ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանին օգոստոսի 28-ին  իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում: Զրուցակիցների համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի:

Հանդիպմանը դեսպան Իգոր Նազարուկը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի բոլոր ուղղություններով հայ-բելառուսական գործընկերության ամրապնդման ու զարգացման համար՝ հիմնվելով պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների վրա:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաադ ալ-Լեյսիին` դեսպանի բարձր պաշտոնում հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի պաշտոնավարման ընթացքում ակտիվացել են երկկողմ միջպետական հարաբերությունները, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, այդ ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, և ստեղծված են բոլոր նախադրյալները հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը լավագույնս կօգտագործի այդ նախադրյալները՝ նոր եռանդով ու նվիրվածությամբ կատարելով իր առաքելությունը ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Դեսպան Սաադ ալ-Լեյսին շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և գնահատանքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում իր պաշտոնավարման շուրջ 4.5 տարիներին արել է հնարավորը՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
581 reads | 29.08.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com