ԴԵՍՊԱՆՆ ԻՐՈ՞Ք ՊԱՏՎԱՎՈՐ ԼՐՏԵՍ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Այս հարցադրումն առաջին անգամ արել է հոլանդացի դիվանագետ Աբրահամ Ուիկսֆորտն իր «Դեսպանի գործառույթները» գրքում, որը լույս է տեսել 1680 թվականին: Սա հռետորական հարց չէ: Այն այսօր էլ է հետաքրքրում մարդկանց ու շփոթեցնում նրանց, ովքեր հեռու են դիվանագիտությունից ու հետախուզությունից և աղոտ պատկերացում ունեն դրանց մասին. գիտեն այն, ինչ տեսել են էկրանին, կամ կարդացել գրքերում: Այստեղ կարևոր է հստակ պատկերացնել մի բան` դիվանագիտությունը և հետախուզությունը տարբեր ոլորտներ են, սակայն ունեն նաև որոշ ընդհանրություններ: Դիվանագիտության և հետախուզության նպատակներն ու խնդիրները վերջին հաշվով նույնն են: Պետության` որպես հասարակության քաղաքական կազմակերպության ձևավորման պահից երկուսն էլ սկսել են հավատարմորեն ծառայել և ծառայում են նրան: 

Իսկ ո՞րն է այդ ծառայության էությունը: Նրանք իրենց երկրների շահերի պաշտպանության նպատակով հայթայթում են ինֆորմացիա օտար երկրների գործողությունների և ծրագրերի վերաբերյալ: Սա է դիվանագիտության և հետախուզության հիմնական ընդհանրությունը: Իսկ տարբերությունն այն է, որ այդ ինֆորմացիայի ձեռքբերման մեթոդներն ու աղբյուրներն ամենևին էլ նույնը չեն և նման չեն: Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի համաձայնագիրը (կոնվենցիա) թույլատրում է դիվանագետին ինֆորմացիա ստանալ միայն և միայն օրինական ճանապարհով: Իսկ հետախուզությունն իր ինֆորմացիայի ձեռքբերման համար դիմում է մեթոդների, որոնք հեռու են օրինական լինելուց: 

Իսկ ի՞նչ է` դեսպանությունը չի՞ իրականացնում լրտեսական գործունեություն: Իհարկե, իրականացնում է: Այն էլ ինչպես: Սակայն դրանով զբաղվում են ոչ թե դիվանագետները, այլ հատուկ այդ նպատակով արտասահման գործուղված պրոֆեսիոնալ հետախույզները: Նրանք աշխատում են դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների «տանիքի» տակ և հենց այդպես էլ կոչվում են` «տանիքայիններ»: Սրանք իրենց հերթին բաժանվում են երկու մասի` քաղաքական հետախուզություն ու ռազմական հետախուզություն, և, համապատասխանաբար, ենթարկվում են իրենց երկրների անվտանգության ու պաշտպանության գերատեսչություններին: Այսինքն` մի հարկի տակ երեք տնտեսություն` մեկ դիվանագիտական և երկու հետախուզական: Այդ փակ` դեսպանընկալ երկրի օրենքներից անդին գտնվող տարածքում ով ո՞ւմ է ենթարկվում, ինչպե՞ս են կանոնակարգվում երեք տարբեր ծառայություններում մարդկային և աշխատանքային փոխհարաբերությունները... 

Այս հարցերին դժվար է միանշանակ պատասխան տալ: Չնայած այն բանին, որ բոլոր համակարգերում նրանք ծառայում են իրենց երկրների շահերին, այնուամենայնիվ, նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագում են խնդիրներ, առաջանում է մի տեսակ անառողջ մրցակցություն` նախանձ` ով ավելի շուտ և ավելի կարևոր ինֆորմացիա կուղարկի Կենտրոն: Ճիշտ է, դեսպանը պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչն է արտասահմանում, և այնտեղ գործող բոլոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պարտավոր են ենթարկվել ու հաշվետու լինել նրան, սակայն նշված հետախուզություններն ունեն նաև իրենց ռեզիդենտները և կապի սեփական միջոցները Կենտրոնի հետ: Եվ, ամենագլխավորը, ռեզիդենտը դեսպանին չի ծանոթացնում իր ինֆորմացիային: Այսպես է դրվածքը բոլոր երկրների դեսպանություններում: Թերևս բացառություններ կան, բայց դա օրինաչափություն չէ: Եվ պատահական չէ, որ Կենտրոնը հաճախ ստանում է տարբեր, անգամ՝ հակասական ինֆորմացիա, որը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում երկրի արտաքին քաղաքականության կուրսը որոշելու ժամանակ: 

Սրա պատճառն այն է, որ պետության ղեկավարները հաճախ հակված են առաջին հերթին լսելու հետախույզներին, ապա դիվանագետներին` հետևյալ պատճառով: Դիվանագետների ինֆորմացիան մեծ մասամբ չի պարունակում առանձնապես հատուկ գաղտնիքներ, քանի որ դեսպանընկալ պետությունները դրանք խնամքով թաքցնում են: Իսկ եթե դեսպանի հաղորդագրության մեջ կան գաղտնիքներ, դրանք մանրամասն ստուգվում են մեկ այլ ինֆորմացիայի օգնությամբ, որը նույնպես լեգալ է, բայց, որպես կանոն, հուսալի: Մինչդեռ հետախուզության ինֆորմացիան դժվարությամբ է ստուգվում կամ ենթակա չէ ստուգման, քանի որ կարող է մատնել ոչ լեգալ հետախույզներին և գործակալներին: 
Չգիտեմ` սա՞ է եղել պատճառը, թե՞ բնական գերկասկածամտությունը, բայց Ստալինը քամահրանքով է ընդունել իր հետախույզ Ռիխարդ Զորգեի հաղորդագրությունը, որտեղ նա հստակ նշում էր ֆաշիստական Գերմանիայի` Խորհրդային Միության վրա հարձակվելու օրը: Միգուցե Ստալինի անվստահությունը հիմքեր ուներ: Բանն այն է, որ հետախուզությունները մեկ անգամ չէ, որ ապատեղեկացրել են իրենց կառավարություններին: 

Այսպես` 1941 թվականին ԱՄՆ-ի հետախուզության մեղքով Ճապոնիան կարողացավ ամբողջովին ոչնչացնել նրա խաղաղօվկիանոսյան Պըռլ-Հարբոր ռազմածովային հենակետը (բազա): Նույն այդ հետախուզությունը գաղափար չուներ, որ Իրանի շահը տապալվելու է, և իշխանության է գալու Այաթոլլա Խոմեյնին: Երևի նման գործելակերպն է նկատի ունեցել նախագահ Ռիչարդ Նիքսոնը, երբ դառնությամբ ասել է. «Ամերիկան արտասահմանում պահում է 40 հազար լրտես, որոնք թերթ են կարդում»: 

Մյուս երկրների հետախուզությունները նույնպես ունեն լուրջ բացթողումներ: Աշխարհի լավագույն հետախուզություններից մեկը` Մոսսադը, ժամանակին չկարողացավ կանխատեսել Սիրիայի և Եգիպտոսի հարձակումն Իսրայելի վրա 1973 թվականին: 

Իսկ անգլիական հնագույն հետախուզությունը` Ինթելիջենս սերվիսը, 1989 թվականին ճիշտ չհաշվարկեց Արգենտինայի ռազմական գործողությունները Ֆոլկլենդյան կղզիներում: 

Աֆղանական պատերազմում թաքնված է խորհրդային, իսկ իրաքյանում` ամերիկյան հետախուզությունների մեղքը: Իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը մի՞թե երբևէ կարող է թոթափել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ողբերգության մեղքի իր բաժինը: 

Ուշագրավ է Չերչիլի մոտեցումը հետախուզական աշխատանքին: Երբ Անգլիայի հատուկ ծառայությունները ներկայացնում են իրենց եզրակացությունը, թե Գերմանիան չի հարձակվելու Խորհրդային Միության վրա, և որ Հիտլերն ու Ստալինը համաձայնության են գալու, պրեմիեր-մինիստրը վերլուծում է հետախույզների կանխատեսումը նրանց իսկ տվյալների հիման վրա և պնդում հակառակը, որ Գերմանիան հարձակվելու է ԽՍՀՄ-ի վրա հենց 1941-ին և այդ մասին հայտնում է Ստալինին: Վերջինս նրան նույնպես չի հավատում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1138 reads | 21.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com