջանը և նստավայրը: Այսինքն` հյուպատոսները ներկայացվում են ուղարկող պետության կողմից և իրենց գործառույթների կատարմանն են թույլատրվում ընդունող պետության կողմից: Նստավայր պետության տարածքի այն մասը, որի սահմաններում հյուպատոսական պաշտոնատար անձը իրականացնում է իր հյուպատոսական պարտականությունները, կոչվում է հյուպատոսական շրջան: Հյուպատոսական շրջանի սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն նստավայր պետության համաձայնությամբ:

Հավատարմագրող պետությունը այդ արտոնագիրը կամ դրան համանման ակտը դիվանագիտական կամ համապատասխան այլ ուղիով ուղարկում է այն պետության կառավարությանը, որի տարածքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պետք է կատարի իր ֆունկցիաները, և նստավայր պետությունը համաձայնության դեպքում, հավատարմագրող պետությունը կարող է արտոնագրի կամ դրան համանման ակտի փոխարեն նստավայր պետությանն ուղարկել ծանուցում, որը պետք է պարունակի այն տվյալները, որոնց մասին գրված է տվյալ երկրի օրենսգրքի համաձայն: Այլ կերպ ասած, հյուպատոսն իր պարտականությունների կատարմանն է անցնում , երբ դեսպանընկալ երկիրը նրան տալիս է էկզեկվատուրա՝ իր համաձայնությամբ: Էկզեկվատուրան նստավայր երկրի կողմից տրված հյուպատոսական պարտականությունների կատարման թույլտվություն է, որն իրավունք է տալիս հյուպատոսական հիմնարկի ղեկավարին՝ իրականացնելու հյուպատոսական ֆունկցիաներ հյուպատոսական կոնկրետ շրջանում:

Ներկայումս չկա միջազգային որևէ նորմ, որը պարտադրի պետություններին հյուպատոսական հարաբերություններ հաստատել: Սակայն հյուպատոսական հարաբերություններ հաստատելուց տվյալ երկրի հրաժարվելը կարող է դիտվել որպես պետությունների հարաբերությունները բնութագրող քաղաքական ակտ և գնահատվել որպես անբարյացակամ վերաբերմունք այն երկրի նկատմամբ, որը ցանկություն է հայտնել հյուպատոսական հարաբերություններ հաստատել:

Ի դեպ, մի շարք երկրներ (Անգլիա, Հունաստան, Իտալիա, ԱՄՆ) 1963թ Վիեննայի կոնվենցիայում այս կետի հաստատման դեմ հանդես եկան` պատճառաբանելով, որ հյուպատոսական հարաբերությունների հաստատումը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ և չի կարող լուռ բնույթ կրել: Դրանով փորձ էր արվում հյուպատոսական հարաբերությունները ավելի որոշակիորեն առանձնացնել դիվանագիտական հարաբերություններից: Համաձայն Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության մասին օրենքի` հյուպատոսական հարաբերությունները առաջանում են դիվանագիտական հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով:

Հյուպատոսական ծառայության պրակտիկայում շատ են պատահել դեպքեր, երբ հյուպատոսական հարաբերությունների հաստատումը նախորդել է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Դրա հետ մեկտեղ դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում հյուպատոսական հարաբերությունները հիմնականում պահպանվում են:

Ընդհանրապես պրակտիկայում հաճախ է պատահում, երբ հյուպատոսական ֆունկցիաները դիվանագիտական ներկայացուցիչներն են կատարում` առանց իրենց արտոնություններին և իմունիտետին վնաս հասցնելու: Լինում են նաև շատ դեպքեր, երբ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:

Գոյություն ունի հյուպատոսական կորպուս նստավայր երկրում: Հյուպատոսական կորպուսը իրենից ներկայացնում է սահմանված վայրում (քաղաք, նավահանգիստ և այլն) կամ հյուպատոսական շրջանում հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամբողջություն: Եթե այն դիտարկենք ավելի լայն իմաստով, ապա հյուպատոսական կորպուսում ընդգրկվում են բոլոր հյուպատոսական պաշտոնատար անձինք, այդ թվում` օտարերկրյա պետությունների պատվավոր հյուպատոսները: Հյուպատոսական կորպուսը, ինչպես դիվանագիտական կորպուսը, իրավաբանական մարմին չէ, ենթարկվում է տեղական օրենքներին և սովորույթներին: Գլխավոր նպատակը իր անդամների իրավունքների պաշտպանությունն է:

Հյուպատոսական ներպետական հիմնարկը հանդիսանում է ԱԳՆ-ի հյուպատոսական բաժինը: Հյուպատոսական վարչությունը իրականացնում է տվյալ երկրի հյուպատոսական ծառայության ղեկավարումը: Հյուպատոսական բաժնի պրակտիկ գործունեության գլխավոր խնդիրը իր պետության այլ պետությունների հետ հյուպատոսական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը նպաստելն է, ինչպես նաև իր պետության, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության ապահովումը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
244 reads | 13.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com