ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ «ԱՅՈ»-Ն ԱՅՈ ՉԷ և «ՈՉ»-Ը ՈՉ ՉԷ (ՄԱՍ 12-ՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան



Օտար դիվանագետներին շփոթեցնում է ոչ միայն չինացիների դիմախաղի բացարձակ բացակայությունը, որը հաճախ հիշեցնում է քարե դիմակ: Նրանց համար ոչ պակաս հանելուկ են մնում, առաջին հայացքից պարզ թվացող, «այո»-ն և «ոչ»-ը:

Երբ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեզ ասվում է «այո», ի դեպ, այն ավելի հաճախ է հնչում, քան «ոչ»-ը, մի շտապեք շնորհավորելու ձեր թիմակիցներին, թե «շահեցինք»: «Այո»-ն չինական հասկացողությամբ ընդամենը քաղաքավարական ժեստ է օտարի նկատմամբ:

Երբ չինացին ասում է, «ես ձեզ հասկանում եմ, շարունակեք խնդրեմ», դուք կարող եք դեռ հույս ունենալ, որ կհասնեք արդյունքի: Սակայն, երբ բանակցային կողմը հայտարարում է «մենք կմտածենք» կամ «մենք ուշադրությամբ կվերլուծենք ձեր բոլոր ասածներն ու առաջարկները», համարեք, որ բանակցությունները տապալված են, և կարող եք ճամպրուկները հավաքել:

Ո՞րն է խնդիրը: Արևելյան խորամանկությու՞ն, դիվանագիտական խարդավա՞նք: Սրանցից և ոչ մեկը:

Ուղիղ մերժումը Չինաստանում համարվում է հաղորդակցության ծայրաստիճան անքաղաքավարի ձև: Օտարն ինքը պետք է հասկանա, որ իրեն մերժել են, և որ բանակցությունը շարունակելն անիմաստ է: Չինացու համար կարևորն է մերժել այնպես, որպեսզի պահպանվի հավասար բարեկամական հարաբերությունները հետագա հաղորդակցության համար: 

Չճնշել դիմացինին, չնվաստացնել, չվիրավորել ինքնասիրությունը, օգնել նրան բոլոր իրադրություններում չկորցնել դեմքը: Սա չինական ազգային հոգեբանության և էթիկայի առանցքային կանոններից մեկն է, հենված կոնֆուցիոնիզմի և ստարագեմիզմի սկզբունքների վրա, որի մասին մենք արդեն խոսել ենք վերը:

Ի տարբերություն մեր քրիստոնեական աշխարհըմբռնման՝ «այո»-ն պետք է լինի այո, իսկ «ոչ»-ը` ոչ: Այսպես է ուսուցանում Աստվածաշունչը: 

Իսկ բուդդիզմը քարոզում է` թաքցնել զգացմունքները, երբ փոխգործակցում ես մարդկանց հետ:

Զուտ դիվանագիտական նպատակների տեսանկյունից նման մոտեցումը, թերևս, ավելի արդարացված է, քանզի ապացուցված է, որ «ոչ»-ը բանակցությունների ձախողում է, իսկ «այո»-ն հնարավորություն է ընձեռում շարունակել, եթե անգամ գիտես, որ վերջիվերջո դրանք կարող են մտնել փակուղի:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1107 reads | 02.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com