ՀԱԿԻՐՃ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Դիվանագետի գործունեությունը սերտորեն կապված է գրելու արվեստի հետ: Հաշվել են, որ նրա աշխատանքի գրեթե 90 %-ը փաստաթղթեր ստեղծելն ու առաքելն է: Իզուր չի ասել մեծ դիվանագետ և բարեփոխիչ (ռեֆորմատոր) Հարոլդ Նիկոլսոնը, թե «դիվանագիտությունը գրելու արվեստ է»: 

Դիվանագետներ պատրաստող Ջորջթաունի (ԱՄՆ) համալսարան ընդունվելու հիմնական պայմանը դիմորդի վերլուծական և գրական ունակությունների առկայությունն է, խոսելու և գրելու շնորհքը: Նույն ԱՄՆ-ի հետախուզության նախկին ղեկավար Ալան Դալեսն այն կարծիքն է հայտնել, որ «լավ հետախույզին, ինչպես նաև դիվանագետին, հատկանշական է մտքերը պարզ, համառոտ և հետաքրքիր շարադրելու կարողությունը»: Իսկ այն պետք է լինի հնարավորինս հակիրճ, զուսպ, կուռ, տրամաբանական, պարզ և անաչառ: 

-Կներես, որ երկար եմ գրում, կարճ գրելու ժամանակ չունեմ,-ասել է մի խելոք մարդ: 

Իրոք, դժվար է հակիրճ ու համառոտ խոսելը կամ գրելը, մանավանդ, երբ թեման ծանոթ է: Որքան լավ գիտես այն, այնքան շատ ասել-գրելու գայթակղությունը մեծ է: Հաղթահարել այդ ցանկությունը կարողանում են նրանք, ովքեր փորձառու են, հատուկ մարզված կամ էլ տաղանդավոր: 

Դիվանագիտության նոր պատմությունը ճանաչում է մտքերը կարճ, հատու և անվրեպ արտահայտող երեք անգերազանցելի քաղաքական գործիչների՝ Աբրահամ Լինկոլնին, Ուինստոն Չերչիլին, Ջոն Քենեդիին: Հետիսբերգի մոտ տարած հաղթանակի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնը խոսեց ընդամենը 5 րոպե: Իսկ մեկ ուրիշ նախագահ` Վիլյամ Հենրի Հարիսոնը, պաշտոնակալման ելույթին հատկացրեց շատ ավելի ժամանակ և պատժվեց: Նա մեկ ժամից ավելի խոսեց բաց երկնքի տակ, սառնամանիքին, հիվանդացավ թոքաբորբով ու մահացավ: ԱՄՆ-ի նախագահների պաշտոնակալման ելույթներից ամենափայլունը Քենեդիի 15-րոպեանոց խոսքն է, իսկ նրա մտքերից մեկը դարձել է թևավոր խոսք. «Հայրենակիցնե՜ր, մի հարցրեք, թե ի՞նչ կարող է անել երկիրը ձեզ համար: Ավելի լավ է ասեք, թե դո՜ւք ինչ կարող եք անել երկրի համար»: 

Ինչպես ասացինք, հակիրճ խոսքի վարպետ էր նաև Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստր Չերչիլը: Քաղաքական փառքի գագաթնակետին նրան հրավիրել են Հարոու Սքուլ: Ահա պրեմիեր-մինիստրի ելույթի ողջ տեքստը: «Երբեք չնահանջեք` երբե՜ք, երբե՜ք, երբե՜ք: Ոչ մի բանում: Ոչ մեծում, ոչ փոքրում: Երբե՜ք: Զիջեք միայն պատվի և ողջամտության փաստարկներին»: 

Որքան հակիրճ և անկեղծ է առաջնորդի խոսքը, այնքան ավելի ներգործուն և ազդեցիկ է այն: Խրուշչովի ելույթների միջին տևողությունը 2–3 ժամ էր: Որքան ցածր են երկրի քաղաքական և տնտեսական ներուժը, այնքան զարգացման հեռանկարները հեռու են իրական հնարավորություններից, իսկ ղեկավարների քաղաքական ելույթները և խոստումները երկարաշունչ են, ոչ համոզիչ: Նման ոճը հատուկ է ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարների նախընտրական արշավներին. մարդկանց խոստանում են, որ մեկ օր անց նրանք կարթնանան բոլորովին նոր` դրախտային երկրում: Այստեղ նախագահության թեկնածուներն այնպիսի շողշողուն հեռանկարներ են նախագծում ընտրողների համար, որոնց համեմատությամբ Թոմաս Մորի «Ուտոպիայի» դրախտային կղզին կարող է դժոխք թվալ: Այսօրվա քաղաքական առաջնորդներից շատերին հասու չէ Նիկոլայ Բերդյաևի այն միտքը, թե ոչ մի կառավարություն չի կարող դրախտ կառուցել: Սեփական ժողովրդի համար չստեղծել դժոխք` արդեն իսկ մեծ գործ է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ավերված էր, և առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերը քաղցած ընտրողներին ասում է. «Ես ձեզ կարագ ու հաց չեմ խոստանում: Դուք ձեր աշխատանքով ինքներդ պետք է դրանք ապահովեք»: 

Նման խոսքերը շատ ավելի ընկալելի են և զգաստացնող, քան դատարկ խոստումները: Տաղանդավոր գործիչները խոսել են ոչ միայն գեղեցիկ, հակիրճ և պատկերավոր, այլև գրել են նույն կերպ: Խոսքը հոգեբանական նուրբ ու բարդ երևույթ է` պայմանավորված մարդու ընդհանուր կուլտուրայով, կյանքի փորձով և գիտելիքներով: Լեզուն մարդու մտածողություն է, նրա հոգեկան կերտվածքի, բնավորության և բարոյահոգեբանական վիճակի բարոմետրը: Ֆրանսիացի մտածող Ժորժ Բյուֆոնը պատահական չի ասել, որ մարդն ինքը իր ոճն է:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1686 reads | 25.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com