ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Դիվանագիտական հարաբերություններում անգնահատելի է խոսքի (բանավոր թե գրավոր) նշանակությունը: Այս բանը լավ են հասկացել դեռևս Հին Հունաստանի դասական դիվանագիտության նախահայրերը: Նրանք բարձր են գնահատել խոսքի արժեքը: Երկուս ու կես հազար տարի մեզանից առաջ աթենացի անվանի փիլիսոփա, հռետոր Դեմոսթենեսն ասել է. «Դեսպանները չունեն ո'չ ռազմանավեր, ո'չ ծանր հետևակ, ո՜չ էլ ամրոցներ: Նրանց զենքը խոսքն է»: Հելլենները շեշտել են նաև, որ դեսպանի խոսքը նրա խոսքը չէ, այլ իր պետության վերաբերմունքն է մեկ ուրիշ պետության նկատմամբ, նրա դիրքորոշումը միջազգային հարաբերություններում:

Այդպես է եղել հեռավոր անցյալում, այդպես է այսօր: Երկրի ղեկավարի և դեսպանի արտաբերած խոսքն արդեն իրենը չէ, այլ պետությանը: Վերջինս է պատասխանատու դրա համար: Եվ եթե խոսքն անհաջող է, դառնում է բումերանգ, հարվածում և անվանարկում է պետությանը:

1967 թվականին Իսրայելի` արաբական երկրների վրա հարձակման նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը հանդիսավոր հայտարարում է, որ պարտավորվում է պաշտպանել այդ տարածաշրջանի բոլոր երկրների քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Իսկ երբ Իսրայելը հարձակվում է Եգիպտոսի, Սիրիայի ու Հորդանանի վրա և բռնազավթում արաբների հողերը, Ամերիկան որդեգրում է երկիմաստ դիրքորոշում` պատճառաբանելով հակամարտության «նրբությունը»:

Նույնը կարելի է ասել ԽՍՀՄ-ի բոլոր ղեկավարների մասին, որոնք մերձավորարևելյան բոլոր պատերազմների ու բախումների ընթացքում հանդես էին գալիս դրանց խաղաղ կարգավորման օգտին, բայց իրականում զինում և օգնում էին արաբներին: Եվ այդպես` ողջ «սառը պատերազմի» տարիներին. ում հետ Վաշինգտոնն էր, Մոսկվան նրա դեմ էր, և հակառակը: Գերտերություններն ասում էին մի բան, անում այլ բան: Նրանց խոսքը շատ հաճախ հեռու էր իրենց քաղաքական քայլերից:

Որքան բարձր է քաղաքական գործչի կարգավիճակը, նույնքան ծանրակշիռ է նրա խոսքը, և նույնքան էլ խորն են դրա հետևանքները:

1967 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը, Կանադա պաշտոնական այցի ժամանակ, Մոնրեալի քաղաքապետարանի պատշգամբից ողջունելով բազմահազարանոց հավաքի մասնակիցներին, բացականչում է. «Կեցցե՛ ազատ Քվեբեկը»: Սա, փաստորեն, այդ նահանգը Կանադայից անջատելու Ֆրանսիայի կոչն էր: «Թխկենու տերևի երկիր» (Կանադան անվանվում է նաև այս կերպ) իշխանություններն անմիջապես հակադարձեցին. «Կանադան ազատագրվելու կարիք չունի»: Քվեբեկը մնաց Կանադայի կազմում, իսկ կանադա-ֆրանսիական հարաբերությունները երկար տարիներ մտան փակուղի:

Ասած խոսքը չհարգելու և դրժելու համար նույն Կանադան անարգանքի սյունին գամեց Հնդկաստանին: Ի՞նչ էր պատահել: Կանադան Հնդկաստանին տրամադրում է միջուկային վառելիք` պլուտոնիում, երկրում կառուցվող ատոմակայանի համար: Պրեմիեր-մինիստր Պիեռ Թրյուդոն խնդրում է Ինդիրա Գանդիին հավաստել, որ հնդիկները կանադական պլուտոնիումը չեն օգտագործի ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Գանդին երդմամբ հավաստիացնում է, որ դա բացառվում է: Որոշ ժամանակ անց Հնդկաստանը փորձարկում է միջուկային առաջին ռումբը, որը հաստատում են նաև հետախուզության տվյալները: Հարաբերությունները երկու պրեմիերների, հետևաբար` նրանց երկրների միջև կտրուկ սրվում են: Թրյուդոն չներեց Գանդիին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1200 reads | 24.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com