ՎԵՐՋԱԲԱՆ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Ամենևին չհավակնելով երկրորդելու ականավոր ֆրանսիացու մտքերը, որի փորձն արդեն իսկ կլիներ դիվանագիտական էթիկայի խախտում, ընթերցողից բաժանվելուց առաջ կցանկանայի մի քանի միտք հայտնել` չհավակնելով որևէ առաքելության, և ոչ էլ դիվանագետի կոդեքսի հեղինակային իրավունքի:

– Դիվանագիտությունը գիտություն է, որի օրենքները գործում են ժամանակի և տարածության մեջ, անկախ այն բանից՝ համաձա՞յն են մարդիկ դրանց, թե՞ ոչ: Այնպես որ երկրի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար անհրաժեշտ է հինգ մատի նման իմանալ այդ օրենքները: Բացի այդ` դիվանագիտությունն ապրելակերպ է, երկրորդ բնավորություն, կյանքի ոճ, որի կանոնները յուրացնելու համար ժամանակ է պետք:

– Դիվանագիտությունը հոգեկերտվածք է, աշխարհընկալում:

– Դիվանագիտությունը մասնագիտություն է, որն ընտրում են մեկ անգամ և ընդմիշտ: Այն չեն թողնում, չեն փոխում, դրան չեն դավաճանում: Այն միշտ քեզ հետ է, եթե անգամ պաշտոնաթող դիվանագետ ես: Նախկին դիվանագետ չի լինում:

– Դիվանագիտությունը, ինչպես յուրաքանչյուր այլ մասնագիտություն, մերժում է դիլետանտությունը:
 
– Դիվանագետը զինվոր է, որին վստահված է իր երկրի խաղաղության և բարօրութան սուրբ գործը:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ պրոֆեսիոնալ դիվանագետ դառնալու համար`

– ունենալ առողջ հոգի` առողջ մարմնի մեջ, լինել ուժեղ, զուսպ, սառնարյուն (բոլոր իրադրություններում), անսահման համբերատար,

– դիմացինին երբեք չվիրավորել, «չքշել» անկյուն, այլ ամեն կերպ օգնել նրան, որպեսզի նա չկորցնի արժանապատվությունը և հեղինակությունը,

– հիշել դիվանագիտության «ոսկե օրենքը»` պարտված կողմը շատ ավելի վտանգավոր է, քան փոխզիջման ճանապարհով համաձայնության եկած հակառակորդը,

– չստել և ճշմարտությունը չաղավաղել: Խաբել չի կարելի. կարելի է ողջ ճշմարտությունը չասել,

– կարողանալ անհրաժեշտության դեպքում ժպտալ, լինել մեղմ, քաղաքավարի, սիրալիր, բարեկիրթ, պահել վարվեցողության վայելչությունը, տակտն ու չափը,

– խուսափել վերին աստիճանի ընդգծված քաղաքավարի երևալուց, զրույցի ընթացքում անընդհատ կրկնվող ներողություններից, որը կարող է թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն: Հարգիր ինքդ քեզ, որ ուրիշները հարգեն քեզ,

– խուսափել այնպիսի որոգայթներից, ինչպիսիք են մարդկանց քննադատելը, սեփական կարծիքը պարտադրելը, «առատորեն» խորհուրդներ և կյանքի դասեր տալը,

– ընդունել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան,

– հնարավորինս շատ և հաճախ ասել «այո», քան «ոչ»: Հիշել` «ոչ»-ն առաջացնում է դիմադարձություն և ի վերջո հաղորդակցության խզում,
 
– հեռու մնալ սնապարծությունից և գոռոզամտությունից, լինել համեստ, չներփակվել, չմեծամտանալ ու չկորցնել պարկեշտությունը, հատկապես եթե հասել եք դեսպանի բարձր աստիճանի ու կոչման,

– չձգտել ամեն կերպ երևալ խելացի ու համակրելի,

– չքծնել, չսեթևեթել, չկոտրատվել,

– չչարաշահել ուրիշներից փոխառնված մտքերը, թևավոր խոսքերը և նեղ մասնագիտական տերմինները: Ասվածը անտեսողները դիվանագիտական կորպուսում ունեն «ծակ փիլիսոփայի» և «դուրսպրծուկի» համբավ,

– լինել «միամիտ աղավնիների նման», բայց միաժամանակ` «խորագետ օձերի պես», ինչպես Հիսուսն է ասել,

– ոչ ոքի ու ոչինչ չիդեալականացնել, չգերագնահատել կամ չթերագնահատել: Անսխալական միայն Բարձրյալն է,

– նկատի ունենալ, որ բարդ, անբնական, անզուսպ լինելը գեղեցիկ և հաճելի չէ: Ինչպես նաև տհաճ է վատ կամ տխուր տրամադրությունը պարտադրելը,

– չխոսել անձնական հիվանդություններից և դժվարություններից, չգանգատվել կյանքից ու բախտից,

– չշաղակրատել և ուշադիր լսել զրուցակցին: Եթե հնարավորություն ընձեռեք նրան արտահայտվելու և խոսելու, ելնելով այն բանից որ «պահանջված» և «կարևորված» լինելն անձի ամենամեծ ցանկություններից են, դուք միայն կշահեք,

– նայել աշխարհին դիմացինի աչքերով, ապրումակցել նրա հետ, հասկանալ, որ ուրիշը դու ես: Այդ դեպքում փոխըմբռնման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա,

– երբեք ու երբեք իրեն դիմացինից ավելի խելոք չկարծել և նրան հիմարի տեղ չդնել: Եթե մոռացաք դիվանագիտության նաև այս «ոսկե օրենքը», կհայտնվեք ծուղակում և տանուլ կտաք, և վերջինը`

– չմոռանալ, որ վրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի` նրա ներկայացրած երկրին: Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է: Երկուսն էլ սխալվում են միայն մեկ անգամ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
4208 reads | 20.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com