ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՍԵՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՉԻՆԱՍՏԱՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան








Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:

Իսկ դիվանագիտության նախահայր դարձավ աստվածների աստված Զևսի որդին` Հերմեսը, որը նույնպես Օլիմպոսի ընտրյալներից էր և բացի դիվանագիտությունից իր իշխանությունը տարածում էր ամենատարբեր բնագավառների վրա` առևտուր, զբոսաշրջություն, մշակույթ, սպորտ, կապ անդրշիրիմյան աշխարհի հետ և այլն:

Հունական դիցաբանության և անտիկ գրականության մեջ Հերմեսը ներկայացված է որպես բացասական կերպար` գող, խաբեբա, ստախոս, լովելաս: Դիվանագիտության մեջ հանդիպող ստախոսության և անազնվության երևույթները կապում են Հերմեսի հետ: (Եթե Diplomat.am-ի այցելուները ցանկանան ավելի մոտիկից ծանոթանալ Հերմեսին, կարող են կարդալ մեր «Դիվանագիտական ընթերցումներ» շարքից «Դիվանագետների նախահոր բարոյահոգեբանական դիմանկարը» հատվածը):

Վիրտուալ Հերմեսի հետ միաժամանակ աշխարհի մյուս ծայրում` Չինաստանում, ասպարեզ իջավ արդեն իրական և հանճարեղ մտածող Կոնֆուցիոսը (ծնվել է Ք.ա. 551 թվականին), որը վճռորոշ դեր է խաղացել չինական դիվանագիտական արվեստի ձևավորման գործում:

Չինացիները նրան պարտական են նաև այն բանի համար, որ իրենց երկիրը կոչվում է «Երկրամերձ», քանի որ Կոնֆիցիոսի կարծիքով, Չինաստանը տիեզերքի կենտրոնն է, իսկ նրա տարածքները` երկնքի տակ գտնվող ողջ աշխարհը: «Երկնամերձ» (չին.
天下) չինարեն նշանակում է «ողջ երկրագունդ», իսկ չինական դասական փիլիսոփայության շրջանակներում օգտագործվում է որպես քաղաքակրթության հոմանիշ և արժեքների չափանիշ: Այլ երկրներում երբ ասում են «Երկնամերձ», («Поднебеснaя» ռուս., «Empire céleste» ֆր.) հասկանում են հենց Չինաստան:

Կոնֆուցիականությունը դարեր շարունակ եղել է չինացիների աշխարհայացքի և աշխարհըմբռնման հիմքերի հիմքը, բարոյա-էթնիկական և քաղաքական հայացքների ողջ համակարգ: Ճիշտ`է այդ փիլիսիոփայական ուտոպիան ներկայումս այն չէ, ինչը Կոնֆուցիոսի օրոք. դարերի ընթացքում այն, բնականաբար, ենթարկվել է փոփոխության: Այդուհանդերձ, կոնֆուցիականությունը մնում է հասարակական-քաղաքական դոկտրինա, որի վրա հենվում է Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության ողջ մեխանիզմը:

Կոնֆուցիականությունը թողել է այնպիսի սկզբունքներ, որոնք կազմում են չինական հասարակության, քաղաքական մշակույթի և դիվանագիտության ոսկե ֆոնդը:

Ահա դրանցից մի քանիսը.

-Պետությունը առաջնային արժեք է յուրաքանչյուր մարդու համար:

-Պետությանը, նրա ղեկավարին ծառայելը, ինչպիսին էլ որ նա լինի, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:

-Չինացին, եթե անգամ ինչ-որ հարցում դժգոհ է կառավարությունից, միշտ Չինաստանի կողքին է կանգնած որպես ազգային սուբստանցիայի, նա վախենում է պետությունից, բայց նրա մեջ է տեսնում իր միակ հուսալի պաշտպանին:

-Մարդն իր կյանքում պետք է ունենա հստակ սկզբունքներ, այդ թվում հարգանք ծերերի և հոգատարություն փոքրահասակների նկատմամբ, պարտքի զգացում:

-Հասարակությունը կառուցված է խստագույն հիերարխիայի վրա. «ղեկավարը պետք է լինի ղեկավար, չինովնիկը` չինովնիկ, հայրը` հայր, որդին` որդի»: Եթե այս հիերախիական համակարգում ինչ-որ բան խաթարվում է, աշխարհում տիրում է քաոս, մարդիկ սկսում են կատարել իրենց համար անսովոր գործառույթներ: Նման դեպքում դրությունը հարկավոր է շտկել, այսինքն մարդու ունակությունները համապատասխանացնել իր պաշտոնին և գործառույթներին: Անձը, որը խախտում է հիերարխիան, համարվում է «անկուլտուրական արարած» և մերժվում է հասարակության կողմից:

-Հարկ է իր համաքաղաքացիների նկատմամբ լինել ազնիվ, անկեղծ, սիրալիր:

-Համեստ և չափավոր ապահովվածությունը համարվում է ճիշտ ապրելակերպ յուրաքանչյուրի համար, անգամ եթե նա հարստանալու հնարավորություններ ունի: Պարծենալ հարստությամբ` միշտ վատ է: Այդ իսկ պատճառով նույնիսկ ժամանակակից չինական միլիոնատերերը իրենց համեստ են պահում և որպես կանոն, ընդգրկված են հասարակությանը սոցիալական օգնություն ցուցաբերելու գործընթացի մեջ:

Այսօր Չինաստանում նույնիսկ առաջացել է քաղաքագետների, դիվանագետների, գործարարների և բիզնեսմենների հատուկ դասակարգ, որոնք ապրում և աշխատում են՝ խստորեն պահելով Կոնֆուցիոսի սկզբունքները, որոնք բացի պրոֆեսիոնալ բարձր մակարդակից, բազմակողմանի զարգացած ինտելեկտուալներ են, մշակույթի և պատմության նուրբ գիտակներ: Նման անձնավորություններ ավելի շատ հանդիպում են երկրի հարավում և Հոնգկոնգում: Սակայն իրեն անվանել կոնֆուցիոնիստ, դեռ քիչ է: Հարկ է, որ հասարակությու՛նը ճանաչի այդ ստատուսը:

Եթե չինական հասարակությունն, իրոք, ապրում է այսպիսի բարձր և ազնիվ սկզբունքներով, ապա երկու կարծիք լինել չի կարող, որ նրան սպասում է ապահով և պայծառ ապագա, որը երազում են մյուս ժողովուրդները, այդ թվում և մենք` հայերս:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
2704 reads | 05.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com