ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՏԿԱՐԱՄԻՏ Է ՁԵՎԱՆՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Փորձառու դիվանագետների սիրած տրյուկներից մեկը, հատկապես բարդ բանակցությունների կամ լարված զրույցների ժամանակ, գիտակցված ձևով համեստություն, անհասկացողություն, անգամ ինքնանվաստացում ցուցադրելն է, որը, դրանք վարպետորեն օգտագործելու դեպքում, դիմացինի մոտ առաջացնում է շփոթություն և տալիս է ցանկալի արդյունք:

Հաղորդակցության այս միջոցը հին է, որքան մարդկությունը: Այն օգտագործում էին հին հույները: Այսպես, Հոմերոսը նկարագրում է, թե ինչպես Տրոյական պատերազմից առաջ Ոդիսևսը փորձում էր համոզել տրոյացիներին վերադարձնել Հեղինեին արյունահեղությունից խուսափելու համար և այդ նպատակով իր ելույթը կառուցեց խեղճանալու և նվաստանալու տոնայնության վրա, հետո նոր հանդես բերեց իր դիվանագիտական և հռետորական ողջ արվեստը:

27-րդ ստրատագեման զարգացնելով այս թեման` խորացնում և ընդարձակում է այն` ներառելով շփման այնպիսի ձևեր, երբ կողմերից մեկը իր նպատակները թաքցնելու և դիմացինի պլաններն իմանալու նպատակով խաղում է հիվանդի, հիմարի, հոգեկան հիվանդի կամ խենթի դեր:

Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում սուտ խենթերը: Օրինակ, նույն Ոդիսևսը խելագար է ձևանում պատերազմին չմասնակցելու համար: Խենթի կերպարանք են ընդունում Դավիթը հին կատակարանում, շեքսպիրյան Համլետը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-րդը, Րաֆֆու «Խենթի» հերոս Վարդանը, հեղափոխական Կամո-Տեր Պետրոսյանը և շատ ուրիշ գրական դեմքեր և քաղաքական գործիչներ

Ի դեպ, քաղաքական այրերի մոտ նկատվում է հակառակ երևույթը ևս` հիվանդությունը թաքցնելու և հասարակության առաջ առողջական խնդիրները կեղծելու ձևով: Այսպես, 1971 թվականին իր Ասիական ճանապարհորդության ընթացքում Քիսինջերը Պակիստանում ձևացրեց, թե ստամոքսի անհանգստություն ունի և երեք օր անհետացավ տեսադաշտից ու գաղտնի այցելեց Չինաստան:

Խոշոր քաղաքական գործիչների հիվանդությունների մասին հաճախ լռում են կամ թաքցնում: Վուդրո Վիլսոնը ունեցել է սրտի խնդիրներ: Սակայն կինը և բուժող բժիշկը վարպետորեն թաքցրել են նրա հիվանդությունը: Ֆրանկլին Ռուզվելտը բուժվել է հիվանդանոցում ուրիշի անվան տակ: Ջոն Քենեդին և բժիշկները թաքցրել են, որ նա տառապել է անդիսոնային հիվանդությամբ և երկու անգամ հազիվ է փրկվել մահից: Հասարակությունից թաքցրել են Ժորժ Պոմպիդուի մահացու հիվանդությունը, ինչպես նաև Ֆրանսու Միտերանի քաղցկեղը:

36 ստրագեմաններից որն էլ վերցնելու լինեք, ունի արդիական հնչեղություն և, իմ կարծիքով, կարող է միանգամայն օգտակար լինել դիվանագետի գործունեությունում, հատկապես բանակցային դիվանագիտության մեջ: Դատեք ինքներդ:

*«Թուլացեք և սպասեք, մինչև որ հակառակորդն սպառի ուժերը». սպասեք, որպեսզի դիմացի բանակցային կողմը սպառի փաստարկները և սեղանին դրեք ձեր հաղթաթղթերը` միաժամանակ մնալով հանդարտ և չշտապելով անել որևէ առաջարկ:

*«Հեռացրեք կրակը կաթսայի տակից». նախքան որևէ քայլ ձեռնարկելը զրկեք հակառակորդին ներուժից` իմանալով նրա բոլոր փաստարկներն ու կապերը:

*«Ստեղծեք ինչ-որ մի բան ոչնչից». ձևացրեք, որ ռեզերվում ունեք ուժ, կապեր և ազդեցություն, եթե նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը:

*Օգտագործեք դիվանագիտական բլեֆ. Անհրաժեշտության դեպքում խաբեք, եթե կարող եք

*«Հետևեք գետի մյուս ափում բռնկված հրդեհին». թող որ հակառակորդները մարտնչեն իրար հետ, դուք պետք է լինեք կողմնակի դիտորդ:

*«Զոհեք սալորը դեղձի համար». միշտ զիջեք փոքրում ավեի մեծը շահելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1096 reads | 16.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com