ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ` ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐՈՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Արտաքին գործերի երկու նախարարներ` Շառլ Մորիս դը Թալեյրան-Պերիգորը և Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն սահմանել են աշխատանքային ռեկորդներ` առաջինը` 21 տարի, երկրորդը` 28: Եթե աշխարհի բոլոր արտգործնախարարներին ընդգրկելու լինենք պայմանական դիվանագիտական կորպուսի մեջ, ապա Անդրեյ Անդրեևիչին կարելի է նշանակել այդ կորպուսի դուայեն, այսինքն` այդ ոչ պաշտոնական կառույցի ավագ` նկատի ունենալով նրա պաշտոնավարման երկարակեցությունը:

«Բրիտանիկա» հանրագիտարանը, որին հազիվ թե որևէ մեկն անվանի խորհրդայնամետ, նրան համարում է աշխարհի նշանավոր դիվանագետներից` որակելով որպես լավագույն բանակցողի: Գրոմիկոն, իրոք, երևույթ էր XX դարի միջազգային կյանքում: Նա պետությունների կեսդարյա դիվանագիտական պատմության անմիջական մասնակիցն է, «սառը պատերազմի» շրջանում ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերությունների բոլոր վերելքների և անկումների ականատեսը` ընդհուպ սոցիալիստական համակարգի փլուզումը և երկբևեռ սոցիալ-քաղաքական համակարգի վախճանը:

Գրոմիկոյին բնորոշ էին անսպառ էներգիան, անհավատալի աշխատունակությունն ու դիմացկունությունը, պրոֆեսիոնալիզմը, խոր գիտելիքները և արտակարգ հիշողությունը: Այս հատկությունները, որոնցով օժտված է եղել այդ ոչ սովորական գործիչը, ավա~ղ, խամրում են նրա հասցեին, իհարկե, մահից հետո, ասված ոչ հարգալից և բացասական գնահատականների կողքին: Նրա նախկին օգնական Անդրեյ Ալեքսանդրով-Ագենտովը, որ հետագայում եղավ ԽՍՀՄ կոմկուսի բոլոր գլխավոր քարտուղարների օգնականը, իր հուշերում նշում է, որ Գրոմիկոն մշտապես կարգապահ և լոյալ էր ղեկավարության նկատմամբ:

Նա միշտ ծայրահեղորեն զգույշ էր իր ձևակերպումների և արտահայտությունների մեջ, որը նրա քաղաքական երկարակեցության հիմնական գրավականն էր: Նա, օրինակ, իր աշխատողներին, որոնք զբաղվում էին Խրուշչովի թելադրած տեքստերի կամ այլ փաստաթղթերի մշակումով, արգելում էր բառ անգամ փոխել, չնայած դրանք լեցուն էին գրական, ոճական, քերականական սխալներով: Դա նրա քողարկված քծնանքի արտահայտություններից էր:

Հայտնի դիվանագետ Օլեգ Գրինևսկին «Խորհրդային դիվանագիտության գաղտնիքները» գրքում նրան անվանում է «դոգմատիկ ձևապաշտ Մոլոտովի ժառանգորդ»: Ըստ նրա` «Գրոմիկոն չուներ Ստալինի ճկունությունը և ոչ ստանդարտ մեթոդների դիմելու ունակությունը: Վատ տնտեսագետ էր, նրա դոկտորական ատենախոսությունը գրել են ուրիշները»: Իսկ արտգործնախարար Մաքսիմ Լիտվինովը Գրոմիկոյի նախարարություն գալու առթիվ գրել է` «դիվանագիտական աշխատանքի համար պիտանի չէ»: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Բեսսմերտնիխի կարծիքով` Ստալինը 34-ամյա անփորձ Գրոմիկոյին նշանակեց ԱՄՆ-ում դեսպան ոչ թե նրա արժանիքների համար, այլ «առաջնորդվելով ամերիկացիներին իր արհամարհանքը ցուցադրելու ցանկությամբ»:

Հայտնի է Նիկիտա Խրուշչովի տարօրինակ վերաբերմունքը դիվանագետների նկատմամբ: «Երկրի քաղաքականությունը որոշում է կոմկուսի կենտկոմը: Նշանակեք այդ պաշտոնին կոլխոզի նախագահի, նա կիրագործի այդ քաղաքականությունը»,– hայտարարել է երկրի առաջնորդը: Իսկ այն, ինչ ասել է նա Գրոմիկոյի մասին, արտառոց է անգամ Նիկիտա Սերգեևիչի «բարեկրթության» պարագայում. «Եթե ես հրամայեմ, որ նա շալվարը հանի և մերկ հետույքով նստի սառույցին և նստի մի ողջ ամիս, նա այդպես էլ կանի»:

Ըստ հայտնի կուսակցական գործիչ և դեսպան Վալենտին Ֆալինի, Գրոմիկոն կենդանական վախ է ունեցել Խրուշչովից: «Երբ նա գոռում էր նախարարի վրա,–վերհիշում է Ֆալինը,– վերջինս հազիվ էր արտաբերում` «այո, այո», «հասկացա», «կկատարվի»: Իսկ, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Խրուշչովը սկզբում բռունցքով, հետո կոշիկով թմբկահարել է ամբիոնը, Գրոմիկոն անմիջապես սկսել է եռանդագին խփել սեղանին: Հետո նա ժխտում էր այդ փաստը, սակայն կան լուսանկարներ և կինոկադրեր:

Գրոմիկոյի համար աքիլլեսյան գարշապար էր նաև նրա կինը, որն անհարկի խառնվում էր ամուսնու կադրային գործերին: Բացի այդ`բոլորին էր հայտնի, որ Լիդիա Դմիտրիևնան, մերօրյա արտահայտությամբ` կոռումպացված էր: ՊԱԿ-ի պաշտոնաթող գեներալ Վյաչեսլավ Կևորկովն իր հայտնի «Գաղտնի խողովակ» գրքում ասում է. «Հատկապես արդյունաբերական զարգացած երկրներում նրա (Գրոմիկոյի կնոջ - Ա. Ն.) արշավանքները խորհրդային դեսպանություններ, այդ ներկայացուցչությունների աշխատակիցները և նրանց ղեկավարներն ընկալում էին որպես տարերային աղետ, որը կարելի էր համեմատել միայն միջինասիական ագրարային հանրապետություններում երկար տարիների երաշտի և անբերրիության հետ»:

Տիկին Գրոմիկոյից հետո խորհրդային դիվանագիտական ներկայացուցչությունները երկար ժամանակ չէին կարողանում ծածկել իրենց բյուջեի ճեղքվածքը: Գրոմիկոն ուժեղ պրոֆեսիոնալ էր, բայց կնոջ կրնկի տակ էր: Նրա հաջորդը` Էդուարդ Շևարդնաձեն, թույլ դիվանագետ էր` սիրողական մակարդակի: Բայց կնոջը մոտ չէր թողնում կադրային գործերին, որը Սմոլենսկայա հրապարակում համարում էին նրա միակ առավելությունը` Անդրեյ Անդրեևիչի համեմատությամբ:

Գրոմիկոն, որին նախարարությունում անվանում էին Գրոմ (Որոտ), ենթակաների նկատմամբ հաճախ անտեղի խստությունների, իսկ արտասահմանում` Mister Net` կարծր և անզիջում դիրքորոշման համար, իրոք, բարդ կերպար էր: Նա տիպիկ խորհրդային քաղաքական գործիչ էր: 28 տարի Գրոմիկոն կարողացավ մնալ արտգործնախարարության ղեկին ոչ միայն ու ոչ այնքան իր ծառայությունների և անձնական արժանիքների, որքան այն հանգամանքի շնորհիվ, որ վերին աստիճանի հարմարվող էր, միշտ խուսափում էր որոշում կայացնելուց, աշխատում էր բռնել ուժեղի կողմը:

Գրոմիկոյին բնորոշող միջադեպ է պատմում ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի միջազգային բաժնի վարիչի նախկին առաջին տեղակալ, Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Կարեն Բրուտենցը` վերջերս հրատարակած իր հիշողություններում:

1985 թվականին ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը քաղբյուրոյում հանդես է գալիս առաջարկությամբ` Ապրիլի 24-ը հանրապետությունում հայտարարել սգո օր և Մեծ եղեռնի 70-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար պատվիրակություններ հրավիրել Ադրբեջանից, Վրաստանից և Ռուսաստանից: Գրոմիկոն դեմ է քվեարկել: Առաջարկությունը չի ընդունվում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1585 reads | 13.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com