ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ ԵՎ ԴԻՄԱԽԱՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 11-ՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Ոչ վերբալ հաղորդակցության` մարմնի լեզվի մասին խոսելիս մենք արդեն նշել ենք, որ ժեստերի լեզուն կարող է ունենալ ազդանշաններ, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների մեջ, սակայն կան ազդանշաններ, որոնք տարբերվում են: Ինչ վերաբերում է չինական մարմնի լեզվին, ապա այն չի նմանվում ոչ միայն եվրոպական կամ ամերիկյան ժեստերին, այև հաճախ ոչ մի ընդհանրություն չունի տարածաշրջանի մշակույթի այդ ձևի հետ: 

Նախ` չինացիների ժեստիկուլյացիան հասցված է նվազագույնի (պատկերացրեք իտալացի դիվանագետի վիճակը նրանց հետ բանակցելիս):

Մեծ անկրթություն է Չինաստանում մատնացույց անել որևէ իր կամ մարդ: Անգամ ճանապարհը չի կարելի ցույց տալ մատով: Եթե որևէ մեկը հայտնվի ձեր ցույց տված ուղղությամբ, այդ ժեստը կընկալի որպես անպատվություն:

Եթե ռեստորանում հրաժարվում եք հյուրասիրությունից, ձեռքի ափը` դեպի դուրս շարժեք աջ ու ձախ` դեմքի բարձրության վրա: Այդպես կարող եք վարվել նաև խմիչքից հրաժարվելու դեպքում, երբեք չփակեք դատարկ բաժակը ափով:

Երբ Ամերիկայում կամ Եվրոպայում ցանկանում են մեկին կանչել ժեստի օգնությամբ, ձեռքը մեկնում են առաջ` նրա կողմը, և մատով մոտ գալու ազդանշան տալիս: Չինաստանում, ընդհակառակը, պարզած ձեռքի ափը նայում է վար, իսկ բոլոր մատները բացվում-փակվում են դեպի կանչողը:

Պակաս կարևոր չի համարվում նստելու ձևը: Աթոռին նստեք ուղիղ և մի ճոճվեք:

Զրուցելիս ոտքը ոտքերը մի խաչաձևեք, առավել ևս ծունկը ծնկին մի դրեք, մանավանդ, եթե զրուցում եք տարիքով մեծի հետ: Ընդհանրապես, հարգանքը դեպի մեծահասակները չինացիների համար բացարձակ արժեք է:

Վերին աստիճանի անկրթություն է համարվում ոտքով ինչ-որ գործողություն անելը, օրինակ` ոտքով աթոռը մոտ քաշելը, սեղանի տակ գլորված գրիչը մոտ բերելը: Ուշադրություն դարձրեք, երբ օդանավակայանում օտարերկացին ոտքով հրում է ճամպրուկը տեղացիները նրան նայում են խեթ-խեթ և արհամարանքով: Ոտքի գործողությունը, ըստ չինացու, հատուկ է միայն անասունին, այլ ոչ թե մարդուն:

Լինելով բավական բարձրախոսող` չինացին տանել չի կարողանում, երբ դիմացինը խոսում է իրենց հետ բարձր տոնայնությամբ: Այնպես որ երբեք մի բարձրացրեք ձեր ձայնը, անգամ եթե գոռում են ձեզ վրա:

Հասարակական վայրում համբուրվելը չինացու համար տաբու է, հավասար` անբարոյականության: Հատկապես, երբ համբուրվում են միասեռները: (Դժվար է պատկերացնել, թե ինչ տպավորություն կստանա չինացին, երբ Երևանի փողոցներում տեսնի շրթունքը շրթունքին համբուրվող տղամարդկանց):

Եթե չինացիների ժեստերի լեզվին ծանոթանալն առանձնապես դժվարություն չէ, ապա դիմախաղը (մարդն ունի 49 միկրոմկան, որոնք կարող են արտահայտել մինչև 10.000 ազդանշան), այն էլ չինացու, հատուկ ուսումնասիրության առարկա է:

Առանց մտնելու ֆիզիլոգիական և հոգեբանական նրբությունների մեջ ասենք, որ չինական դիմախաղը գրեթե զրոյական մակարդակի վրա է

Դիվանագիտական կամ այլ ուզած բանակցությունների ժամանակ ձեր դիմացինն այնպես կարող է տիրապետել դեմքի արտահայտությանը, որ դուք բացարձակապես ոչինչ չեք հասկանա նրա ապրումների, հույզերի և մանավանդ պլանների մասին:

Մինչդեռ գոյություն ունեն որոշակի օրենքներ, հատկապես ֆիզիոգնոմիկայի շրջանակներում, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս մինչև 80 %-ի ճշգրտությամբ կարդալ այլ ազգի ներկայացուցչի դեմքը:

Պասիվ, ոչինչ չասող դեմքը չինացի դիվանագետների դասական պահելաձևն է բանակցային գործընթացներում: Վերոհիշյալ Մասլովի կարծիքով` նրանք այդպիսով ցանկանում են «պահել հավասարակշռությունը երկխոսության ընթացքում և հրաժարվում են որևէ կերպ ներգործել ձեզ վրա` հնարավորություն ընձեռնելով արտահայտելու ձեր միտքը»: 

Այս` ավելի շուտ չինացիների բարեմասնությունն ընդգծող տրյուկը, այնքան էլ համոզիչ չի հնչում, եթե նկատի ունենան, թե նման իրավիճակները որքան են նյարդայնացնում հակառակ կողմին, հանում նրանց հավասարակշռությունից, որից, վերջին հաշվով, օգտվում են չինացիները:

Այնպես որ, չինացիների հետ բանակցելիս խորհուրդ է տրվում ընդունել նրանց խաղի կանոնները և հնարավորինս զսպել զգացմունքները, որոնք հաճախ գրված են լինում անփորձ բանակցողների դեմքին:

Իմ կարծիքով` չինական դիվանագետներն այստեղ հոյակապ աշխատեցնում են 27-րդ ստրատագեման` ձևանալով անհասկացող, անգամ թուլամիտ՝ դրված նպատակակետին հասնելու համար, և շատ անգամ հասնում են:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1358 reads | 27.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com