ԽՍՀՄ ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ. ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏԱՆԱԼՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Փոքր ազգերին բնորոշ հատկանիշներից մեկն այս աշխարհի մեծություններին «իրենցով անելն է»: Սա «ձախության մանկական հիվանդություն» է: Թերևս` քրոնիկական: Եվ եթե միջազգային մրցույթ հայտարարվի, հայերս այդ պայքարում հաստատ կհայտնվենք մրցանակային տեղերում:
Մեր հայրենակիցները հայկական ծագում են վերագրում Շեքսպիրին, Նապոլեոնին, Գյոթեին, Գրիբոյեդովին և այլոց: Մինչդեռ շատերս անտեղյակ ենք մեր այն հայրենակիցների մասին, որոնցով իրավամբ կարելի է պարծենալ, որոնք կարող են պատիվ բերել յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի:

Խորհրդային դիվանագիտության և հետախուզության ոլորտներում մենք ունեցել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալների և հոյակապ մասնագետների մի ողջ համաստեղություն, որ ոսկե էջեր է գրել այդ դժվարագույն բնագավառների պատմության մեջ: Միջազգային մասշտաբի փայլուն հետախույզներ են եղել, օրինակ, Ալեքսանդր Աղայանցը, Իվան Աղայանցը, Միքայել Ալավերդովը, Աշոտ Հակոբյանը, Ստեփան Ապրեսյանը, Գերասիմ Բալասանովը, Հայկ Հովակիմյանը, Զոհրաբ Ղասաբյանը, Վյաչեսլավ Կևորկովը և տասնյակ ուրիշ հայտնի ու անհայտ անուններ: Այսօր դեռ կարող ենք հեռուստաէկրաններին տեսնել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս մոսկվաբնակ լուսահոգի Գևորգ Վարդանյանին և կնոջը` Գոհարին (նույնպես շքանշանակիր նախկին հետախույզ):

Իսկ ազգությամբ պարծեցող շատ հայեր գիտե՞ն արդյոք, որ խորհրդային հետախուզության կնքահայրը եղել է մեր հայրենակից Հակոբ (Յակով) Քրիստափորի Դավթյանը:

...1920 թվականի ապրիլի 20-ին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի, (ռուսերեն հապավումը` ՎՉԿ) նախագահ Ֆելիքս Ձերժինսկին ստորագրում է հայտնի N 169 հրամանագիրը` ՎՉԿ-ի հատուկ բաժինը լուծարելու և փոխարենն արտասահմանյան բաժին ստեղծելու մասին: Հրամանագրի 4-րդ կետով նորաստեղծ բաժնի պետ է նշանակվել Հակոբ Դավթյանը, չեկիստական ծածկանունը` Դավիդով: Ո՞վ էր երեսուներկուամյա ագուլիսցի այդ երիտասարդը, որին Երկաթյա Ֆելիքսը վստահել է հատուկ ծառայության ամենանուրբ և «ամենախելացի» օղակը, որը ղեկավարել կարող էր միայն բազմակողմանի զարգացած, մտավոր բարձր կարողություններով և վերլուծական եզակի ունակություններով օժտված մարդը: Նա ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան, սովորել Սանկտ Պետերբուրգի համալսարանում: Եղել է սոցիալ-դեմոկրատ: Ձերբակալվել է, իսկ ազատվելուց հետո մեկնել է Բելգիա` ուսանելու պոլիտեխնիկական համալսարանում: Այնտեղ նա ծանոթացել է նշանավոր Ինեսա Արմանդի հետ, այն Ինեսա Արմանդի, որը ռուսական հեղափոխության ամենախորհրդավոր ու հակասական դեմքերից էր, ժամանակի ամենաարտասովոր և հանրահայտ կանանցից: Այս կինը ճակատագրական դեր է խաղացել նրա կյանքում: Հոկտեմբերյան հեղափոխությունը ծնել է նշանավոր երեք կին` Լարիսա Ռայզներ, Ալեքսանդրա Կոլոնտայ (պրոֆեսիոնալ դիվանագետ) և Ինեսա Արմանդ: Եռյակը ֆեմինիստական շարժման ավանգարդում էր, պայքարում էր տղամարդու և կնոջ իրավահավասարության ու սեքսուալ ազատության համար: Նրանք առաջադրում են կանանց բուրժուական նախապաշարումներից և պայմանականություններից ազատելու հեղափոխական գաղափարը: «Կոմերիտուհու քնելը կոմերիտականի հետ պետք է նույնը լինի, ինչ մի բաժակ ջուր խմելը». սա էր ֆեմինիստների բարոյական կանխադրույթը: Սակայն Ինեսա Արմանդը պատմության մեջ է մտել հիմնականում ոչ թե իբրև ֆանատիկոս հեղափոխական ու ֆեմինիստական շարժման ջատագով, այլ որպես Լենինի պաշտոնական սիրուհի: Այն առումով պաշտոնական, որ ոչ ոք դրանից գաղտնիք չէր «սարքում»: Ինքը՝ առաջնորդը, և նրա հավատարիմ կինը` Նադեժդա Կրուպսկայան, նույնպես: Ինեսան Ուլյանովների եռանկյան մշտական` երրորդ կետն էր:

Արդ, ի՞նչն էր կապել Դավթյանին այդ կնոջ հետ: Եվ արդյո՞ք այդ կապը զուտ գործնական էր: Աղքատիկ աղբյուրները ոչինչ չեն ասում այդ մասին: Հատուկ ծառայությունների վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ Լեոնիդ Մլեչինը՝ նույնպես: Բելգիայում Դավթյանին ձերբակալել են երկիրը նվաճած գերմանացիները: Ազատվել է Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ադոլֆ Իոֆֆեի միջնորդությամբ, որի թիկունքից երևում է Ինեսա Արմանդի սիրունիկ դեմքը: Նրանց ճանապարհներն այլևս չեն բաժանվել: 1919 թվականին Դավթյանը և Արմանդը Ռուսաստանի Կարմիր խաչի առաքելությամբ մեկնել են Փարիզ, որտեղ զբաղվել են ռուս զինվորների ու հատուկ կորպուսի՝ հայրենիք վերադառնալու խնդրով: Մեկ տարի անց Դավթյանը, կրկին Արմանդի երաշխավորությամբ, գործուղվել է Էստոնիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչություն, որտեղից վերադառնալուց հետո նշանակվել է արտաքին գործերի ժողկոմատի Մերձբալթյան երկրների և Լեհաստանի բաժնի վարիչ:

Հետո գալիս է Դավթյանի աստեղային ժամը. նա նշանակվում է առաջին սոցիալիստական պետության արտաքին հետախուզության պետ: Վստահաբար կարելի է ասել` առանց Լենինի միջամտության, որը ահռելի կայսրության տերն էր և գտնվում էր Ինեսայի հմայքի տակ, Ձերժինսկին նրան չէր նշանակի այդ պաշտոնում: Դառնալով երկրի N 1 լրտեսը` Դավթյանը շարունակել է դիվանագիտական աշխատանքը: Այն տարիներին դեսպանը պաշտոնապես կատարել է նաև արտաքին հետախուզության ռեզիդենտի պարտականությունները: Շենքերն էլ կողք կողքի էին` ՎՉԿ-ն` Լուբյանկայում, իսկ ՆԿԻԴ-ը` «Ռոսիա» ապահովագրական ընկերության տանը: Դիվանագետները չեկիստներին կատակով համարում էին «մոտ հարևաններ», և այդ անունը կպած է նրանց մինչ օրս:
Դավթյանը մշակել է արտասահմանյան երկրների բաժնի, այսինքն` արտաքին հետախուզության կանոնադրությունը, կառուցվածքը և կադրային քաղաքականությունը:

Հետո նա աշխատել է որպես լիազոր ներկայացուցիչ (դեսպան) Լիտվայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Հունաստանում և Լեհաստանում: Դավթյանը դիվանագիտական աշխատանքը միշտ համատեղել է հետախուզական գործունեության հետ: Նա հաջողությամբ զբաղվել է և քաղաքական վերլուծությամբ, և գործակալական ցանցի ստեղծմամբ, և լրտեսների հավաքագրումով: Տիրապետել է մի շարք լեզուների: Եղել է վերին աստիճանի համակրելի և բարեկիրթ: Ժամանակակիցների վկայությամբ` նա շահեկանորեն տարբերվել է խորհրդային մյուս ղեկավար աշխատողներից: Նա գեղեցիկ, բարձրահասակ, աչքի ընկող թուխ տղամարդ էր: Այս հանգամանքը նույնպես վերջին դերը չի խաղացել, որպեսզի մշտապես լիներ զգացմունքային Ինեսա Արմանդի տեսադաշտում…

1937 թվականի աշնանը Դավթյանին Լեհաստանից կանչել են Մոսկվա և ձերբակալել: Նրան մեղադրել են լեհական հետախուզության հետ համագործակցելու և խորհրդային դեսպանությունում աջտրոցկիստական կազմակերպություն ստեղծելու համար` ենթարկելով անասելի տանջանքների: Ներքին գործերի ժողկոմ Եժովը Ստալինին ուղարկել է հետևյալ գրությունը. «Դավթյանը տվեց լրացուցիչ ցուցմունք առ այն, որ 1937 թ. Փարիզում Անդրկովկասյան Ֆեդերացիայի ներկայացուցիչ Սիմոն Փիրումովը նրան ծանոթացրել է խոշոր նավթարդյունաբերող անգլիահպատակ Գալուստ Գյուլբենկյանի հետ, որը համաձայնության է եկել Դավթյանի հետ` անգլիացիների ղեկավարությամբ համատեղ աշխատանք իրագործել Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատելու ուղղությամբ»: Ասենք, որ Դավթյանը երբևէ Հայաստանը չէր տեսել…

1938 թվականի հունիսի 28-ին խորհրդային հետախուզության առաջին ղեկավարին գնդակահարեցին: Հակոբ Դավթյանին փոխարինել է Ռուբեն Պավելի Քաթանյանը, որն անվանի կուսակցական և պետական գործիչ էր: Ծնվել է Թիֆլիսում, ավարտել Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, հեղափոխությունից առաջ աշխատել է որպես դատապաշտպան: Հետախուզության ղեկավար նա եղավ կարճ ժամանակ, հետո ինքնակամ անցավ իրավաբանական աշխատանքի: Սակայն դա չփրկեց նրան: 1938 թվականին աքսորվեց: Վերադարձավ 17 տարի անց: 1956 թվականին արդարացվեց: Ապրեց ևս տասը տարի:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
2581 reads | 02.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com