ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
Մենք պետք է կամուրջ լինենք Արևմուտքի և Արևելքի միջև, այս կարծիքին է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ համալսարանում տեղի է ունեցել գիտական կոնֆերանս Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ, որտեղ հնչած ելույթներից և ոչ մեկում չի քննադատվել Հայաստանի ընտրած արտաքին քաղաքական կուրսը: Ավելին, կարևորվել է Հայաստանի դերն ու նշանակությունը միջազգային հարաբերություններում և տարածաշրջանի գլոբալ քաղաքականության գործընթացներում: Կոնֆերանսը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին, որի ընթացքում խորը հարգանքի տուրք է մատուցվել պատերազմին հայերի հերոսական մասնակցությանը, ինչպես նաև հատուկ տեղ է գրավել Հայ Մեծ եղեռնի թեման:

«Զեկուցումներից ոչ մեկում, համենայնդեպս այստեղ՝ համալսարանում, չի քննադատվել Հայաստանի արտաքին քաղաքականության, այսպես ասած, եվրոպական և ամերիկյան ուղղությունները: Գիտական ժողովում նաև ես ելույթ ունեցա, որում նշեցի, որ լինել Ռուսաստանի դաշնակից չի նշանակում մեկուսանալ արտաքին աշխարհից, որն անհնար է և քաղաքականապես իռացիոնալ այսօրվա գլոբալացման, պետությունների մերձեցման, սահմանների մոտիկացման պայմաններում: Ներկա քաղաքական իրավիճակում մեր կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը կարող են հատուկ դերակատարություն ունենալ որպես կապող օղակ, որպես, այսպես կոչված, բուֆեր Արևմուտքի և Արևելքի միջև, մոտեցնել նրանց և կանոնակարգել նրանց հարաբերությունները»: Սա ‹‹ի վերուստ›› Հայաստանին, որպես փոքր պետության, բաժին ընկած առաքելություն է, որից չօգտվելը կնշանակի քաղաքական կուրություն»,- նշեց Արման Նավասարդյանը:

Նա կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, որի համար, ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ հայտարարությանը, Նավասարդյանը հավելեց, որ Նարիշկինը բերել է Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը. «Իսկ ի՞նչ է, դա չի՞ համապատասխանում իրականությանը: Հետո ասում են, որ Նարիշկինն այստեղ պրոպագանդել է ռուսական քաղաքականությունը: Ի՞նչ է՝ ամերիկյա՞նը պետք է պրոպագանդեր: Մեր մամուլում նշվում է, որ մենք ազգով դեմ էինք Եվրասիական միությանը: Եթե ազգը դա չուզեր, միլիոն մարդ կիջներ Ազատության հրապարակ: Ընդդիմությունը՝ հանձինս ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի, ավելի էին խանդավառված այդ խնդրով, քան իշխանությունները: Չմոռանանք, որ հայ պատգամավորների միայն 7 %-ն է դեմ արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցելուն: Մեր քաղաքական տրամաբանությունը երբեմն հիշեցնում է կկվի և նրա բնի առակը, երբ ազգի բոլոր դժբախտությունների պատճառը փնտրում ենք դրսի չար և սև ուժերի մեջ»: Սա պարզապես նորելուկ անկախության երևույթ է, որը կոչվում է ‹‹ձախության մանկական հիվանդություն», իսկ բուժումը կարոտ է ժամանակի:

Արման Նավասարդյանը նշում է, որ կողմ է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացմանը, բայց դեմ է Ռուսաստանը դեմոնիզացնելուն:

«Դա խիստ վտանգավոր քաղաքականություն է: Շատ է խոսվում ապրանքաշրջանառության ծավալների նվազման և առևտրի կրճատման մասին Ռուսաստանի հետ: Կարող է ավելի վատ էլ լինի, որովհետև ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ, Ռուսաստանն ինքը շատ ծանր վիճակի մեջ է: Հայաստանը, որ մտավ ԵՏՄ, երևի հաշվի չէր առել միջազգային իրավիճակի այսպիսի վատթարացումը և չէր էլ կարող դա անել: Տեղի է ունենում երկու բլոկների հարաբերությունների լարվածություն, որն իր բացասական անդրադարձն է ունենում բոլոր երկրների վրա, հատկապես ԱՊՀ-ի շրջանակներում: Եթե Հայաստանը պակասեցրել է իր արտահանումը դեպի Ռուսաստան, ապա Բելոռուսն ու Ղազախստանը բոլորովին են այն դադարեցրել»,- նշում է դեսպանը:
Արման Նավասարդյանը կարևորում է Հայաստան-Չինաստան համագործակցությունը:

Նա կարծում է, որ Ռուսաստանը ոչ թե կփորձի խանգարել այդ հարաբերությունների զարգացմանը, այլ ընդհակառակը՝ կձգտի օգտվել այդ համագործակցությունից: Արտաքին մանևրող քաղաքականության մասին է խոսում դիվանագետը, որպեսզի բոլոր ուղղություններով մեր երկիրը փորձի շահավետ և ամուր համագործակցություն կառուցել՝ չմեկուսանալով և չսառեցնելով հարաբերություններն արտաքին քաղաքական այս կամ այն պետության հետ:

Արմենուհի Վարդանյան
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
1382 reads | 08.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com