ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Դիվանագիտական ծառայության ընթացքում շտապելը հակացուցված է և հնարավոր է, որ վնասի բանակցային գործընթացին: 1982 թվականին խորհրդային և ամերիկյան առևտրական պատվիրակությունները տևականորեն բանակցում էին երկարաժամկետ և միլիոնների հասնող մի գործարքի շուրջ, որի համար Մոսկվան մեծապես շահագրգռված էր: Կողմերը սակարկում էին. դրանից էր կախված, թե ով ինչքան կշահի: Ռուս թարգմանիչը գիտեր իր պատվիրակության համար ընդունելի տարբերակը: Եվ երբ ամերիկյան պատվիրակությունն ասում է իր վերջնական խոսքը, նա ակամա բացականչում է. «Բայց դա նորմալ թիվ է»: Նա պարզապես չգիտեր, որ իր ղեկավարությունն ուներ ինֆորմացիա, համաձայն որի` ամերիկացիները պատրաստ էին ավելին զիջելու: Բայց արդեն ուշ էր: Ասվածն ասված էր: ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը, ընդունելով կամ ձևացնելով, թե ընդունում է, որ թարգմանիչն արտահայտում է իր ղեկավարի կարծիքը, ոտքի է կանգնում: Ռուսական պատվիրակության ղեկավարին ոչինչ չի մնում, քան նույնպես ոտքի կանգնել և սեղմել իրեն պարզված ձեռքը: Պայմանագիրը կնքում են: Թարգմանչին ազատում են աշխատանքից:

Տուժած թարգմանիչը հավանաբար անփորձ երիտասարդ էր: Մինչդեռ լինում են բացառություններ, երբ ոչ բավարար զսպվածություն և անհամբերություն են ցուցաբերում բանակցությունների ղեկավարը, քաղաքական գործիչը և դիվանագետը: Օտտո ֆոն Բիսմարկը պատմում է, որ երկարատև բանակցություններից հետո Անգլիայի արտգործնախարարը հանկարծ անսպասելի զիջումների է դիմում:

Բանակցությունների ավարտին, երբ փաստաթուղթն արդեն ստորագրված էր, տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը.
– Դուք ամենափայլուն, ամենահոյակապ բանակցային գործընկերն եք, որի հետ ես երբևիցե գործ եմ ունեցել: Ես խոնարհվում եմ ձեր իմաստության առաջ,– ասում է Բիսմարկը: Նախարարը հալվում է հաճույքից: Չէ՞ որ այդ հաճոյախոսությունն անում էր միջազգային մեծ հեղինակություն վայելող Երկաթե կանցլերը:
– Ճշմարի՞տ: Իրո՞ք: Իսկ ինչո՞ւ,– հարցնում է նա:
– Դուք շտապեցիք զիջել: Եթե Դուք դա չանեիք, ստիպված կլինեի զիջել ես,– պատասխանում է Բիսմարկը:


Ժամանակը դիվանագետի մշտական ուղեկիցն է: Այդ ուղեկիցը կարող է վտանգավոր լինել, եթե նա չունի ժամանակի ճիշտ զգացողություն, ես կասեի` «աչքաչափ»: Սակայն լինում են իրադարձությունների այնպիսի զարգացումներ, միջազգային հարաբերությունների և ուժերի այնպիսի դասավորություն, որ անգամ աշխարհի ուժեղներն անզոր են կանգնեցնելու կամ հետ պտտեցնելու ժամանակը:

1914 թվականի օգոստոսի 1-ին Գերմանիայի դեսպան կոմս Պուրտալեսն այցելում է ռուսաց արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովին և իր կառավարության անունից ներկայացնում վերջնագիր առ այն, որ եթե Ռուսաստանը քսանչորս ժամվա ընթացքում չզորացրի իր զինված ուժերը, ապա Գերմանիան կհայտարարի զորակոչ: Սազոնովի այն դիտողությանը, թե ասվածը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, դեսպանը պատասխանում է` ո՜չ, սակայն ավելացնում է, որ Գերմանիան և Ռուսաստանը մոտ են դրան: Նույն օրը դեսպանը կրկին այցելում է նախարարին: Վերջինս հայտնում է նրան. «Ես չեմ կարող ձեզ տալ այլ պատասխան» («Je n'ai pas d'autre reponse a` vous donner», ֆրանս.): Իսկ դա նշանակում էր, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել Գերմանիայի պահանջը: Այնժամ կոմսը հազիվ լսելի արտաբերում է. «Այդ դեպքում, պարոն նախարար, իմ կառավարության անունից ես լիազորված եմ հանձնել ձեզ այս նոտան» («Monsieur le ministre, je suis chargé par mon gouvernement de vous remettre cette note», ֆրանս.):

Այնուհետև, չկարողանալով թաքցնել հուզմունքը և ձեռքերի դողը, դեսպանը նախարարին է փոխանցում վերջնագրի տեքստը, որն ավարտվում էր այսպես. «Նորին մեծություն կայսրը` իմ օգոստոսափառ տիրակալը, կայսրության անունից իրեն համարում է պատերազմական իրավիճակում Ռուսաստանի հետ»:
Այսպիսով` քսանչորս ժամը չկարողացավ փրկել երկու տերություններին պատերազմի աղետից: Սակայն դիվանագիտական խաղերում շտապելը կամ չաճապարելը դոգմա չէ, ոչ էլ համադարման: Քաղաքական ճակատամարտերի բախտը հաճախ կախված է դիվանագիտական համակարգի արագ գործելու, տարածաշրջանում և միջազգային գետնի վրա կատարվող իրադարձություններին ժամանակին և ճիշտ արձագանքելու ունակությունից: Դիվանագետը, ինչպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը, պետք է ունենա արագ և համարժեք կողմնորոշվելու ունակություն: Եթե սուր, արտակարգ և ոչ ստանդարտ իրավիճակներում դիվանագիտությունն ուշանում է, ապա իրադրությունը շտկելը դառնում է խնդրահարույց, եթե ոչ՝ անհնար:

1983 թվականի սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ ռազմաօդային ուժերը վայր գցեցին հարավկորեական Բոինգ-707 մարդատար ինքնաթիռը: Զոհվեց 269 մարդ, այդ թվում` ԱՄՆ-ի կոնգրեսմեն և քաղաքացիներ: Պաշտոնական Մոսկվան լռեց հինգ երկար ու ձիգ օրեր: Հետո արեց անհեթեթ և անհամոզիչ հայտարարություններ: Պատասխանատվությունը փորձեց բարդել ԱՄՆ-ի վրա` մեղադրելով «լայները լրտեսական նպատակներով օգտագործելու համար»: Խորհրդային Միության հեղինակությունը կտրուկ ընկավ, և նա հայտնվեց քաղաքական փակուղում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խիստ սրվեցին: Ռեյգանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կտրուկ ավելացրեց երկրի ռազմական բյուջեն: Այս ամենին մեծապես նպաստեց ժամանակի կորուստը: Չնայած, անգամ եթե Մոսկվան անմիջապես ձեռնարկեր անհրաժեշտ քայլեր, միևնույն է, ողբերգությունն արդեն կատարվել էր, և հանցագործության ծանրությունը հազիվ թե դրանից թեթևանար:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1199 reads | 27.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com