ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՓԱՓՈՒԿ ՈՒԺՈՎ» ԴԵՊԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Ամերիկան, իրոք, դեմոկրատական երկիր է: Պետական ուժային քաղաքականության կիրառմանը զուգընթաց (Վիետնամ, Աֆղանստան, Իրաք), քաղաքագետները և պոլիտտեխնոլոգները մշակում են միջազգային հարաբերությունների կարգավորման այլընտրանքային միջոցներ: Նրանք միջազգային խնդիրների լուծման մշտական փնտրտունքների մեջ են, ինչն էլ տարբերում է դեմոկրատական երկրները տոտալիտար և ավտարիտար ռեժիմներից:

Այս առումով գիտական շրջանառության մեջ դրված տարբերակների մեջ հատուկ տեղ է գրավում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայի բանակցային մոդելը, որը կոչվում է «փափուկ ուժի» («soft power») քաղաքականություն:

Դա ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները հրաժարվել են իրենց որդեգրած «կոպիտ ուժի» քաղաքականությունից, որը սկիզբ է առնում Հռոմեական կայսրության «Pax Roma» ռազմաքաղաքական հիմնադրույթից (դոկտրինա):

Ոչ էլ մյուս գերտերությունը` Խորհրդային Միությունը, որը սառը պատերազմի տարիներին առաջնորդվում էր ուժի քաղաքականության սկզբունքներից և առիթը բաց չէր թողնում՝ ցուցադրելու մկանները: Արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն կամ նույն ինքը` միստր «Niet»-ը, օրինակ`ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում 26 անգամ օգտվեց վետոյի իրավունքից` սահմանելով ռեկորդ ազգերի միացյալ գործողությունները տորպեդահարելու համար:

Այլ ուղի ընտրեց Չինաստանը: Առաջինը հասկանալով փոփոխվող պայմաններում «փափուկ ուժի» դիվանագիտության առավելությունները, նա այն ընդունեց որպես «կոպիտ ուժի» հակաթեզ, որը փորձում է միջազգային խնդիրները լուծել ագրեսիվ, կտրուկ և արագ ճանապարհով` կանգ չառնելով մարդկային և նյութական կորուստների առաջ:

Ստեղծագործաբար զարգացնելով «փափուկ ուժի» մոդելը՝ չինական դիվանագիտությունը մշակեց ռազմավարական հստակ ծրագիր և ձեռնամուխ եղավ դրա հետևողական, փուլային իրագործմանը: Համաձայն այդ ծրագրի`Չինաստանը նախ պետք է գրավի գերակայող դիրքեր Հարավային Ասիայում, հետո առանցքային դերակատար դառնա Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և վերջապես` համաշխարհային մասշտաբի հզոր տերության, հետն էլ` բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը:

Օլիմպիական հանգստություն, հանդարտություն, համեստություն

Իսկ ի՞նչ կերպ են «աշխատեցնում» «փափուկ ուժը» չինացիները: Շատ հաջող, քանի որ նրանք վերին աստիճանի ճկուն բանակցողներ են և ունեն իրենց հատուկ ու անկրկնելի «ձեռագիրը»:

Դեռ վաղնջական ժամանակներից Արևելքի դիվանագիտությանը բնորոշ է եղել թվացյալ դանդաղկոտությունը և արտաքին հանդարտությունը: Չինաստանն այս մարտավարությունում հասել է կատարելության: Արտաքին քաղաքականության անգամ աննշան հաջողությունների արևմտյան շռնդալից ինքնագովազդը (այս միտումը նկատվում է նաև հայկական նորելուկ դիվանագիտության կառույցներում) միանգամայն խորթ է եղել և այսօր էլ մնում է այդպիսին չինացիների համար:

«Միրգը պետք է հասնի և ընկնի ձեռքերիդ մեջ», այս փիլիսոփայությամբ են առաջնորդվում չինացի դիվանագետները բանակցությունների ժամանակ: Նրանք երբեք չեն շտապում, սակայն բանակցում են ծայրաստիճան համառ և նպատակասլաց:

Ամերիկացիները, եվրոպացիները և ռուսները հաճախ են վրդովվում կամ վհատվում չինացիների ծայրաստիճան անշտապողականությունից և օլիմպիական հանգստությունից` ընդհուպ դադարեցնելով բանակցությունները:

Մինչդեռ չինացիները երբեք չեն կորցնում իրենց հանդարտությունը, և ժպիտը դեմքերին կարող են կրկին ու կրկին վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել են բանավեճերը, և այդպես շարունակ, այնքան անգամ, մինչև որ, վերջիվերջո, հասնեն հաջողության:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
2142 reads | 22.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com