ԻՆՉՊԵՍ ՃԱՊՈՆԻԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՎԵՐՋՆԱԳՐՈՎ ՀԱՐՁԱԿՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՎՐԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Անտակտությունն անհարիր է հատկապես դիվանագիտական էթիկային: Սակայն, չգիտես ինչու, Գերմանիայի Վիլհելմ II կայսրը կարծում էր, որ դա արիության նշան է: (Այսօրվա որոշ իշխանավորներ, հավանաբար, նման տիրակալներից են ժառանգել իրենց վարքագիծը): 1904 թվականի հունվարին նա ընդունում է Բելգիայի թագավոր Լեոպոլդին, իսկ երբ նրան ճանապարհում էր կայարան, որոշում է դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին դասախոսություն կարդալ արդեն պատկառելի տարիքի թագավորի համար: Կոպիտ տոնով և տիրակալներին ոչ վայել ձևով Վիլհելմը շան լափ է թափում խեղճ Լեոպոլդի գլխին: Հիշեցում է թագավորին նրա քաջ նախնիների` բուրգունդյան դքսերի մասին և արհամարհանքով նկատում, որ եթե Լեոպոլդը մի քիչ «courage», (ֆրանս.) (մեր խոսակցական լեզվով` «պլոճիկ») ունենար, ապա նա իր գայիսոնի տակ կառներ ֆրանսիական Ֆլանդրիան, Արտուան և Արդենները, այսինքն` կրկին կզավթեր այդ տարածքները:

Թագավորը, պատերազմի մտքից անգամ սարսափած, առարկում է` բելգիական կառավարությունը և պառլամենտը դեմ կլինեն: Այստեղ արդեն Վիլհելմը մի կողմ է նետում դիվանագիտությունը և սկսում գրեթե գոռալ հյուրի վրա, ասում, որ ինքը չի հարգում այն միապետներին, որոնք հաշվետու են իրենց նախարարներին և պառլամենտականներին, փոխանակ հաշվետու լինել միայն Տիրոջը: Իսկ վերջում, սպառնալով, թե ոչ ոքի թույլ չի տա իր հետ կատակել, զգուշացնում է. «Եվրոպական պատերազմի դեպքում ով որ ինձ հետ չլինի, կլինի իմ դեմ»:

Դիվանագիտական էթիկայի գրված և չգրված բոլոր կանոնները խախտած այս երկխոսությունն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը: Տասը տարի անց Գերմանիան զավթում է Բելգիան, իսկ կանցլեր Բետման-Հոլվեգը ռեյխստագում լկտիաբար հայտարարում է` «կարիքն արգելք չի ճանաչում»: Նույն օրը երեկոյան Անգլիայի դեսպանի հետ զրույցում կանցլերն արտասանում է իր հայտնի տխրահռչակ դարձվածքն այն մասին, որ միջազգային պայմանագրերից բխող Բելգիայի չեզոքության եղած-չեղածն ընդամենը «թղթի մի կտոր է»:

Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմը տանուլ տվեց և՜ ռազմական առումով, և՜ դիվանագիտական գետնի վրա: Պարտության պատճառներից մեկը, թեկուզ և ոչ գլխավոր, գերմանական դիվանագիտության ապաշնորհությունն էր, անճարակությունն ու ապիկարությունը, նաև Վիլհելմ կայսեր «ծանրակշիռ ավանդը»: Գերմանիայի անհարգալից, դիվանագիտական էթիկային անհարիր վերաբերմունքը Բելգիայի նկատմամբ «մկանային դիվանագիտության» դասական օրինակ է, որը կիրառվում է ավելի թույլ երկրի նկատմամբ: Սակայն նման հարաբերություններ կարող են լինել նաև հավասար ռազմարդյունաբերական ներուժի տեր երկրների միջև:

Առաջին աշխարհամարտում Գերմանիան կռվում էր Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) դեմ: Ճապոնիան բավական ուշ մտավ ռազմական թատերաբեմ: Գերմանիան կաշվից դուրս էր գալիս իր կողմը գրավելու համար մինչև ատամները զինված և կռվազան Քվանտունյան բանակը: Այդ օրերին ճապոնացի դեսպանն այցելում է արդեն մեզ ծանոթ Բետման-Հոլվեգին ու ճապոնական դիվանագիտության համար անսովոր կոպիտ ոճով պահանջում, որ «Կրուպ» ֆիրման դադարեցնի այլ երկրների պատվերների կատարումը և շտապ արտադրի «Վուլկան» հրանոթների զրահապատ վահաններ` Տոկիոյի համար: Հետո դեսպանը փոխում է տոնը և խորհրդավոր ժպիտով հայտնում, որ Ճապոնիան շուտով հարձակվելու է «մի խոշոր տերության» վրա, և մշուշապատ ակնարկում, որ խոսքը Ռուսաստանի մասին է:

Այդ խոսակցությունից հետո Ճապոնիայի պատվերն արագորեն կատարվում է: Հետո դեսպանը կրկին այցելում է արտգործնախարարին և կոպտորեն վերջնագիր ներկայացնում գերմանացիներին առ այն, որ նրանք «դուրս կորչեն, իրենց գրաված չինական տարածքից»: Ծանոթանալով վերջնագրի տեքստին` գերմանացիները ցնցվում են: Վերջնագիրը բառ առ բառ կրկնությունն էր այն նոտայի, որով Գերմանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան քսան տարի առաջ պարտադրել էին Տոկիոյին հրաժարվել Լյաոդունյան թերակղզուց, որը տրվել էր նրան` Չինաստանի հետ կնքած հաշտության պայմանագրով:

Բուդդայականություն դավանող ճապոնացիները հավանաբար կարդացել են Հին կտակարանը և ընդօրինակել «ակն ընդ ական» սկզբունքը: Իսկ երբ Ճապոնիան հարձակվում է Գերմանիայի վրա, Վիլհելմը, խախտելով արարողակարգը, պալատ է հրավիրում երկրից մեկնող Ճապոնիայի դեսպանին և կատաղած գոռում. «Դուք ինչպե՞ս համարձակվեցիք մեզ հավաստիացնել, որ հարձակվելու եք Ռուսաստանի վրա»: Դեսպանը ճապոնական կեղծ-զինաթափող ժպիտով հանգիստ պատասխանում է. «Ձերդ մեծություն, այո, ես ասել եմ, որ հարձակվելու ենք... մի խոշոր տերության վրա: Իսկ մի՞թե Գերմանիան դադարել է մեծ տերություն լինելուց»:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1156 reads | 01.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com