ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ «ՕԿՈՒՊԱՑՐԵՑ» ՉԻՆԱՍՏԱՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Գոյություն ունի ոսկե օրենք. թարգմանիչը ճշգրտորեն լեզվից լեզու է փոխանցում գրավոր կամ բանավոր խոսքը: Ոչ մի քայլ` այս կամ այն կողմ: Սակայն կյանքը մտցնում է իր ուղղումները, և լինում են դեպքեր, երբ թարգմանիչը միանգամայն հակառակն է ասում, որը լիովին արդարացված է:

Այսպես` ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանում է պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի նախագահ Կիրիլ Սկաչկովի գլխավորությամբ:

Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինքնաթիռից իջնելուց հետո` մինչև մեկնելը, ինչպես ռուսներն են ասում` «չէր չորանում», այսինքն` խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած նրա համար գրված տեքստին, նա սկսում է այսպես.
– Սիրելի թուրք բարեկամնե՜ր:

Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը, (տարիներ անց նա դարձավ ՌԴ-ի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետև նշանակվեց փոխարտգործնախարար, իսկ ներկայումս ՌԴ-ի դեսպանն է Լոնդոնում):

– Սիրելի ալժիրցի բարեկամներ,– թարգմանում է Ֆեդոտովը:
Արարողությանը ներկա բազմաթիվ ալժիրցիներ, որ խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել: Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է.
– Սիրելի թուրք բարեկամնե՜ր, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը:
– Սիրելի ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,– թարգմանում է Ֆեդոտովը:

Ծիծաղը սաստկանում է:

Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Վասիլի Ռիկովը արմունկով հրում է նրան.
– Լսիր, դու Ալժիրում ես, սրանք էլ թուրքեր չեն:
– Մեղա քեզ, Տեր, ուրեմն սրանք թուրքեր չեն (Ой, батюшки, оказывается они не турки!),–
բացականչում է բանախոսը:

Սկաչկովի «ռեկորդը» ավելի ուշ կրկնել է Բրեժնևը՝ Բաքվում:

…Ֆրանսիացիների լեզուն հոյակապ է, հարուստ, մեղեդային, ճկուն: Բայց արի ու տես, որ նրանք չունեն «չ» հնչյունը և տառը, ուստի հնչյունն արտասանելու համար միացնում են երեք տառ` «tch»: Սակայն, բոլոր դեպքերում, լինելով պահպանողական և մի քիչ էլ մեծամիտ, ես կասեի` մի քիչ էլ անընդունակ այլ լեզուների մեջ, «չ» պարունակող օտար բառերում ֆրանսիացին այդ հնչյունն արտասանում է «շ»:

Այս քարացած սովորույթը մի օր պատճառ դարձավ դիվանագիտական սկանդալի, երբ թուրքական պատվիրակության հայտարարության մեջ նշված հնչյունաբանության ազդեցությամբ կամ պարզապես թարգմանչի «թեթև ձեռքով» հայկական Լաչինը դարձավ Լա Շին, այսինքն` ոչ ավել, ոչ պակաս` Չինաստան:

Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից` ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից գրավման կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. «Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը»: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է.
– Hier l'Armée d'Arménie a` occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը):

Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները:

Թարգմանիչը հայտարարում է.
– Excusez-moi, s'il vous plait, ce m'est pas l'Armée d'Arménie, qui a occupée la Chine, c'est l'Armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը):
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
2057 reads | 21.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com