ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ՉԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Չինական ստրատագեմաները մեծ տեղ են հատկացնում ոչ վերբալ հաղորդակցության` մարմնի լեզվի միջոցներին: «Դիվանագիտական ժպիտ, ժպիտի հետևում թաքնված դաշույն»-ը հանդիսացել է չինացի դիվանագետների սիրած տրյուկներից մեկը:

Չինացի դիվանագետների և գործարար մարդկանց համար այնքան էլ խորթ չեն «Վատ մտադրություններ քողարկված գեղեցիկ խոսքերով», «Երկերեսանություն», «Շրթունքին մեղր, իսկ սրտում մկնդեղ», «Յանուսի դեմք», «Հուդայի համբույր» և նման բացասական հասկացողությունները:

Այս չափանիշներով է Չինաստանը գնահատում խորհրդային դիվանագիտությունն անցյալ դարի 80-ական թվականներին: Չինացիներն այն կարծիքին են, որ Խորհրդային Միությունն Աֆղանստանի վրա հարձակվելուց առաջ ձեռնարկել է բազմակոմբինացիոն քաղաքական-դիվանագիտական մանևրներ:

Մեկ տարի շարունակ Մոսկվան այսպես կոչված տնտեսական «խաղաղ համագործակցության» քողի տակ պատրաստել է զինվորական մասնագետներ և ռազմական խորհրդականներ ուղարկել այդ երկիր: Այդպիսով նա աստիճանաբար հսկողություն է հաստատել աֆղանական բանակի վրա և նախապայմաններ ստեղծել Աֆղանստան ներխուժելու համար: Չինացի վերլուծաբանները գտնում են, որ աֆղանական ողջ կամպանիան` սկզբից մինչև վերջ իրականացվել է ստրատագեմայի սկզբունքների վրա: Նույն ստրատագեմային են վերագրում Վիետնամի հարձակումը Կամբոջայի վրա, որից առաջ Հարավարևելյան Ասիայի երկրների ժողովուրդների զգոնությունը թմրեցնելու համար Հանոյը ճամարտակում էր «տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության» մասին. դրան հաջորդեցին արյունալի ռազմական գործողությունները:

Երկու դեպքում էլ, ըստ Պեկինի, «Դիվանագիտական ժպիտի հետևում թաքնված է դաշույն»:

Հեռու թշնամու հետ մոտ թշնամուն ջախջախելու մասին

23-րդ ստրատագեման հռչակում է հետևյալ սկզբունքը. «Դաշնակցել հեռավոր թշնամու հետ, մոտիկ թշնամուն ջախջախելու համար»: Սա Մաո Ցզեդունի նախասիրած և հետևողականորեն իրագործած արտաքին քաղաքական գիծն է եղել:

Ինչպես գիտենք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո Չինական Ժողովրդական Հանրապետությունն առաջին հերթին համագործակցում էր Խորհրդային Միության հետ և հետևում էր խորհրդային զարգացման մոդելին: Մաոն այն անվանում էր «մի կողմի հետ լինելու» կուրս: Սակայն 60-ական թվականներին իրադրությունը կտրուկ փոխվեց, հարաբերությունները խիստ վատթարացան, և գործը հասավ ռազմական կոնֆլիկտի` Ուսուրի գետի ավազանում և Դամանսկ կղզում: Իսկ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև արդեն քսան տարուց ավելի հարաբերություններ ընդհանրապես գոյություն չունեին: Չինաստանը հայտնվեց վտանգավոր շրջափակման մեջ:

Այդ իրադրությունում Մաոն ցուցաբերեց դիվանագիտական իր ողջ տաղանդը` սկզբունք ընդունելով վերոհիշյալ ստրատագեման: Վաշինգտոնի և Պեկինի միջև սկսվեց մաքոքային դիվանագիտություն, որն ավարտվեց Նիքսոնի այցելությամբ Չինաստան և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ: Այսպիսով` Խորհրդային Միությունը հայտնվեց երկու կրակի` ԱՄՆ-ի և Չինաստանի արանքում: Շնորհիվ Ամերիկայի, այսինքն հեռավոր թշնամու հետ հարաբերությունների կարգավորման, Չինաստանը կարողացավ զսպել մոտիկ թշնամուն` Խորհրդային Միությանը:

Սակայն 23-րդ ստրատագեմայի դերը դրանով չի ավարտվում: Շնորհիվ նշված փայլուն դիվանագիտական խաղի՝ Չինաստանն առաջին անգամ «Ափիոնի պատերազմից» հետո, (1840-1842 թթ.) ստացավ խաղաղ կյանքի և տնտեսական զարգացման երկարաժամկետ հնարավորություն: Այդ փուլում, որը շարունակվում է XXI դարում, Չինաստանի համար գլխավոր հակասությունը համարվում է «հետամնացության և մոդեռնիզացիայի հակասությունը»: Դա հաղթահարելու համար Չինաստանը կրկին բարեկամանում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, որպեսզի այդ` այս անգամ «հեռավոր դաշնակիցների» տեխնիկական և ֆինանսական օգնությամբ հաղթահարի այսօրվա «մոտիկ թշնամուն», որն արդեն ոչ թե Ռուսաստանն է, այլ իր սեփական երկրի ներքին դժվարությունները:

Այս բազմապլանային և բարդ քաղաքական կոմբինացիան չինական դիվանագիտությունը իրագործում է մեծ հաջողությամբ և արդյունավետությամբ:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
2743 reads | 10.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com