ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇՓՈԹԵԼՈՒՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հոգեբանները պարզել են, որ մարդու ականջը շոյվում է իր անունը լսելիս, քանի որ հաստատում է տվյալ անձի ինքնությունը, ուրիշների կողմից իր անհատականությունը առանձնացելն ու ընդունելը, որոնք պակաս կարևոր չեն, քան գոյատևելու մյուս բնազդները: Նույն զգացողությունն է ունենում պետական անձը, երբ հնչեցնում կամ գրում են իր պետության անունը: Իսկ երբ դրանք սխալ են արտասանում կամ գրում, առաջանում է խոր ֆրուստրացիա և դժգոհության տհաճ զգացողություն: 

…1980-ականների սկզբներին ԽՍՀՄ-ը դիվանագիտական հարաբերություններ չուներ Հարավային Կորեայի հետ: Արտասահմանում խորհրդային ներկայացուցչություններին խստիվ պատվիրված էր արհամարhել հարավկորեացիներին, ընդունելությունների ժամանակ անտեսել նրանց և, ընդհակառակը, ուշադիր ու սիրալիր լինել հյուսիսկորեացիների նկատմամբ: Սենեգալն այն հազվագյուտ երկրներից էր, որն այն ժամանակ հարաբերություն ուներ երկու Կորեաների հետ: Այնպես որ Դաքարում աշխատող խորհրդային դիվանագետներին բախտ էր վիճակվել սեուլցիներին և փհենյանցիներին հաճախ տեսնել միատեղ` նույն միջոցառումներին: 

Եվ ահա Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված դիվանագիտական ընդունելության առթիվ հրավիրատոմսեր ուղարկելիս դեսպանության արարողակարգի պատասխանատուն` երիտասարդ և խոստումնալից դիվանագետ Վիկտոր Իվանովը, կոպիտ սխալ է անում. Հյուսիսային Կորեայի դեսպանի համար նախատեսված հրավիրատոմսի վրա գրում է Հարավային Կորեայի դեսպանի անունը` արտագրելով այն նախարարության պաշտոնական արարողակարգի գրքից: 

Տեղի ունեցավ սկանդալ, թեև կատարվածը գրոշ անգամ չարժեր: Հյուսիսային Կորեայի դեսպանը, որը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր և մինչև Դաքար գալը եղել էր կուսակցական ֆունկցիոներ, ոչ միայն չի մասնակցում դեսպանության միջոցառմանը, այլև երկու անգամ բողոքի նոտա է ուղարկում դեսպանություն` պահանջելով պատժել «երկու երկրների բարեկամության թշնամի արարողակարգի ղեկավարին»: 

Կորեացին, խորհրդային դեսպանի թյուրիմացության համար ներողություն հայցող նոտան ստանալով հանդերձ, տեղեկացնում է, որ կատարվածի մասին հայտնել է իր կառավարությանը, որպեսզի «հարցը քննարկվի Կրեմլի մակարդակով»: Դեսպան Յուրի Բելսկին, որը ոչ միայն պրոֆեսիոնալ էր, այլև բարի ու խոհեմ անձնավորություն, սահմանափակվում է Իվանովին նկատողություն հայտարարելով: Սակայն մինչև նրա վերջնական Մոսկվա մեկնելը, կիմիրսենական դեսպանը չի դադարեցնում իր դեմարշներն ու բողոքները ԽՍՀՄ-ի դեսպանության դեմ: 

…Եվրոպայի քարտեզի ձևափոխումից հետո դիվանագիտական արարողակարգային շփոթություններ են եղել Սլովակիայի և Սլովենիայի անվանումների շուրջ: Երբ 2002 թվականին վերջինիս նախագահ Միլանա Կուչանը ժամանել է Բուխարեստ, ռումիններն օդանավակայանում հյուրին դիմավորել են նրա երկրի դրոշով, բայց նվագախումբը կատարել է Սլովակիայի պետական օրհներգը` սկզբից մինչև վերջ: Երկու պետություններին միմյանց հետ շփոթել են բազմիցս` պետական, մարզական, մշակութային և միջազգային այլ միջոցառումների ընթացքում: Սլովեններն առանձնապես վրդովվել են, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը պաշտոնական արարողակարգի ժամանակ Սլովենիայի պրեմիեր-մինիստր Յանեզա Դրնովիչին դիմել է. «Սլովակիայի մեծարգո առաջնորդ» խոսքերով:

…Նման մի դեպք էլ պատահել է Հայաստանի դեսպանի հետ, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբի և ոչ հրապարակայնորեն: Հավատարմագրերն Ավստրիայի նախագահ Թոմաս Քլեսթիլին հանձնելուց մի քանի օր անց դեսպանը մի հարցով զանգահարում է արտգործնախարարություն. 

– Ես Հայաստանի դեսպանն եմ (I am the Armenian ambassador),–ներկայանում է նա:
– Ալբանիայի՞ դեսպանը (Albanian ambassador?),– հարցնում է պաշտոնյան:
– Ո՜չ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, I am the Armenian ambassador),–կրկնում է դեսպանը:
– Դուք Ռումինիայի՞ դեսպանն եք (Are you Romanian ambassador?),–զարմանալի բթամտություն են ցուցաբերում լարի մյուս ծայրում:
– Ոչ, ոչ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, no, I am the Armenian ambassador),– ոչ պակաս զարմանալի համառությամբ երրորդ անգամ կրկնում է մեր դեսպանը` վիրավորված հոգու խորքում, որ ավստրոհունգարական կայսրության ժառանգորդները պատկերացում անգամ չունեն իր հինավուրց ժողովրդի մասին: 

Հետո դեսպանը փորձում է ավելի մատչելի և կատակի ձևով լուծել հարցը:
– Թույլ տվեք հեգել, ինչպես տարրական դպրոցում,– ասում է նա և տառ առ տառ արտասանում,– Հ-ա-յ-կ-ա-կ-ա-ն:
– Օ՛, հասկացա, դուք Իրանի դեսպանն եք (Oh yes, I see, you are the Iranian ambassador),– հաղթականորեն եզրափակում է նախարարության չինովնիկը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1265 reads | 01.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com