ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, ՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







1942 թվականի վերջին Խորհրդային Միության համար ծանր օրեր էին: Թարմ զինուժ էր անհրաժեշտ ռազմաճակատին, իսկ ԽՍՀՄԹուրքիա սահմանին «անգործության» էին մատնված խորհրդային լավագույն մի շարք զորամիավորումներ: Ճիշտ է, հարավային հարևանը կարծես թե սկսում էր փոխել իր դիրքորոշումն ու ագրեսիվ նկրտումները Մոսկվայի նկատմամբ, սակայն անվերապահորեն վստահել, որ նա չի հարվածի հարավից, Հայաստանի վրայով, կնշանակեր մոռացության մատնել Թուրքիայի երեկվա սիրախաղերը Հիտլերի հետ և հարձակման հնարավոր վտանգը:

Ստալինը Կրեմլ է հրավիրում Անկարայում իր դեսպան Սերգեյ Վինոգրադովին: Սա նրանց երկրորդ հանդիպումն էր երկու տարվա ընթացքում: Առաջինը 1941 թվականին էր, երբ Վինոգրադովը պատրաստվում էր հավատարմագրերը հանձնել նախագահ Իսմեթ Ինյոնյուին, Ստալինը որոշակի խնդիր էր դրել դիվանագետի առաջ` հնարավորինս խոչընդոտել թուրքերին` պատերազմի մեջ մտնելու Առանցքի երկրների (պետությունների ռազմաքաղաքական բլոկ՝ Գերմանիայի և Իտալիայի գլխավորությամբ) կողմից: Ստալինը «Սակկո-Վանցետի» հաստ, կարմիր մատիտը ձեռքին մոտենում է քարտեզին և կարծես շարունակում մեկ տարի առաջ ընդհատած խոսակցությունը: Մատիտը տանելով անդրկովկասյան սահմանի երկայնքով` նա, առանց շուռ գալու, հարցնում է.
– Ի՞նչ գործողություններ կձեռնարկեն թուրքերը, եթե այստեղ տեղակայված մեր դիվիզիաների մի մասը տեղափոխենք ռազմաճակատ:
Վինոգրադովը լռում է: Ստալինը, մոտենալով դեսպանին և վերևից նայելով նրան, այս անգամ ուղղակի հարցնում է.
– Թուրքիան կհարձակվի՞ մեզ վրա:
Լռելն այլևս անիմաստ էր:
– Իոսիֆ Վիսարիոնովիչ, Թուրքիան չի հարձակվի Խորհրդային Միության վրա,– համոզված պատասխանում է դեսպանը:

Պատասխանատվության ինչպիսի՛ բեռ էր վերցրել Վինոգրադովը: Ինչո՞վ էր պայմանավորված նրա համոզվածությունը: Հավանաբար` մի շարք գործոններով` Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության գերազանց իմացություն, միջազգային իրադրության համակողմանի վերլուծություն, գաղտնի, հավաստի և ստուգված ինֆորմացիա, քաղաքական հոտառություն և այլն: Անշուշտ, այս ամենը պետք է մեկտեղվեր ու դառնար մեկ ամբողջություն, որպեսզի դեսպանը դիմեր նման ռիսկի և միանշանակ պատասխաներ ապագա գեներալիսիմուսին:

…Երբ Մոսկվայի պաշտպանության ծանր օրերին Գլխավոր շտաբը թարմ ուժեր` սիբիրյան ընտրյալ դիվիզիաներն ուղարկեց Արևմուտք, Կրեմլը համոզված էր, որ ծագող արևի երկիրը` Ճապոնիան, չի սկսելու ռազմական գործողություններ: Եվ դա շնորհիվ մի մարդու` ռազմական լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեի ստույգ ինֆորմացիայի, որ ստացել էր Տոկիոյից: Մոսկվան փրկվեց, իսկ Զորգեին ճապոնացիները մահապատժի ենթարկեցին: Երբ նա, հետախույզների ժարգոնով ասած, «վառվեց», այսինքն` բռնվեց, Ստալինը մատը մատին չխփեց իր հերոսին փրկելու համար: Ի դեպ, Խորհրդային Միության հերոսի կոչումը նա ստացավ շատ ուշ` տարիներ անց:

...Իսկ Մոսկվան Թուրքիայում ունե՞ր իր «Զորգեն»: Եվ, ի վերջո, որտեղի՞ց էր Վինոգրադովի ինքնավստահությունը: Այս մասին պատմությունը լռում է, սակայն չի ժխտում, որ դիվանագիտությունը և հետախուզությունը նույն մեդալի երկու երեսներն են, որոնք կոչված են պահպանելու և ամրապնդելու պետականությունը: Սերգեյ Վինոգրադովը մեծ ավանդ ունի Խորհրդային Միության դիվանագիտական ծառայության մեջ: Այլապես ինչո՞վ բացատրել, որ Ստալինը, խախտելով պետական արարողակարգը, պատերազմից հետո դեսպանին անձամբ հանձնեց նրան շնորհված Լենինի շքանշանը: Նման դեպք խորհրդային դիվանագիտության պատմության մեջ չի եղել ո՜չ առաջ, ո՜չ էլ հետո:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1081 reads | 06.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com