ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՆ ԱՆԶՈՐ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Դիվանագիտական էթիկետը միջազգային հարաբերություններում արարողակարգի բաղադրիչ է, որի արտահայտչաձևերը մշակվել, հղկվել են միջպետական կապերի զարգացման ընթացքում:

Արարողակարգային համընդհանուր կանոններին ամեն մի էթնոս, միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ ավելացնում է իր նրբերանգը, իր ձեռագիրը, որը բխում է նրա պատմական ավանդույթներից, ազգային առանձնահատկություններից և էթնոհոգեբանական հատկանիշներից: Սակայն ինչպիսի հասարակարգ, ինչպիսի պետական համակարգ էլ որ ներկայացնի դիվանագիտական ծառայությունը, դրանք կիրառում է բանական մարդը (homo sapines)` իր բոլոր թուլություններով հանդերձ: Իսկ այդ թուլությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ հայտնվում է բնության այն հրաշալիքի դեմ հանդիման, որի անունը Գեղեցկություն է, հատկապես՝ կնոջ Գեղեցկություն:

Հանդիպելով գեղեցիկ կնոջ` պետական այրերն ակամայից խախտում են էթիկետը կամ շեղվում են դրանից` առաջին հերթին` իրենց, հետո դիմացինին հաճույք պատճառելու համար:

…Եվրոպայի ամենահին պետական կառույցներից մեկը` Վատիկանը, հայտնի է գրեթե նմանը չունեցող դիվանագիտական խստագույն արարողակարգով: Եվ երբ Ժակլին Քենեդին պետք է այցելեր Հռոմի պապին, Մոնտե Վատիկանոյի պալատում երկար քննարկում էին այն հարցը, թե նորին սրբությունն ինչպես է դիմելու ԱՄՆ-ի առաջին տիկնոջը` «նախագահի տիկին», «տիկին», թե «տիկին Քենեդի»: Իսկ երբ բացվում է սրահի դուռը, Իոհան XII-ը, տեսնելով հմայիչ կնոջը, մոռանում է ասելիքը: Նա արագ մոտենում, գրկում է նրան և շշնջում.
– Օ՛, Ժակլին:

Լինում են դեպքեր, երբ գեղեցիկ կանայք իրենք են անփույթ արարողակարգային կանոնների և էթիկետի նկատմամբ:

…1960-ականներին ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը հաճախ էր այցելում Երևան: Վոկալ կատարողական արվեստով առանձնապես չէր փայլում, սակայն նրան շատ էին սիրում երևանցիները, երիտասարդները` հատկապես: Կենսախինդ էր, հրապուրիչ, ազատամիտ… Այցելություններից մեկի ժամանակ նրան ընդունում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

Վեհափառը հարցնում է Ռոզիին.
– Աղջիկս, ինչպե՞ս դիմեմ քեզ՝ տիկի՞ն, թե՞ օրիորդ:
– Չեմ կըրնար ըսել, որ տիկին եմ, բայց շատ օրիորդ ալ չեմ,
– առանց աչքը թարթելու պատասխանում է երգչուհին:

Անցել է կես դար, սակայն Ռոզիի Էջմիածնում արտաբերած և անեկդոտ դարձած թևավոր խոսքն այսօր էլ դեռ հիշում են Երևանում...
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1150 reads | 09.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com