ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ, ԻՍԿ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ» (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Չինական հաղորդակցության` հատկապես դիվանագիտական էթիկան աշխարհում հնագույներից է: Այն ձևավորվել է որպես քաղաքական ու տնտեսական մշակույթի անքակտելի մասնիկ և իր չգրված օրենքներն ու սովորույթները պահպանում է ցայսօր: Եթե հարավասիական մի շարք երկրների դիվանագիտական էթիկան անմիջապես աչքի է զարնում իր ծիսակատարության (ցերեմոնիա) խիստ սահմանագծված կանոններով, ապա չինական էթիկան ավելի շուտ տրոհված է բազմաթիվ մանր մասնիկների և ունի ներքին տրամաբանություն, որոնք անտեսելը բանակցային գործընթացում, պաշտոնական և ոչ պաշտոնական զրույցների ընթացքում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Փորձառու դիվանագետներին քաջ ծանոթ է առաջին տպավորության էֆեկտը, որը հաճախ վճռական նշանակություն ունի շփումների շարունակականության և հաջողության համար: Այս ենթատեքստում նրանք շատ են կարևորում հանդիպումների և ընդունելությունների ժամանակ զրույցի բռնվելու հմտությունը, հատկապես, երբ ծանոթությունը նոր է կայացել: Այն ինչ սովորական և ընդունելի է եվրոպացի կամ ամերիկացի դիվանագետի հետ «նախազրույց» («small talk») սկսելու, երբ խոսում են եղանակից, սպորտից, մշակութային վերջին իրադարձությունից և այլ «չեզոք» թեմաներից, չինացի դիվանագետի հետ պահանջում է հատուկ մոտեցում:

Ստորև մենք թվարկում ենք այն մոտավոր թեմաները, որոնք չինագետ Ալեքսեյ Մասլովը խորհուրդ է տալիս շոշափել «նախազրույցի» ընթացքում.

*Չինական ավանդույթներ և ազգային տոնակատարություններ:

*Չինական խոհանոց և կերակրատեսակներ, երկրի տարբեր նահանգներում դրանց առանձնահատկություններ:

*Չինական թեյ:

*Զրուցակցի ընտանիքի պատմություն, նրա ծնված գավառը, քաղաք:

Եթե ուզում եք չինացու հետ նախնական շփումներից ունենալ որոշակի հաջողություն և հարաբերությունների շարունակություն, խորհուրդ է տրվում ավելի շատ խոսել չինական հարուստ մշակույթից` անցյալ ու ներկա, քան քաղաքական և տնտեսական խնդիրներից, որը, իհարկե, պահանջում է հատուկ պատրաստվածություն ու որոշակի գիտելիքներ:

Այժմ թվարկենք այն սյուժեները, որոնք Չինաստանի մասնագետների կարծիքով ամենևին պետք չէ արծարծել չինացիների հետ հաղորդակցվելիս.

*Եվրոամերիկյան միջավայրում զրույցի ամենատարածված թեման` եղանակը, չինացիների հետ շփվելիս կարող է ունենալ անցանկալի հետևանք: Հարցն այն է, որ չինացիների մոտ եղանակը գուշակում է սուրբ կրիան, իսկ եթե դուք անձրև գալու հավանականությունը պայմանավորեք եղանակի տեսության հետ, որով զբաղվում են հասարակ մահկանացուները, ապա խիստ վիրավորած կլինեք զրուցակցին, եթե անգամ նա կրթված է:

*Երբեք մի քննարկեք Չինաստանի քաղաքականությունը երրորդ երկրի հետ:

*Ինչ քաղաքական հայացքներ էլ որ ունենա ձեր զրուցակիցը, երբեք հանդես մի եկեք նրա երկրի կամ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ քննադատական դիտողություններով:

*Երբեք մի անդրադարձեք Տայվանի, Սինցզյան-Ուսուրական ավտոնոմ մարզի, Տիբեթի, դալայյամայի հարցերին:

*Խորհուրդ չի տրվում հետաքրքրվել զրուցակցի կարծիքով` մաոիզմի շրջանի վերաբերյալ:

*Մի հարցրեք զրուցակցին` հավատում է արդյոք ղեկավարության վարած տնտեսական բարեփոխումների քաղաքականությանը:

*Չինացիների հետ, հասարակության որ խավին էլ որ նա պատկանելու լինի, ընդուված չէ զրուցել էրոտիկայի թեմայով:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
2226 reads | 06.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com