ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅՈՎ
Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:

Դեսպան Նավասարդյանը կռահեց, որ նախարարությունը ստեղծվում է Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացով զբաղվելու համար և որոշումը հետաքրքիր գնահատեց: Սակայն միևնույն ժամանակ ասաց, որ կարելի է մի փոքրիկ կրպակ բացել և չափազանց արդյունավետ աշխատել, սակայն կարելի է նաև պալատներ կառուցել և ոչինչ չանել: Ըստ նրա՝ կարևորն այն չէ, որ նոր նախարարություն ստեղծվի, շենք հատկացվի, այլ այն, թե արդյոք կլինե՞ն համապատասխան կադրեր, քանի որ նման աշխատանքի համար լուրջ մասնագետներ են անհրաժեշտ:

«Որքան ես եմ հասկանում, սա անմիջապես հակասություններ կստեղծի մի քանի նախարարությունների՝ ՀՀ ԱԳ նախարարության, Սփյուռքի նախարարության միջև: Իրականում ես այն տեսության կողմնակիցն եմ, համաձայն որի՝ արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացվի ԱԳ նախարարության ձեռքերում: Չնայած ներկայումս աշխարհն այնքան է փոխվել, արտաքին քաղաքականության մեջ այնքան նոր ուղղություններ են բացվել, որ միանշանակ խոսելը բարդ է: Հետաքրքիր նախաձեռնություն է, և հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն, ովքեր կընդգրկվեն նախարարությունում, ինչպիսի քաղաքականություն կվարեն»,- ասաց Արման Նավասարդյանը:

Դեսպանն ասաց, որ մտավախություն ունի, որ դա կլինի հերթական բյուրոկրատական մի ապարատը, որը ոչ մի արդյունավետ գործ չի կարողանա իրականացնել: Սակայն ամեն դեպքում, նրա խոսքով, վաղ է խոսել, քանի որ որոշումը դեռ նոր է հրապարակվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Այդ փոփոխությունների թվում վարչապետը նշեց, որ կառավարությունը որոշել է ստեղծել նոր նախարարություն, այն է՝ Միջազգային ինտեգրման նախարարություն:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
725 reads | 19.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com