ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Այս խնդրով զբաղվում են բոլոր երկրների դիվանագիտական կրթական և հետազոտական հաստատությունները, պաշտպանում են ատենախոսություններ, գրում գրքեր և ուսումնական ձեռնարկներ:

Հիշատակենք միայն Լյուդովիկոս XIV-ի դեսպան Ֆրանսուա դը Կալյերի 1716 թվականին տպագրած «Տիրակալների հետ բանակցելու մեթոդները» հիմնարար աշխատությունը, որով 300 տարի դաստիարակվել են դիվանագետների սերունդներ: Այն այսօր էլ չի կորցրել իր թարմությունն ու այժմեականությունը և համարվում է անփոխարինելի ձեռնարկ դիվանագետներ պատրաստող բոլոր (բացի խորհրդայինից) դպրոցներում: «Սա բացառիկ, ներհուն, առ այսօր չգերազանցված աշխատություն է դիվանագիտության մասին գրված բոլոր գործերի մեջ»,– ասել է մեզ արդեն ծանոթ Հարոլդ Նիկոլսոնը:

Նման գնահատականները շատ են:

Դը Կալյերն իսկական բարեփոխիչ էր: Նա առաջինն էր, որ դիվանագիտությունն անվանեց գիտություն և արվեստ` հիմք ընդունելով բարոյականության բարձր արժեքները: Նա ժխտեց ստի և խաբեության սկզբունքների վրա կառուցված հունական ու հռոմեական դիվանագիտական դպրոցների ռացիոնալիզմը, ինչպես նաև Բյուզանդիայի և միջնադարի դիվանագիտության խորամանկ ու խարդախ մեթոդները:

«Դիվանագետը,– գրում է նա,– պետք է հիշի, որ վստահությունը ստեղծվում է թափանցիկ քաղաքականության հիման վրա: Նա պետք է բոլորի հետ կիսի ամեն մի ինֆորմացիա, բացառությամբ այն ինֆորմացիայի, որը թաքցնում է` ելնելով իր պետականության շահերից:

Լավ դիվանագետն իր առաքելության հաջողությունը երբեք կախման մեջ չի դնի ստից կամ խոստումից: Գոյություն ունի լայնորեն տարածված սխալ կարծիք, թե իբր խելացի դիվանագետը պետք է լինի խաբեության արվեստի վարպետ: Նենգությունը, որին դիմում է անձը իբրև միջոցի, ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա հայացքների խղճուկությունը: Դա ապացուցում է, որ տվյալ անձի ուղեղը բավականաչափ ճկուն չէ արդարությամբ և խելացիությամբ հաջողության հասնելու համար:

Ազնվություն դիվանագիտության մեջ և ամենուր. սա է ամենալավ քաղաքականությունը:

Սուտն իր հետևից միշտ թողնում է թույնի կաթիլներ, և անգամ ամենափայլուն խաբեությամբ ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները խարսխվում են խարխուլ հիմքերի վրա:

Խաբեությունը դիվանագիտության մեջ հղի է վտանգավոր հետևանքներով: Եվ ավելորդ է նշել, որ սուտն անհարիր է դեսպանի արժանապատվությանը և իրականում ավելի վնաս է բերում, քան օգուտ: Եթե սուտն այսօր անգամ խոստանում է հաջողություն, ապա վաղը այն ստեղծելու է կասկածամտության մթնոլորտ, որը ձախողելու է հետագա հաջողությունները: Այսպիսով` դիվանագետը պետք է լինի ուղղամիտ և ազնիվ մարդ, հակառակ դեպքում նրան չեն վստահի»:

Դը Կալյերը հատկապես խորհուրդ է տալիս զերծ մնալ «դիվանագիտական հաղթանակ» արտահայտությունից` բացատրելով դրա քաղաքական և հոգեբանական վտանգներն ու հետևանքները այն չարաշահողների համար: Երիցս համոզվում ես, որ ճշմարիտ են նրա խոսքերը, երբ հիշում ես նորանկախ երկրների դիվանագետների գործելակերպը: Նրանք տեղի-անտեղի թմբկահարում են իրենց դիվանագիտական հաղթանակները, որոնք իրականում գոյություն անգամ չունեն:

Դը Կալյերը մի ամբողջական փայլուն հայեցակարգ ունի օրինակելի դիվանագետի հատկանիշների վերաբերյալ: Անդրադառնանք մի քանիսին:
Լավ դիվանագետը պետք է ունենա սուր դիտողականություն և լինի ջանասեր: Նրա դատողությունները պետք է լինեն սթափ` իրականությունը տեսնելու, դեպի նպատակակետ ամենակարճ ու ամենահարմար ճանապարհով գնալու և այլ իրավիճակներում չմոլորվելու համար:

  • Լավ դիվանագետը պետք է լինի խորաթափանց, որը կօգնի նրան՝ գուշակելու զրուցակցի մտքերը` ամենաաննշան դիմախաղից անգամ:
  • Լավ դիվանագետը պետք է կարողանա արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված:
  • Լավ դիվանագետը պետք է կարողանա զսպել ասելիքը, քանի դեռ բավարար չափով ծանր ու թեթև չի արել այն: Նա կսխալվի, եթե չհասկանա, որ խորհրդավորության մթնոլորտը, որտեղ գաղտնիքները «սարքվում» են ոչնչից, իսկ աննշան մանրուքները ներկայացվում են որպես պետական կարևոր գործեր, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհեռատես մտքերի արգասիք:
  • Լավ դիվանագետը պետք է կարողանա պահել արժանապատվությունն անգամ այն դեպքերում, երբ դա շատ դժվար է: Քաջությունը նույնպես կարևոր հատկանիշ է, քանի որ երկչոտ մարդը երբեք հաջողության չի հասնի գաղտնի բանակցություններում:
  • Լավ դիվանագետը պետք է ունենա հանգիստ բնավորություն, բարեմտորեն ընդունի անգամ հիմարներին, խուսափի բարկության պոռթկումներից, երբեք չտրվի հարբեցողության և խաղամոլության:
Նրան պետք է խորթ լինեն դատարկ ժամանցներն ու թեթևսոլիկությունը:

Նա պետք է լինի կնամեծար, բայց ոչ կնամոլ:

Այսպես է ասել մեծն դը Կալյերը, XVIII դարավերջի մեծ հեղաբեկումների նախակարապետներից մեկը, առաջինը՝ դիվանագիտության ասպարեզում: Հիշենք և չմոռանանք:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1905 reads | 09.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com