ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մարտի 2-ը ՀՀ-ում նշվում է որպես դիվանագետների մասնագիտական օր:

Օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ դիվանագետներին.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։

Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին։

Այսօր էլ ձեր առջև բազում են մարտահրավերները, հետևաբար մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները: Ձեզ տրված առաջադրանքներն ու հանձնարարականներն իրականացնելու համար պահանջվում է ամենօրյա, հաճախ՝ ամենժամյա աշխատանք, երբեմն՝ առանձնակի դժվարին և թեժ պայմաններում: Այս պահին ևս Սիրիայում և Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում պատվով իրենց առաքելությունն են իրականացնում հայ դիվանագետները։

Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները ձեր աշխատանքի հաջողության, մեր ժողովրդի նպատակների իրականացման կարևոր գրավականներն են։

Հարգելի՛ դիվանագետներ,

Վերստին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ ձեր աշխատանքում՝ ի նպաստ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի և հեղինակության հետագա ամրապնդման»:

Դիվանագետների տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը.

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն և ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մեր մասնակցությունը բերել մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

Ընդունված է ասել, որ դիվանագիտական գործունեության արդյունավետությունը հնարավոր է ապահովել նպատակների և միջոցների ճիշտ համադրության պարագայում: Մեր դիվանագիտության առջև անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ` նպաստել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր և աջակցություն:

Այս կարճ ժամանակահատվածում ամրապնդվել են միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը, ընդլայնվել և խորացել են երկկողմ և բազմակողմ դիվանագիտական կապերը, էապես մեծացել է միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը, ամրապնդվել է մեր արտաքին անվտանգության բաղադրիչը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները առավել լսելի և ընկալելի են դարձել միջազգային հարթակներում, բարձրացել է Հայաստանի և արտերկրում գտնվող նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետությունը, ավելացել է տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվը:

Այսօր Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 160-ից ավել երկրների հետ, ստորագրել է շուրջ 2 հազար միջազգային պայմանագիր և համաձայնագիր, 65 դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել արտերկրում և միջազգային կազմակերպություններում:

Այս ամենին, անշուշտ, իրենց կարևոր նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ և, որ ամենակարևորն է` հայրենանվեր աշխատանքով: Այս տարիների ընթացքում կայացել և ամրապնդվել է մեր դիվանագիտական ծառայության համակարգը, որը զգալի նոր շունչ է ստացել արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից ի վեր:

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման առումով կարևոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության աշխատանքների առանձնահատկությունների համաձայն նախագծված արտաքին գործերի նախարարության նոր վարչական համալիրի կառուցումը, որը, համոզված եմ, կնպաստի դիվանագիտական ծառայության և մեր աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է կատարված աշխատանքի գնահատականի, այլ նաև դրա արդյունավետության ակնկալիքների առումով: Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերը և նրա կողմից տրված հանձնարարականները պարտավորեցնում են մեր դիվանագիտությանը ներդնել ողջ ներուժը՝ ի նպաստ մեր ժողովրդի անվտանգության և բարեկեցիկ ապագայի կերտման:

Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք շարունակելու ենք հետևողական ջանքերը՝ սերտացնելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի, խորացնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, ասիական, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ, ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ընդարձակելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը:

Մեր դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է պահելու տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը:

Սիրելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ` մեր մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ։

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, որոնք ինչպես արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում Հայաստանի ներկայացուցչությունններում իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին և մեր կողքին են։

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։

Շնորհավո՛ր, հարգելի գործընկերներ։
Ի գո՛րծ՝ դեպի նորանոր ձեռքբերումներ։ 

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
999 reads | 02.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com